Պուտինը Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմաններ է առաջ քաշել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու պայմանները․ ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Ռուսաստանի «նոր շրջանների ամբողջ տարածքից» և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի բացակայության մասին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջաններից՝ Լուգանսկից, Դոնեցկից, Խերսոնից, Զապորոժիեից։ «Ընդ որում, ուշադրություն եմ ուզում հրավիրել, որ հենց այդ շրջանների ամբողջ տարածքից (դուրս գալու մասին է խոսքը – խմբ․)՝ այն վարչական սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Ուկրաինա մտնելու պահին»,- ասել է նա:

ՌԴ նախագահը վստահեցրել է, որ եթե Ուկրաինայի իշխանությունները համաձայնեն այս պայմանին, ռազմական գործողությունները կդադարեն անմիջապես․ «Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ են նման որոշման և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից անհապաղ, բառացիորեն նույն րոպեին կհաջորդի կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու հրամանը»։

Պուտինի խոսքով՝ եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն Ռուսաստանի «իրական խաղաղության առաջարկից, նրանք կկրեն հետագա արհյունահեղության համար պատասխանատվությունը»։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակ:

Կիևում հրաժարվել են Ռուսաստանի առաջարկից: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի նոր նախաձեռնությունը «իրական խաղաղ առաջարկ» չէ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն էլ, արձագանքելով Պուտինի առաջարկներին, նշել է, որ ՌԴ-ի պլաններում ոչ թե խաղաղություն է, այլ պատերազմի շարունակությունը, Ուկրաինայի օկուպացիան, իսկ հետագայում՝ ագրեսիա Եվրոպայում։ Ըստ ԱԳՆ-ի՝ Պուտինի հնչեցրած բոլոր վերջնագրերն միջազգային հանրությանը պառակտելու նպատակ ունեն։

***

Ռուսական զորքերը Ուկրաինա էին ներխուժել 2022-ի փետրվարի 24-ին։ Նույն տարվա սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրել են այդ շրջանները Ռուսաստանին միացնելու մասին պայմանագրեր: Ռուսական ուժերը մինչ օրս կարողացել են գրավել Լուգանսկի մարզը՝ գրեթե ամբողջությամբ, Զապորոժիեի մեծ մասը, Դոնեցկի և Խերսոնի մարզերի մի մասը։

Քարտեզը՝ Ռուսաստանի ՊՆ-ի

Մեկնաբանել