Հնդկաստանի խաղն Իրանում և նպատակներն ավելի լայն տարածաշրջանում

Էրջիո Ռեստելլի

Իրանը ծվարած է Պարսից ծոցում։ Աշխարհագրական դիրքը նրան կարևոր տարանցիկ դեր է հաղորդում և հնարավորություն տալիս երկկողմ առևտրի նավահանգստի համար: Չաբահարը, որը Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում է, խորջրյա նավահանգիստ է։ Այն Իրանի միակ նավահանգիստն է, որն ուղղակիորեն կապված է օվկիանոսին: Հենց այս նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի ու Իրանի միջև վերջերս տասնամյա երկկողմ համաձայնագիր ստորագրվեց: Այս պայմանագիրը ոչ միայն կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում, այլև կարևոր քայլ տարածաշրջանի տնտեսական ինտեգրման և հաղորդակցությունների համար, ինչը ճանապարհ է հարթում համաշխարհային առևտրի և ներդրումների աճի համար: Նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի՝ Հնդկաստանին Աֆղանստան և Կենտրոնական Ասիա մուտք ապահովելու առումով: Հնդկաստանի և Իրանի միջև կնքված երկարաժամկետ համաձայնագիրը Չաբահարում Շահիդ Բեհեշթի նավամատույցի զարգացման համար նշանակալի իրադարձություն է, և ակնկալվում է, որ առաջիկա տարիներին առևտուրն էապես կաճի:

Հետաքրքիր է, որ անգամ Տալիբանի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդն է աջակցություն հայտնել Չաբահարի նավահանգստին՝ այն անվանելով այլընտրանք Պակիստանի Կարաչի նավահանգստին: «Աֆղանստանը մեծապես հենվում է Պակիստանի նավահանգիստների վրա, ինչպիսին Կարաչին է՝ իր ներմուծման և արտահանման համար: Այնուամենայնիվ, Չաբահարն առաջարկում է այլընտրանքային ճանապարհ՝ նվազեցնելով Աֆղանստանի կախվածությունը մեկ միջանցքից և ուժեղացնելով նրա տնտեսական անկախությունը»,- ասել է նա:

«Պատժամիջոցների հնարավոր ռիսկի» մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից մեկ օր անց, երբ Հնդկաստանն արդեն ստորագրել էր Չաբահարի նավահանգստի շահագործման տասնամյա համաձայնագիրը, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարեց, որ նախագիծը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, և ԱՄՆ-ը չպետք է դրան «նեղ անկյունից» նայի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ինքը նախկինում գիտակցել է Չաբահարի կարևորությունը։

Հնդկաստանի և Իրանի միջև կնքված պայմանագրով՝ հնդկական Indian Ports Global Limited (IPGL) ընկերությունը պարտավորվում է հետագայում վերազինել և շահագործել նավահանգիստը։ Պայմանագիրը երկարաձգվելու է տասնամյա սկզբնական ժամկետի ավարտից հետո: IPGL-ը նախատեսում է ներդնել մոտ 120 մլն դոլար՝ նավահանգստի հնարավորությունները բարելավելու համար: Բացի այդ, Հնդկաստանը ռուփիով 250 միլիոն դոլարի չափով վարկային պատուհան է բացել՝ հատուկ Չաբահար նավահանգստի վերազինմանն ուղղված համատեղ նախագծերի համար: Այս համաձայնագրի կնքման ժամկետը նշանակալի է, քանի որ երկու երկրները դա կյանքի կոչելու համար ավելի քան մեկ տասնամյակ ջանք են գործադրել: Վերջերս քննարկումների խնդրահարույց հարցերից մեկն այն էր, որ Իրանը կողմնակից չէ միջազգային արբիտրաժային շրջանակին՝ այն պնդմամբ, որ դա իրենից կպահանջի սահմանադրական փոփոխություն: Հնդկաստանն ու Իրանը պայմանավորվել են, որ Չաբահարի նավահանգստի գործառնությունների վերաբերյալ արբիտրաժ պահանջող հարցերը կհանձնվեն երեք անդամից բաղկացած արբիտրաժային տրիբունալին, որը հիմնվել է Մուսկատում՝ համաձայն Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի:

Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև եռակողմ առաջին հանդիպումը առևտրի և տարանցման ոլորտում ներդրումներն արագացնելու, մասնավորապես՝ Չաբահարի նավահանգստի միջոցով, տեղի էր ունեցել 2012-ին։ Մեկ տարի անց Հնդկաստանը խոստացավ 100 մլն դոլարի ներդրումներ կատարել Չաբահարում։ 2015-ին Հնդկաստանը և Իրանը երկկողմ համաձայնագիր ստորագրեցին, Հնդկաստանը պարտավորվեց ներդնել 500 մլն դոլար Չաբահարում մեկ նավամատույց (Շահիդ Բեհեշթի) արդիականացնելու և 600 մետր երկարությամբ բեռնարկղերի բեռնաթափման կայան կառուցելու համար: «Չաբահար» անունը պարսկերեն երկու բառերի համակցություն է՝ «չահար», որ նշանակում է չորս, և «բահար»՝ գարուն։ Այս նավահանգիստը բաղկացած է երկու հատվածից՝ Շահիդ Քալանթարի և Շահիդ Բեհեշթի:

