GG-ի գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ին․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ GG ընկերության գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին։ ՔԿ-ն վստահեցնում է՝ քրգործը կապ չունի ընկերության հիմնադրի ակտիվ հասարակական գործունեության հետ։

«GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։ Երկրորդ` տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023-ի մայիսին»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեից նշում են, որ հունիսի 15-ին GG ընկերությանում իրականացված խուզարկություններ վերը նշված քրեական գործի շրջանակում էին,

«Այս տեսանկյունից քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Հունիսի 15-ին քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել GG ընկերության երեք գրասենյակներում, առգրավվել էր 26 համակարգիչ։

Ընկերությունը հունիսի 16-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հարուցված քրեական գործը «անհիմն է և անօրինական, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է»։

Խաչատուր Գրիգորյանն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Խուզարկությունից առաջ ընկերության տնօրենը Ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է (Բաղրամյան պողոտայում շարժումն օրեր շարունակ նստացույց էր իրականացնում)»:

Մեկնաբանել