ՔՊ-ը չի մասնակցի կառավարության հրաժարականի նախագիծը քննարկող ԱԺ նիստին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում է կառավարության հրաժարականի մասին ԱԺ ուղերձի նախագիծը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասաց Հովհաննիսյանը։

Հունիսի 10-ին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Ազգային ժողովի խորհրդին միջնորդեցին «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծն արտահերթ նիստում քննարկել: Ընդդիմադիրները խնդրել էին այն քննարկել այսօր՝ հունիսի 11-ին, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ էր արտահայտվել, ուստի օրենքի ուժով նիստը կգումարվի հունիսի 17-ին, ժամը 18:30-ին։

Մեկնաբանել