Հայաստանում քաղաքացիական հասարակության առնվազն մի հատվածը ազնիվ չէ

Դասական սահմանումն ասում է, որ քաղաքացիական հասարակությունը կառավարությունից և բիզնեսից անդին գործող երրորդ հատվածն է, կազմակերպությունների, հաստատությունների և միությունների համախումբը, որոնք ներկայացնում են քաղաքացիների շահերը, արժեքները և կամքը: Ոչ կառավարական կազմակերպությունների, համայնքային խմբերի, արհմիությունների, բարեգործական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների ու շահերի պաշտպանության այլ խմբերի այս համախումբը վճռորոշ դեր է խաղում ժողովրդավարական մասնակցության խթանման, իշխանություններին պատասխանատու պահելու և սոցիալական համախմբվածության ու արդարության խթանման գործում:

Հիմա գանք Հայաստան, մեր օրեր։

Հունիսի 12-ին ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ, բազմաթիվ ցուցարարներ ու լրագրողներ վնասվածքներ են ստանում։ Այդ նույն ընթացքում Ազգային ժողովում վարչապետը խրախուսում է խոստանում այն ոստիկաններին, որոնք «առավել սկզբունքային» կկատարեն իրենց գործը։ Այլ կերպ ասած՝ «տղե՛րք, տվեք ջարդեք, պարգևավճար ու առաջխաղացում կունենաք»։

Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ շտապում են հայտարարել, թե ոստիկանության կիրառած ուժը համաչափ էր, որ սադրել են հենց իրենք՝ ցուցարարները, որոնց նրանք ամբոխ են կոչում։ Այս մարդիկ, ըստ էության, փոխանակ կատարելու կառավարությանը հաշվետու պահելու քաղաքացիական հասարակության անկյունաքարային գործառույթը, պաշտպանում են ոստիկանության գործողությունները։ Եթե անգամ, ինչպես իրենք են պնդում, սադրել են ցուցարարները, պետությունը ունի իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու բոլոր միջոցները՝ դատախազություն, իրավապահ մարմիններ, ԱԱԾ և այլն, և այլն։ Ձեր ի՞նչ գործն է կառավարությանը պաշտպանելը։

Բայց այստեղ գալիս ենք մեկ այլ սկզբունքային հարցի՝ Հայաստանում ինստիտուցիոնալ քաղաքացիական հասարակությունը երկփեղկված է։ ՀԿ-ների ու նրանց ղեկավարների մի ստվար հատված, որ պետք է լինեին իրավապաշտպան գծում ու շարունակեին կառավարության watchdog-ի իրենց գործառույթը, դարձել են գործող իշխանության խամաճիկներ ու իրենց ՀԿ-ները վերածել են յուրատեսակ բիզնեսի։ Նրանք կառավարությանը կարող են երբեմն թեթև խայթել՝ ֆոն ապահովելու համար, սակայն գոյութենական հարցերում միշտ նրա հետ են։

Եթե չեմ նկատել, հիշեցրե՛ք, խնդրեմ, թե իրավապաշտպան կամ քաղաքացիական հասարակության ինչ կամ քանի կազմակերպություն քննադատեց ոստիկանության երեկվա գործողությունները։

Ինչևէ։

Այս հատվածում քարոզիչների մի մեծ խումբ կա, որոնք ներկայանում են որպես հանրային գործիչ կամ փորձագետ։ Նրանք ժամանակ առ ժամանակ օֆ դը ռեկորդ հանդիպումներ են ունենում երկրի ղեկավարների հետ ու արծարծված կամ հանձնարարված թեզերը հետո սկսում են տարածել իրենց կամ այլ լրատվամիջոցներով՝ որպես վերլուծաբան։ Սրանց հիմնական թեզը Ղարաբաղի կորուստը, Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային ձախողումները պարտակելն է ու դրանք բացառապես իշխանությունից դուրս գործոններով պայմանավորելը։ Գործող կառավարության հինգ տարիների քաղաքական սխալները լավագույն դեպքում ածանցվում են անցյալին (նախկինների հերն էլ այդտեղ անիծած)։

***

Արժեքներն ու սկզբունքները չեն կարող խտրական կիրառություն ունենալ։ Իսկական ժողովրդավարությունը հիմնվում է գլխավորապես ու առաջնապես արժեքների ու սկզբունքների վրա։ Այս կազմակերպություններին ու անհատներին աջակցողները որևէ պարագայում չեն աջակցում Հայաստանի ժողովրդավարությանը։ Այս մարդիկ վարկաբեկում են հենց քաղաքացիական հասարակությունը։

Վերջում ասեմ, որ Հայաստանում բարեբախտաբար կա ՀԿ-ների, անհատների, լրագրողների ու փորձագետների մեկ այլ խումբ, որոնք հավատարիմ են սկզբունքներին ու շարունակում են իրենց կարևոր գործը՝ երկրում իսկական ժողովրդավարություն ու արդարություն հաստատելու ուղղությամբ։

Մեկնաբանել