Զենքի գաղտնի գործարք, որի պատճառով Պուտինը կորցրեց դաշնակից Հայաստանին․ Politico


Ամերիկյան Politico պարբերականը, վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը, գրում է, որ Բելառուսը ժամանակակից զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև թե՛ Բելառուսը, թե՛ Հայաստանը ենթադրաբար դաշնակիցներ են եղել Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։

«Այդ փաստաթղթերը նոր լույս են սփռում այս շաբաթ Հայաստանի կայացրած որոշման վրա, որով երկիրը հայտարարեց, որ դուրս կգա ռազմական այս դաշինքից՝ դրամատիկ շրջադարձ, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրների շրջանում։

Տասնամյակներ անց, երբ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանը հույսը դնում էր Մոսկվայի վրա, այժմ գտնվում է դեպի Արևմուտք պատմական շրջադարձ կատարելու շեմին՝ պաշտպանվելու նպատակով էլ ավելի շատ հայացքն ուղղելով դեպի Եվրոպա և ՆԱՏՕ»,- գրում է պարբերականը:

Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը՝ 2018-ից 2022 թվականներին ժամանակակից տեխնիկա մատակարարել Ադրբեջանին, ինչը նրան առավելություն է տվել Հայաստանի հետ հակամարտության ընթացքում, «դառը դավաճանություն կդիտարկվի Հայաստանի կողմից», նշում է Politico-ն՝ հիշեցնելով, որ և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են, ինչը տեսականորեն ենթադրում է, որ պարտավոր են պաշտպանել միմյանց, եթե անդամներից որևէ մեկը հարձակման ենթարկվի այլ պետության կողմից (Ադրբեջանը դաշինքից դուրս է եկել 1999-ին)։

Պարբերականը նշում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանն սկսելու է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց՝ պնդելով, որ դաշինքի անդամները «չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, այլ Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ են ծրագրում»։

Այժմ, ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական ​​նոտաների, վաճառքի հաշիվ-ապրանքագրերի և արտահանման անձնագրերի մի ամբողջ հավաքածու, որը տեսել է Politico-ն, վկայում է, որ Բելառուսն ակտիվ աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառում էին ավելի հին հրետանային սարքավորումների արդիականացում և էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում:

«Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են հրետանին թիրախավորող նորագույն սարքավորումների պատվերներին՝ նախատեսված Ադրբեջանի համար, ինչպես նաև երկու պետությունների նամակագրությանը Ադրբեջանի զինված ուժերի համար դրոնների դեմ կիրառվող «Գրոզա-Ս» շարժական կայաններ գնելու համաձայնության մասին»,- գրում է Politico-ն՝ հավելելով, որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել մեկնաբանությունների իրենց խնդրանքներին։

Պարբերականը նաև պարզաբանում է, որ վերջին տարիներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև տեղի ունեցած մարտերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ընթացքում, լայնորեն օգտագործվել են հենց հրետանին և անօդաչու սարքերը։

Politico-ի տրամադրության տակ հայտնված դիվանագիտական ​​գրագրություններից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի ապաօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում» այդ երկիր:

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը հաստատել է, որ արտահոսած փաստաթղթերը վերաբերում են ռազմական տեխնիկային, որն Ադրբեջանը կիրառել է ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հենց Հայաստանի Հանրապետության դեմ վերջին պատերազմների ժամանակ։

«Այդ տեխնիկան կործանարար ազդեցությամբ օգտագործվել է հայկական զորքերի դեմ և տրամադրվել է մի երկրի կողմից, որը ենթադրաբար Հայաստանի դաշնակիցն է,- ասել է նա,- Ֆորմալ առումով դա ՀԱՊԿ դաշինքի կանոնադրության ամբողջական խախտում է, բայց գործնականում մենք միշտ իմացել ենք, որ դաշինքն ավելի շատ աջակցում է Ադրբեջանին»:

«Չնայած թղթի վրա Հայաստանի դաշնակից լինելուն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որակել էր որպես «մեր մարդը» և ասել, որ «սխալ» կլինի, որ ՀԱՊԿ-ն ընդդիմանա նրան: Ալիևն իր հերթին 2022-ին ասել էր, որ «ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»»,- գրում է թերթը։

Politico-ն վկայակոչում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի հետազոտող Իվանա Ստրադներին, որի կարծիքով, Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկը համարվող Բելառուսը` դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության: «Սա իսկապես ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի նման ընկերներ ունեցողը թշնամիներ ունենալու կարիք չունի»,- ասել Ստրադները։

«Ծիծաղելի է կարծել, որ այդ մատակարարումները կարող էին իրականացվել առանց Մոսկվայի իմացության, և որ Ռուսաստանը չէր կարող դադարեցնել դրանք, եթե ցանկանար,- հավելել է նա։- Չկա հավատարմություն, երբ խոսքը վերաբերում է Մոսկվային, նրանց համար ամեն բան կապված է սեփական անվտանգությունը պահպանելու հետ, նույնիսկ եթե դա իրենց դաշնակիցների հաշվին է արվում»:

Պարբերականը վերջում նշում է, որ Բելառուսը Հայաստանի դեսպանին հինգշաբթի հրավիրել է ԱԳՆ այն բանից հետո, երբ դրա նախորդ օրը Փաշինյանը մեղադրանքներ էր հնչեցրել Բելառուսի հասցեին։ Ավելի ուշ երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին։

Մեկնաբանել