2016-ին Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնություն ձեռք բերվեց Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին, որը Հնդկաստանը կկապի Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի, Աֆղանստանի և այլ երկրների հետ: Սրանով մեկնարկեց նավահանգստի զարգացման առաջին փուլը: Երկու տարի անց IPGL-ն ստանձնեց Չաբահարի գործունեության մի մասը: Այդ ժամանակվանից Հնդկաստանը վերահսկում է ավելի քան 90,000 TEU [չափման միավոր՝ Twenty-Foot Equivalent Unit, քսան ոտնաչափին համարժեք միավոր] կոնտեյներային երթևեկության ու ավելի քան 8,4 ММТ (միլիոն մետրիկ տոննա) ընդհանուր բեռների կառավարումը: Նավահանգիստը կենսական դեր ուներ նաև մարդասիրական օգնության բաշխման հարցում, հատկապես Covid-19 համավարակի ժամանակ։ Անցյալ տարի Հնդկաստանը նավահանգստի միջոցով 40,000 տոննա ցորեն օգնություն է ուղարկել Աֆղանստան, իսկ 2021-ին Իրանին էկոլոգիապես մաքուր թունաքիմիկատներ է մատակարարել։

Չաբահարը նախատեսված է նաև որպես Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC, International North-South Transport Corridor) արևելյան երթուղու առանցքային օղակ, որը հեշտացնելու է ապրանքների տեղաշարժը Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև։ Հնդկաստանի և Իրանի միջև այս համագործակցությունը 7200 կմ երկարությամբ INSTC-ի երկայնքով ենթակառուցվածքների և լոգիստիկայի զարգացման ուղղությամբ նպատակ ունի նվազեցնել տրանսպորտային ծախսերը և ժամանակը՝ խթանելով առևտուրը այս տարածաշրջանների միջև: Շրջադարձային այս պայմանագիրը ոչ միայն կընդլայնի առկա առևտրի ծավալները, այլև կբացի առևտրի նոր հնարավորություններ։ Ակնկալվում է, որ այս պայմանագիրը կգործի որպես Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հետ առևտուրը մեծացնելու դարպաս:

Հնդկաստանի ընթացիկ առևտուրը Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ կազմում է շուրջ 1,2 մլրդ դոլար, որից ընդհանուր արտահանումը կազմել է 911 մլն դոլար, իսկ ներմուծումը` 360 մլն դոլար: Ավելին, 2022-2023 թվականներին Հնդկաստանի առևտուրը Աֆղանստանի հետ կազմել է 889 մլն դոլար, արտահանումը` 437 մլն դոլար, իսկ ներմուծումը` 452 մլն: Նախատեսվում է, որ այս համաձայնագրի ստորագրումը կբազմապատկի առևտուրը և կնպաստի տարածաշրջանային ավելի լայն ինտեգրմանը: 2022-2023 թվականներին Իրանի հետ Հնդկաստանի առևտուրը կազմել է 2,3 մլրդ դոլար, որում արտահանումը կազմել է 1,6 մլրդ, իսկ ներմուծումը՝ 672 մլն: Այնուամենայնիվ, առաջիկա տարիներին առևտրի ծավալներն էապես ավելանալու միտում ունեն:

Նավահանգստի զարգացման համար ժամանակ էր հարկավոր, մասնավորապես՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Նաև՝ որովհետև Հնդկաստանն ու Իրանը երկար քննարկումներ էին անցկացնում: Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավամատույցի զարգացման երկարաժամկետ պայմանագիրը կնքվեց Թեհրանում IPGL-ի և Իրանի Նավահանգիստների և ծովային կազմակերպության միջև՝ Հնդկաստանի և Իրանի նախարարների ներկայությամբ: Այս պայմանագիրը փոխարինեց 2016-ի փաստաթղթին, որը պետք է թարմացվեր ամենամյա կտրվածքով: Նավահանգիստը հնարավորություն կտա Հնդկաստանին ընդլայնել իր ներդրումներն Իրանում, որը էներգետիկ անվտանգության առումով կարևոր գործընկեր է։ Այն կնպաստի Հնդկաստանի նավթի ներկրման ծախսերի էական նվազեցմանը և կհեշտացնի առևտրային գործընթացները՝ թույլ տալով ուղիղ բեռնափոխադրումներ Իրանից և դեպի Իրան՝ առանց ԱՄԷ-ում նավահանգստի լրացուցիչ ծախսերի:

Կարելի է ասել, որ Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավամատույցի զարգացման երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը ոչ միայն նշանակալի հանգրվան է Հնդկաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններում, այլև կարևոր քայլ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և հաղորդակցության ճանապարհին։

Հնդկաստանը երկու երկրների միջև հավասարակշռող դեր է խաղում, ինչը կարող է նպաստել գլոբալ խաղաղությանը: Այս համաձայնագիրը ամրապնդում է Հնդկաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի միջև խորացող գործընկերությունը և ճանապարհ է հարթում համաշխարհային առևտրի և ներդրումների աճի համար:

Հեղինակի մասին

Էրջիո Ռեստելլին իտալացի քաղաքական խորհրդական է: Նա Իտալիայի վարչապետ Բետինո Կրաքսիի կառավարությունում 1990-ականներին եղել է փոխվարչապետի խորհրդական և արդարադատության նախարար Մարտելիի հատուկ խորհրդական և սերտորեն համագործակցել է հակամաֆիոզ մագիստրատներ Ֆալկոնեի և Բորսելլինոյի հետ: Վերջին տասնամյակների ընթացքում նա ներգրավված է եղել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում խաղաղաշինական և դիվանագիտական ջանքերում:

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է The Times of Israel թերթի բլոգում։

Մեկնաբանել