Ընդդիմության կողմից մանդատներից հրաժարումը կբերի՞ խորհրդարանի լուծարման

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջին շրջանում հաճախ է խոսվում ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական մանդատները վայր դնելու և դրա հետևանքների մասին։ Մի կողմից պնդումներ են հնչում, թե ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելուն հաջորդելու են արտահերթ ընտրություններ, մյուս կողմից հերքվում է նման հնարավորությունը։

Այսպես, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 11-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ընդդիմության կողմից մանդատների վայր դնելը չի հանգեցնի նոր ընտրությունների։

«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև ընդդիմության մանդատների վայր դնելու հետևանքով ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանում», – ասել է Ռուբինյանը։

Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հակասում է երկու ամիս առաջ՝ ապրիլի 11-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պնդմանը, որ ընդդիմության հրաժարականի դեպքում նոր ընտրություններ կլինեն։ «Դուք բոլորով հրաժարական տվեք, և նոր ընտրություններ տեղի կունենան»,- ասել էր Սիմոնյանը։

#CivilNetCheck-ը գնացել է այս հակասական պնդումների հետքերով և փորձել հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու պարագայում։

Ինչ է ասում Սահմանադրությունը

Ըստ 2015-ին ընդունված գործող Սահմանադրության 92-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացվում են այն իրավունքի ուժով արձակվելուց հետո։ Ազգային ժողովն արձակվում է այն դեպքում, երբ ի վիճակի չէ ընտրել վարչապետ (հոդված 149) կամ վարչապետ ընտրելուց հետո հավանություն չի տալիս կառավարության ծրագրին (հոդված 151):

Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ունի կայուն մեծամասնություն, և վերոնշյալ դեպքերը իրատեսական չեն, իսկ ԱԺ-ի արձակման այլ հիմքեր ամրագրված չեն։ Սահմանադրության 92-րդ հոդվածը կարող է փոփոխվել, և արտահերթ ընտրությունների այլ հիմքեր կարող են ավելացվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, ինչը սակայն ևս իրատեսական չէ։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդդիմադիր ուժերի պարտադիր ներկայացվածությանը, ապա նման պահանջ առկա է միայն 104-րդ հոդվածում, ըստ որի՝ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից։ Մինչդեռ, 2022 թվականի հուլիսին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը զրկվեց իր պաշտոնից, և Սահմանադրության այս պահանջը մինչ այժմ խախտվում է։

Ընդդիմադիր պատգամավորների մանդատների՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված մանդատների ընդհանուր թվի 1/3-ից պակաս լինելու դեպքում Ազգային ժողովի արձակման հիմք Սահմանադրությունում առկա չէ։

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը սահմանում է, որ խորհրդարանի ձևավորման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների նվազագույն թիվը պետք է լինի ոչ պակաս, քան Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը (հոդված 96)։

Համաձայն ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին։ Եթե այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր։ Մինչդեռ, առկա չէ կարգավորում, թե այս դրույթի խախտման դեպքում Ազգային ժողովը պետք է արձակվի։

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը

Սահմանադրական դատարանը դեռ 2019 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ հայտնել էր իր դիրքորոշումը՝ իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակմանը վերաբերող Սահմանադրության դրույթների վերաբերյալ։

Որոշման մեջ ՍԴ-ն փաստել է, որ խորհրդարանը արձակելու միայն երկու հիմք կա, և հայտնել է, որ «Ազգային ժողովը պետք է գործի այնքան ժամանակ, քանի դեռ ունի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն»։ Ընդգծել է, որ իրավունքի ուժով ԱԺ-ի արձակումը «չի կարող լինել ինքնանպատակ և մեխանիկական բնույթ կրել»։

Ընդ որում, ՍԴ-ն նաև հստակ նշում է, որ Ազգային ժողովը չի կարող իրավունքի ուժով արձակվել այն դեպքերում, երբ «պատգամավորներն օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունեցել դրսևորելու իրենց կամքը»։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանը բացառում է նշված երկու հիմքերից բացի որևէ այլ հիմքով, այդ թվում՝ պատգամավորների կամքին հակառակ, հարկադրանքի եղանակով արտահերթ ընտրությունների անցկացումը։

Իրավագետների դիրքորոշումը

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար, իրավաբան, դաշնակցական Արծվիկ Մինասյանը հունիսի 11-ին հայտարարել է, որ ընդդիմության մանդատներից հրաժարումը չի հանգեցնի արտահերթ ընտրությունների և որ նման իրավական հիմք առկա չէ։

Գործող Սահմանադրության հեղինակ, սահմանադրագետ, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել է, որ ընդդիմության հրաժարականի դեպքում Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնելու հնարավորություն օրենսդրությունը չի տալիս։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը ևս պնդել է, որ նման կարգավորում նախատեսված չէ Սահմանադրությամբ։

Նույն դիրքորոշումն է հայտնել նաև գործող Սահմանադրության մյուս հեղինակ Վարդան Պողոսյանը «Ազատությանը» տված մեկնաբանությունում։ «Սահմանադրությունը որևէ դրույթ չի նախատեսում, որ եթե պատգամավորների թիվը կրճատվի, նոր ընտրություններ անցկացվեն»,- ասել է սահմանադրագետը։

Այս թեման քննարկվում էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո

2020 թվականի պատերազմից հետո ակտիվ քննարկվում էր իշխանափոխության անհրաժեշտությունը, և դրան հասնելու ճանապարհներից մեկը դիտարկվում էր ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը։ Սահմանադրական դատարանի գործող դատավոր Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 17-ին «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ Ազգային ժողովի արձակման միայն երկու հիմք կա։ «ԱԺ արձակման այլ հիմք Սահմանադրությամբ ամրագրված չէ»,- նշել էր ՍԴ դատավորը։

Արդեն 2022 թվականի մայիսին ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ևս հայտնել էր, որ խորհրդարանի լուծարման օրենսդրական մեխանիզմ գոյություն չունի։

«Դա կառաջացնի պառլամենտական ճգնաժամ, որի լուծումը Ազգային ժողովի լուծարումը չէ, Սահմանադրական դատարանը կարող է որոշել, որ լրիվ այլ լուծում պետք է լինի»,- ասել էր Սիմոնյանը։

Այսպիսով, տարածվող պնդումը, թե ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներից հրաժարումը կբերի Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների, անհիմն է։

Մեկնաբանել