Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի կարգն ընդունվեց

Կառավարության հունիսի 14-ի նիստին հաստատվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը, իսկ վաղվանից կմեկնարկի ծրագրի առաջին բաղադրիչը։

Ծրագիրը ֆինանսավորվելու է երեք փուլերով՝ ըստ արդեն իսկ հաստատված ժամանակացույցի։ Առաջին փուլը, մասնավորապես, ունենալու է երեք բաղադրիչ` բնակարանի կամ տան ձեռք բերում, բնակելի տան կառուցում և հիփոթեքային վարկի մարում։ Ընդ որում՝ այս փուլում առաջնահերթություն է սահմանվել երկու և ավելի անչափահաս երեխաներ, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անդամով ընտանիքներին։ Այս բաղադրիչները հերթականությամբ կսկսեն գործել հունիսի 15-ից, արդեն օգոստոսի 1-ից արցախցիները բոլոր բաղադրիչներից կարող են օգտվել։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ծրագրին դիմելու համար Ղարաբաղից բռնի տեղահանված անձիք պետք է դիմեն ու ստանան Հայաստանի քաղաքացիություն։ Նա նաև խոսեց քաղաքական խնդիրների մասին. «Մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար։ Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա չպետք է իշխանության թույլություն գնահատի ու օգտագործի»։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել