«Արմավիան» կրկին հայտնվել է պարտքային սկանդալի կենտրոնում

«Արմավիա» ազգային ավիափոխադրողի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը թեև հայտարարում է ընկերության վաճառքի շուրջ բանակցությունների մասին, սակայն դիմում է քայլերի, որոնք հակասում են բիզնես տրամաբանությանն ու խոսում ավիաընկերությունը դեպի սնանկացում տանելու մասին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ժամանակավորապես հրաժարվել է սպասարկել «Արմավիայի» չվերթները՝ օդանավակայանին կուտակած պարտքի սահմանաչափը գերազանցելու համար։

«Զվարթնոց» օդանավակայանը երեկ առավոտվանից կրկին դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանի խոսքով՝ չվերթների սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ ընկերությունը խախտել է այս տարվա մարտին ստորագրած համաձայնագրի պայմանները՝ զգալիորեն գերազանցելով հաստատված պարտքի սահմանաչափը։

«Արմավիայում» «Օրակարգին» ասացին, որ ընկերությունն ամենօրյա կտրվածքով վճարումներ է կատարում։ «Այս քայլով «Զվարթնոցը» վնասում է ոչ միայն «Արմավիային», այլև ինքն իրեն, ու անհարմարություն պատճառում ուղևորներին: Ամենայն հավանականությամբ, «Զվարթնոցին» դուրեկան չէ, որ առաջիկայում «Արմավիան» կարող է նոր բաժնետեր ունենալ»,– ասացին «Արմավիայում»:

Գևորգ Աբրահամյանը, սակայն, նշեց, որ «Արմավիան» պայմանավորված պարտքի չափը գերազանցել է մոտ $1 մլն-ով: Նա նշեց նաև, որ «Զվարթնոցը» տեղյակ չէ, թե ով է ավիաընկերության նոր հնարավոր բաժնետերը, և արդյոք այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն։
Ի դեպ՝ երեկ՝ օրվա երկրորդ կեսին, հայտարարվեց, որ «Արմավիան» կուտակած պարտքից փոխանցել է ֌90 մլն:

2012թ. սեպտեմբերի 20-ին կրկին դադարեցվել էին «Արմավիայի» չվերթները, սակայն նույն օրը՝ ավելի ուշ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերսկսել էր դրանց սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պարտքը վճարելու շուրջ: Ներկայում «Արմավիայի» ընդհանուր պարտքը «Զվարթնոցին» մոտ $3,5 մլն է։

Սեպտեմբերին ծագած խնդրից հետո՝ սեպտեմբերի 26-ին, «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հաստատեց, որ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել ընկերությունը, և ներկայում բանակցություններ են ընթանում շահագրգիռ ընկերությունների հետ։ Ավետիսովայի խոսքով՝ դեռ վերջնական որոշում չի կայացվել։

Սնանկացման ճանապարհով
Մի կողմից, համաձայն հայտարարությունների, «Արմավիայի» վաճառքի շուրջ ընթանում են բանակցություններ, մյուս կողմից՝ ընկերությունը չի էլ փորձում թաքցնել ֆինանսական խնդիրները և գոնե բանակցությունների ընթացքում կատարել ֆինանսական ընթացիկ պարտավորությունները։

Ընկերության այս քայլերը հազիվ թե տեղավորվում են բիզնես առողջ տրամաբանության շրջանակում։ Ամենայն հավանականությամբ, իրականում ոչ մի բանակցություն էլ չի վարվում, իսկ տեղեկատվությունը տարածվում է միայն պարտապաններին հանգստացնելու նպատակով։

Այն, որ «Արմավիան» նվազ գրավիչ ակտիվ է, վկայում են ընկերության ֆինանսական ցուցանիշները։

Ըստ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ 2010-2011 թթ. «Արմավիան» շահույթ չի ունեցել, իսկ կառավարությանը պարտքը կազմել է $1 մլն։

Հոկտեմբերի 4-ին գործադիրը ընդունել է մի որոշում, որը զրոյացրել է ավիափոխադրողի պարտքը. «Արմավիայի» կողմից Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունների համար կառավարությունը «Արմավիային» պարտք էր ֌355,6 մլն, իսկ 2003թ. պայմանագրով՝ «Արմավիան» կառավարությանը՝ $1 մլն։ Փոխհաշվարկից հետո ավիափոխադրողի պարտքը նվազեցվել է մինչև ֌30 մլն։

«Արմավիան» պարտքային խնդիրներ ունի ոչ միայն կառավարության և «Զվարթնոցի», այլև Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների ու օդանավակայանների հետ։ Ընկերությունը նաև վարկային բեռի տակ է. ավելին՝ մոտ $50 մլն վարկային պարտավորություններ ունի մի քանի հայկական բանկերի նկատմամբ։

Ավիափոխադրողի պաշտոնական կայքից հնարավոր չեղավ պարզել, թե ավիապարկում ինքնաթիռներից քանիսն են ընկերության սեփականությունը։ «Արմավիայի» միակ գրավիչ «ակտիվը» ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունքն է, որը ընկերությունը ստացել է 2003թ. մարտին՝ 10 տարի ժամկետով (ավարտվում է 2013թ.)։

Այս իրավունքի դիմաց «Արմավիան» պարտավորվել է Հայաստանի պետբյուջե վճարել $15 մլն, ընդ որում՝ այն ոչ թե միանվագ վճար է եղել, այլ բաշխված տարիների միջև։ Ընկերությունը $5 մլն վճարել է 2003թ., մնացած գումարը՝ 2004-2013 թթ. ընթացքում՝ յուրաքանչյուր տարում $1-ական մլն:

Ըստ էության, «Արմավիան» բավական շահեկան պայմաններով է ստացել բացառիկության իրավունքը. 2008-2009 թթ. նույնիսկ ազատված է եղել շահութահարկից։

Հաշվի առնելով այն, որ 2013թ. մարտին ընկերությունը կորցնելու է բացառիկության իրավունքը, նման բիզնես մոդելի պայմաններում չի բացառվում, որ սեփականատերը պարզապես ընտրել է ընկերությունը դեպի սնանկացում տանելու ճանապարհը, չնայած կանխամտածված սնանկությունը քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 6 տարի տարի ժամկետով։
Քիչ է հավանականությունը, որ նման պարտքային բեռով ընկերությունը գրավչությունը կպահպանի նաև 2013-ից հետո։

Մեկնաբանել