Հետապնդում է հարուցվել ԱԺ-ի դիմաց ցույցի 12 մասնակցի նկատմամբ, 8-ը կալանավորվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 12-ին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի ցույցի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է։

«Ակցիայի մի խումբ մասնակիցներ փորձել էին ճեղքել ոստիկանների կողմից կազմված պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ: Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, կատարել էին խուլիգանություն: Մասնավորապես, ոստիկանության ծառայողների հասցեին հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ նրանց ուղղությամբ քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ էին նետել, կոտրել կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները»,- ասված է հաղորդագրությունում։

ՔԿ-ն հայտնում է, որ դեպքի վայրում կատարված զննությունների արդյունքում ոստիկանական շարքերի հատվածից հայտնաբերվել են բազմաթիվ տարբեր չափերի քարի կտորներ, կոտրված ապակյա տարաներ, սուր ծայրով փայտե ձող։

«Նշված գործողությունների արդյունքում անհատականացվել են վերոնշյալ հանցավոր արարքներ կատարող 12 նույնականացված մասնակիցների գործողությունները: Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն կատարելու, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով նրանցից 11-ը ձերբակալվել է, որոնց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ»,- նշում են Կոմիտեից։

Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Եվս 1 անձի, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել ոստիկանությանը։

***

Հունիսի 12-ին Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, բախումներ էին տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու ոստիկանների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ։ Առողջապահության նախարարության հունիսի 13-ի առավոտյան տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս բախումներին, հայտարարել է, թե «ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ»։

Մեկնաբանել