070 կոդի նզովքը․ ինչու են դեսպանատները բարդացնում արցախցիներին վիզայի տրամադրումը

Սիրանուշ Ադամյան

Մայիսի կեսերից սկսած՝ Հայաստանում որոշ դեսպանատներ մերժում են արցախցիների՝ վիզա ստանալու դիմումները՝ պատճառաբանելով, որ նրանք քաղաքացիություն չունեն։ Մերժումներ են եղել Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի դեսպանատներից։ Դեսպանատների մերժումները հակասում են Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիային։

Արցախի քաղաքացիների անձնագրերը, որոնք տրվել են Հայաստանի Հանրապետության կողմից, կրում են «070» կոդը։

«Փաստաթղթերը նույնիսկ չեն ընդունում, որ մերժեն, անցած երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ դիմել ենք ու ստացել նույն պատասխանը։ Առանց որևէ պատճառաբանման՝ ասում են՝ ստացեք Հայաստանի քաղաքացիություն»,- ասում է արցախցի Ալյոնան, որի մայրն ու քույրը մերժում են ստացել Լեհաստանի դեսպանատանը։

Սոցցանցերով որոշ արցախցիներ բարձրաձայնում են խնդիրը՝ նշելով, որ օրինակ՝ Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի դեսպանատները մերժում են իրենց դիմումները։

Ի՞նչ են ասում արցախցիները

Տեղահանված արցախցիներից Սուսաննան [անունը փոխված է – ՍիվիլՆեթ], որը դեռ մայիսի 24-ին պետք է Գերմանիա մեկներ երիտասարդական ծրագրի մասնակցելու համար, ասում է, որ վիզա ստանալու իր դիմումը մերժել էին, չնայած մինչ այդ այլ երկրներ էր ճամփորդել, այդ թվում՝ Գերմանիա։

«Երբ որ արդեն մտա, փաստաթղերս համարյա հանձնել էի, բայց երբ բացեցին անձնագիրը, տեսան 070 կոդը, իրենք փաստաթղթերը մի կողմ դրեցին, ասացին՝ ցավոք, մենք չենք կարող ձեր փաստաթղթերը դիտարկել։ Եթե ուզում եք՝ կարող ենք դիտարկել ձեր փաստաթղթերը, բայց պետք է գնաք նոր անձնագիր բերեք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք համարվում»,- ասում է Սուսաննան։ Նրա հարցին, թե երկու օրում ինչպես են պատկերացնում նոր անձնագիր ձեռք բերելը, ասել են, որ չեն կարող որևէ բան պատասխանել։ Իսկ հարցին, թե ինչու չեն վերցնում փաստաթղթերը, ասել են՝ նոր հրահանգ է։ Թե որտեղից և ում կողմից, չեն նշել։

Երեք ամիս առաջ էլ Սուսաննայի ընկերներից մեկն էր փորձել Չեխիայի վիզա ստանալ, ու նույն պատճառաբանությամբ մերժել էին նրա դիմումը։

Արցախից տեղահանված Ալյոնան էլ ասում է, որ իր մայրն ու քույրը պետք է Լեհաստան մեկնեին, բայց դեսպանատնից կրկին մերժում են ստացել նույն պատճառաբանությամբ։

«Փաստաթղթերը նույնիսկ չեն էլ ընդունում, որ մերժեն, անցած երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ դիմել ենք ու ստացել նույն պատասխանը։ Առանց որևէ պատճառաբանման՝ ասում են՝ ստացեք Հայաստանի քաղաքացիություն, այսինքն հրաժարվեք ձեր Արցախի քաղաքացիությունից, ստացեք Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի ստանաք Շենգեն վիզա։ Բայց որ ասում ես՝ որտեղ է դա գրած, իրենք ուղղակի ասում են, որ դա հրահանգ է, դիմումները չեն ընդունվում» – ասում է Ալյոնան։

Ի՞նչ են ասում արցախցիներին մերժած դեսպանատները

Մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու են մերժում արցախյան «070» կոդով քաղաքացիների դիմումները, Չեխիայի դեսպանատնից հետյալ պատասխանն են տվել.

«Այսպես կոչված «Արցախի Հանրապետությունը» երբեք դե յուրե չի ճանաչվել (նույնիսկ Հայաստանի Հանրապետության կողմից), և դրա կողմից տրված բոլոր պաշտոնական փաստաթղթերը նույնպես չեն ճանաչվում միջազգային իրավունքի տեսանկյունից: Միևնույն ժամանակ, համաձայն 1999-ի փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների միջև անձնագրային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի դրույթների, այս փաստաթղթերի տերերը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Սրանք կարևոր հանգամանքներ են, որի մեջ հայտնվել ենք:

Մենք հասկանում ենք իրավիճակի բարդությունն ու զգայունությունը: Ներկայում ինտենսիվ հաղորդակցության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ, ինչպես նաև քննարկումներ են ընթանում Շենգեն համագործակցության շրջանակներում «070» սերիայի անձնագրերի ընդունման կամ չընդունման իրավական կողմերի շուրջ:

Վիզայի դիմումներն այն անձանցից, որոնք դիմումի պահին ներկայացնում են չճանաչված կառույցների կողմից տրված ճամփորդական փաստաթղթեր, երբեք չպետք է ընդունվեին»։

