Հայաստանի ԱԳՆ-ը բողոքի հայտագիր է ներկայացրել բելառուսական կողմին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր է ներկայացրել բելառուսական կողմին։

«Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

***

Երեկ` հունիսի 13-ին, Հայաստանը և Բելառուսը հետ էին կանչել իրենց դեսպաններին։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն ասել էր․ «Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մեր դեսպանը մոտ ժամանակներս Երևանից կժամանի Մինսկ։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել Հայաստանի հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները ՀՀ ղեկավարությանը դրան դրդեն։ Մենք երբեք ոչինչ չենք արել ի վնաս մեր բարեկամների, չենք միջամտում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն ցանկանում նրան ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և մարդկանց բարեկեցության մասին»։

Բելառուսում ՀՀ դեսպանին հետ կանչելու որոշմանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուս չայցելելու մասին հայտարարությունը։

«Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուս չի այցելի նաև ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ։ Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,- 2023-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում ասել էր Փաշինյանը։

Մայիսին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։

Մեկնաբանել