Ազգային ժողովի ցույցն ու ոստիկանության գործողությունները․ ինչ է ասում օրենքը

The police blocked the way of the participants of the ‘Tavush for the Motherland’ movement to the National Assembly building

Գևորգ Թոսունյան

Հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, տեղի ունեցան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու ոստիկանների միջև առ այսօր ամենալայնածավալ բախումները։

Առողջապահության նախարարության հունիսի 13-ի առավոտյան տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս բախումներին, հայտարարել է, թե «ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ»։

Բախումները մեկնարկեցին Ազգային ժողովում ընթացող կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ, երբ ԱԺ-ի ներսում իրավիճակը լարվեց ու տեղի ունեցավ քաշքշուկ։

Այդ ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ «Ազգային ժողովի ներսում բախումներ են գնում»։ Այնուհետև նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները գնում են խորհդարան։ Մի քանի վայրկյան անց Բագրատ սրբազանը պնդեց, որ «պատգամավորներին չեն թողնում անցնել»։ Այդ պահից սկսած ցուցարարները սկսեցին սուլել, հետո իրավիճակը լարվեց, բայց սրբազանը հորդորում էր շշեր չնետել ոստիկանների ուղղությամբ։

Մի քանի րոպե տևած քաշքշուկից հետո ցուցարարներին հաջողվեց բացել Սիրահարների զբոսայգու դարպասներն ու ներս մտնել։ Զբոսայգու ներսում կարմիր բերետավորների հետ բախումներ տեղի ունեցան։

ԱԺ մուտք գործելու պատգամավորների փորձից մոտ 17 րոպե անց ոստիկանությունը կիրառեց առաջին լուսաձայնային նռնակը, ընդ որում, ըստ կադրերի, այն կիրառվում էր Սիրահարների զբոսայգու ներսի հատվածում՝ դարպասներին մոտ, որտեղ մարդիկ էին, հետո նորից նույն հատվածում լուսաձայնային նռնակ պայթեց:

ՍիվիլՆեթն, աշխատելով տեղում և ավելի ուշ ուսումնասիրելով տեսանյութերը, արձանագրեց առնվազն 21 պայթուն, ընդ որում, դրանցից չորսը տարբեր ուժգնությամբ պայթեցին հենց Սիրահարների զբոսայգու դարպասների մոտ։

Առնվազն հինգ լուսաձայնային նռնակի պայթյուն արձանագրվել է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, այսինքն՝ այն հատվածում, որտեղ ի սկզբանե կենտրոնացված են եղել քաղաքացիները։

Ինչ է ասում օրենքը

Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողը պետք է առաջնորդվի՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

Այդուհանդերձ օրենքի 29-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է»:

Ոստիկանությունը Բաղրամյանի ցույցերի ժամանակ՝ հատուկ գործողությունը սկսելուց առաջ, բարձրախոսով չի նախազգուշացրել դրա մասին, ինչպես նաև բավարար ժամանակ չի տրամադրել ցուցարարներին այդ պահանջը կատարելու համար։

Ուշագրավ է, որ սրան նախորդող ցույցերին ոստիկանությունը պարբերաբար բանակցում էր ցույցի կազմակերպիչների հետ։ Մինչդեռ այս անգամ դրսևորվել է տրամագծորեն հակառակ վարքագիծ։ Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ «ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով»։

Ըստ օրենքի 31-րդ հոդվածի ոստիկանությունը իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել՝ «քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս»։

Ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցների կիրառումը օրենքը ապահովում է նույն հոդվածով սահմանված 4 իրավիճակներում՝

  1. Քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս,
  2. Հասարակական կարգի պահպանության՝ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս,
  3. Երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ,
  4. Զավթված շենք շինություններ, առևանգված մարդկանց ազատելիս,
  5. Տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս։

ՀՀ ոստիկանության պետի 2009-ի թիվ 5-Ն որոշման համաձայն (հրամանը գործող է)՝ ոստիկանության զորքերն ունեն ինչպես լուսաձայնային փամփուշտներ, այնպես էլ նռնակներ կիրառելու իրավասություն։

Նռնակները 5 տեսակի են, այդ թվում՝ «Զարյա» լուսաձայնային նռնակը, որը կիրառվել է երեկվա ցույցերի ժամանակ։ Որոշման մեջ նշված է՝ ինչպես «Զարյա» լուսաձայնային նռնակը, այնպես էլ ևս երեքը («Ֆակել», «Ֆակել-Ս», «Սվիրել») «բեկորային վնասվածքներ չեն պատճառում»։

Կադրերից հստակ երևում է, որ նռնակները կիրառվում են մարդկանց մեջ, այդ թվում՝ ոստիկանական զորքերին շատ մոտ հեռավորության վրա։ Այսինքն՝ հատուկ միջոցները օգտագործելիս իրավապահները խախտել են անվտանգ տարածությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2012-ին 09-Ն հրամանի համաձայն՝ ««Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ գործարկումը միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա»։ Այս նորմը գործում է նաև մյուս լուսաձայնային նռնակների կիրառման դեպքում։

Ըստ հրամանի՝ պայթուցիկ նյութերի թույլատրելի չափանիշն է՝ «ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը»։ Այս նորմը ևս չի պահպանվել՝ նռնակները կիրառվել են նույն ազդեցության գոտում։

Լուսաձայնային նռնակների կիրառման պրակտիկան Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք

2018-ի մայիսից, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, լուսաձայնային նռնակներ մինչև 2020-ի պատերազմը չեն կիրառվել ցուցարարների նկատմամբ, եղել է միայն ֆիզիկական ուժի գործադրում։

Լուսաձայնային նռնակներ ոստիկանությունը կիրառեց 2022-ի հունիսի 3-ին՝ «Դիմադրություն» շարժման ցույցերից մեկի ժամանակ՝ կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում, այնուհետև նման նռնակներ կիրառվեցին 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ Այս երկու դեպքում, սակայն, մինչև տասը նռնակ էր կիրառվել, մինչդեռ Բաղրամյան պողոտայում դրանց թիվը զգալիորեն շատ էր։

Լևոն Երանոսյանի դատը և լուսաձայնային նռնակները

Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 3-ին, առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին՝ 2018-ի հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել էր այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Երանոսյանի գործողություններն, ըստ մեղադրանքի, տեղ էին գտել 2018-ի ապրիլի 16-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փշալարերի վրայով գնաց ԱԺ, ինչպես նաև Արցախի փողոցում՝ ապրիլի 22-ին, երբ ոտիկանությունը Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների երթի դեմ կիրառեց բիրտ ուժ, լուսաձայնային նռնակներ։

Մեկնաբանել