Գերմանիայի դեսպանտունն էլ մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ արդեն ընդունում են վիզայի դիմումները՝ մինչև համապատասխան իշխանությունների կողմից պարզաբանումներ կստանան անձնագրերի կարգավիճակի վերաբերյալ։

«Ներկայում և մինչ «070»-ի կողմից տրված անձնագրերի կարգավիճակի վերաբերյալ իրավասու մարմիններից պարզաբանումներ ստանալը, այդ անձնագրերի տերերից վիզա ստանալու դիմումները մշակվում են բնականոն հունով»,- ասված է դեսպանատան պատասխանում։

Ի՞նչ է ասում միգրացիոն ծառայությունը

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում ելումուտի, մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները, ինչով պայմանավորված՝ «ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ պահանջվող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում»։

Ի՞նչ է սահմանում Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիան

Ըստ Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիայի 28-րդ հոդվածի՝ «Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով, եթե ազգային անվտանգությունից և հասարակական կարգի պաշտպանությունից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում…

Նախկին միջազգային պայմանագրերին համապատասխան՝ դրանց մասնակիցների կողմից փախստականներին տրված ճամփորդական փաստաթղթերը պայմանավորվող պետությունների կողմից ճանաչվում և դիտվում են որպես այնպիսին, ինչպես եթե դրանք տրված լինեին սույն հոդվածին համապատասխան»։

Միջազգային իրավունքի մասնագետների մեկնաբանությունները

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ «միջազգային իրավունքը թույլ է տալիս մարդու իրավունքների ապահովմանը միտված գործողություններ կատարելը, և չճանաչված պետությունների քաղաքացիների պարագայում թույլատրվում է ճանապարհորդական և այլ նպատակներով անձնագրերի թողարկումը, որոնք վավեր փաստաթղթեր են և այդ անձնագրերի հիման վրա կարելի է դիմել ու ստանալ վիզա»։

«Միջազգային փորձն այստեղ շատ հարուստ է, օրինակ՝ Կոսովոյի պարագայում շատ երկրներ թողարկել են անձնագրեր՝ ճանապարհորդելու խնդիրները լուծելու նպատակով, նույնը եղել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության պարագայում․ Շենգենյան գոտու պետությունները աջակցել են տեղաշարժվելու ազատության իրավունքի իրականացմանը։ Ես կարծում եմ, որ այդ պրակտիկան (դեսպանատների մերժելու) չի կարող գոյություն ունենալ, և եթե նման ձևակերպումներ են տրվում, էստեղ մենք հայտնվում ենք մարդու իրավունքների խախտումների տիրույթում։ Կարծում եմ՝ որևէ երկիր իրավասու չէ չճանաչելու ՀՀ-ի կողմից թողարկված անձնագրերը, որոնք կատարվում են մարդու իրավունքների իրացմանը նպաստելու նկատառումներից և ամբողջովին համապատասխանում են թույլատրելի միջազգային փորձին»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Միջազային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով էլ՝ դեսպանատները պետք է ընդունեն, որովհետև տարիներ շարունակ ընդունել են նույն այդ անձնագրերը, որոնք որ տրվել են Արցախի բնակիչներին․ «Բայց դեսպանատունը, ելնելով իր հայեցողությունից, օգտվում է Հայաստանի կառավարության մեկնաբանությունից, և ասում է՝ քանի որ դա ձեր կառավարությունն է ասում, որ դա Հայաստանի քաղաքացիությունը ապացուցող փաստաթուղթ չէ, ուրեմն՝ մենք չենք համարում ձեզ քաղաքացի, նշանակում է՝ այս փաստաթուղթը չենք ընդունում որպես ճամփորդական փաստաթուղթ։ Իհարկե, դա հակասում է օրենքին, բայց չի հակասում կառավարության մեկնաբանությանը»,- ասում է Արա Ղազարյանը։

«070» կոդի նախապատմությունը

2023-ի նոյեմբերին պարզվեց, որ «070» կոդով անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, այսինքն արցախցիները ՀՀ քաղաքացի չեն։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ընտրվել է մեկ հստակ ծածկագիր, և դրանով այդ փաստաթղթերը տարբերվել են ՀՀ քաղաքացիներին տրվող փաստաթղթերից, և դրանք եղել են ճամփորդական փաստաթղթեր… և ոչ որպես քաղաքացիության հավաստում»,- ասել էր Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հունվարի 28-ից էլ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական, այսինքն՝ Հայաստանից դուրս գալիս ու մուտք գործելիս անձնագիրն ու վկայականը վավեր են միայն միասին գործածելու դեպքում, բայց վիզայի դիմումները մերժելիս փախստականի վկայականը հաշվի չի առնվում։

Առ այսօր Հայաստանի համապատասխան մարմինները պաշտոնական որևէ պարզաբանում չեն տվել՝ կապված խնդրի հետ։ Միայն Միգրացիոն ծառայության՝ մեզ տված մեկնաբանությունից ու դեսպանատների պատասխաններից պարզ է դառնում, որ դա կոնկրետ երկրների ներքին որոշումն է։

Թե ինչպես պետք է հարթվի խնդիրը, պարզ չէ։ Մերժող դեսպանատները հորդորում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, մինչդեռ Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիայով՝ ճամփորդական փաստաթղթերը պետք է ընդունելի լինեն պայմանավորվող պետությունների կողմից, այսինքն՝ չպետք է փախստականի կարգավիճակ ունեցող արցախցիների առաջ քաղաքացիություն ստանալու պահանջ դրվի։

Մեկնաբանել