Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի 4-ամսյա տնային կալանքի ժամկետն ավարտվել է։

«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։

Նախկին նախարարը հայտարարում է, որ հասնելու է իր և քրեական գործով անցնող մյուս մեղադրյալների արդարացմանը։

«Ես, իհարկե կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, որոնց իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ»,- գրել է նա։

Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Փետրվարի 16-ին Քերոբյանի նկատմամբ դատարանի որոշմամբ նշանակվեց տնային կալանք։

Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդել էր կոռուպցիոն չարաշահումներին առնչվող վարույթներով 7 անձի ձերբակալության մասին։ Կոռուպցիոն գործով ձերբակալվել էին էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը և այլ անձինք։

Ըստ Քննչականի՝ անցած տարի էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջ»-ի օգտին։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։ «Հարմոնիա»-ն, սակայն, հետագայում վիճարկել է այս որոշումը և հաղթել։

Հունիսի 6-ին դատախազությունը հաղորդել էր, որ այս քրեական վարույթով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ևս մեկը՝ արդարացվել։ 8 անձանցից մեղադրյալի աթոռին մնացել են միայն Քերոբյանն ու Հովանեսյանը։

Մեկնաբանել