Պաշարված Ստեփանակերտից Բուդապեշտ․ արցախցի աղջկա պատմությունը

Անուշ Պետրոսյան

23-ամյա Մարիամ Զաքարյանի այս տարվա պատմությունը ֆիլմ է հիշեցնում։ Մարիամը Արցախի պետական համալսարանի վերջին շրջանավարտներից է։ Ավարտել է օտար լեզուների բաժինը։ Արցախում շրջափակման սկզբնական շրջանն էր, երբ նա դիմեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան՝ ուսումը հայագիտության բաժնում շարունակելու նպատակով։ Չէր պատկերացնում, որ շրջափակումն այնքան երկար կտևի, որ մեկնելը կդառնա մեծ խնդիր։ Երբ արդեն հույս չուներ, որ կհասցնի ուսումնական տարվա սկզբին լինել համալսարանում, օգոստոսի 22-ին զանգեցին և ասացին, որ հաջորդ օրը պետք է մեկնի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Թեև արդեն իրավիճակն Արցախում օրհասական էր, ու Մարիամն Արցախից մեկնել այլևս չէր ցանկանում, բայց հարազատները համոզում են, որ այդ հնարավորությունը կարող է այլևս չլինել։ Ամենաշատը մայրն էր ուզում, որ Մարիամը գնա արտերկիր սովորելու։ Ընկերը ևս համոզում էր, որ նա մեկնի, թեև բաց թողնելը դժվար էր։ Գնալու հարցն այլևս քննարկման ենթակա չէր։

«Մինչև հիմա հիշում եմ բաժանման ծանր րոպեները։ Երբեք չեմ մոռանա հարազատներիս դեմքերը, երբ եկել էին ինձ հրաժեշտ տալու։ Նրանք անչափ ուրախ էին, որ գնում եմ, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց տխուր։ Այդ տեսարանը ընդմիշտ կմնա ինձ հետ»։

Առավոտյան, երբ հրաժեշտ էր տալիս տանն ու իր ապրած օրերին, Մարիամը շրջում է ամբողջ տնով մեկ, հերթով տեսանկարահանում տան սենյակները, վերջին անգամ դաջում հիշողության մեջ։ Հարազատներին հրաժեշտ է տալիս և ավտոբուսով մեկնում Ստեփանակերտի հրապարակից։

«Ինչքան իրավիճակը վատթարանում էր, այնքան ավելի էի համոզվում, որ չեմ ուզում դուրս գալ Արցախից։ Զգում էի, որ իմ վերջին պահերն եմ անցկացնում Ստեփանակերտում, և հնարավոր է՝ էլ հետ չգամ։ Բայց երբ անցանք Շուշիի առաջին անցակետը, այդ ժամանակ հստակ զգացողություն ունեցա, որ դա իրոք վերջն է։ Ուժեղ լաց եղա այդ պահին»։

2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախում սկսվեցին ռազմական գործողություններ։ Մարիամն արդեն Բուդապեշտում էր։ Ասում է՝ չափազանց ծանր զգացողությունների միջով է անցել այդ օրերին, երբ հարազատները Արցախում էին, ինքը՝ օտար երկրում։

«Այդ օրերին մտածում էի, որ ավելի լավ է ես էլ Արցախում լինեի՝ մերոնց հետ։ Ավելի լավ է՝ ես էլ անցնեի այն ամենի միջով, ինչ՝ հարազատներս, քան հեռվում նստած անհանգիստ սպասեի։ Կապ չկար հարազատներիս հետ։ Սարսափելի դժվար ապրումներ եմ ունեցել, մինչև հայրենակիցներս դուրս են եկել Արցախից»։

Երբ արդեն պարզ էր, որ արցախցիները ստիպված թողնում են տուն-տեղը և բռնում գաղթի ճամփան, Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ամբիոնի վարիչը, որտեղ սովորում էր Մարիամը, ընդհանուր ժողով է անում և արցախցի ուսանողներին առաջարկում ներկայացնել իրենց ընտանիքների անդամների ցուցակները։ Ասաց, որ մտադրություն ունի խորհրդակցել պատկան մարմինների հետ և, հնարավորության դեպքում, արցախցի ուսանողների ընտանիքներին տեղավորել Բուդապեշտում, եթե իհարկե ցանկանան։

«Ընտանիքիս անդամները դեմ չէին գալ ինձ մոտ, քանի որ Արցախից հետո գնալու տեղ չունեին։ Արցախից հետո տարբերություն այլևս չկար՝ ուր գնալ»։

Ծրագիրը, որից օգտվում են աշխարհի տարբեր տեղերից փախստականներ, արցախցիների համար ևս հաստատվեց, իսկ ընտանիքի անդամների վիզան հաջողվեց ձեռք բերել մեկ ամսվա ընթացքում։ 2024-ի հունվարին Մարիամի մեծ ընտանիքը՝ մայրը, հայրը, քույրն ընտանիքով, եղբայրներից մեկն ընտանիքով, արդեն Բուդապեշտում էին։

Համալսարանի հայագիտության բաժնում, որտեղ սովորում էր Մարիամը, այդ ժամանակ 45 հայ ուսանող կար։ Նրանց գրեթե կեսն արցախցի էին։ Արցախցի այդ ուսանողներից 17-ի ընտանիքները գաղթից հետո նույն ծրագրով մեկնել և այժմ բնակվում են Հունգարիայում։

Ծրագրի շրջանակում Հունգարիա մեկնած արցախցիներին մեկ տարով ապահովում են բնակարանով, ապրելու համար տրամադրում որոշակի գումար, տալիս բժշկական ապահովագրություն, կազմակերպում լեզվի դասեր, ինչպես նաև օգնում աշխատանք գտնել։

Մարիամն ասում է, որ եկածները օրվա ընթացքում դասերի են հաճախում, հունգարերեն սովորում։ Ժամանակի մյուս մասը հիմնականում անցկացնում են երեխաների հետ հետաքրքիր վայրեր հաճախելով, տարբեր միջոցառումների մասնակցելով։ Օրինակ, վերջերս քաղաքի հայ համայնքի ղեկավարը մշակութային միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ արցախցի կանայք տոլմա էին պատրաստում, շփվում իրար հետ։ Նմանատիպ միջոցառումներն արցախցիներին նաև օգնում են ծանոթանալ և կապ հաստատել քաղաքում ապրող այլ հայերի հետ։ Ճիշտ է՝ այն ջերմությունն ու հյուրասիրությունը, որ կար Արցախում, պակասել է, բայց հայերի հետ կապը փորձում են հնարավորինս սերտ պահել։

Եկածների համար աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ կարճ ժամանակահատվածում նոր լեզու յուրացնելը գրեթե անհնար է։ Ժամանակը ցույց կտա՝ կմնան Հունգարիայում, թե ոչ։ Համենայն դեպս գիտեն, որ որոշ ժամանակ ապրելու տեղ ունեն։

Մարիամը դեռ միայն սովորել է հասցնում։ Դասերն այնքան ծավալուն են, որ աշխատանքի մասին մտածելու ժամանակ չունի։ Բայց ասում է, որ անգլերեն իմացող երիտասարդների համար աշխատանք գտնելը շատ ավելի իրատեսական է։

«Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կգամ Եվրոպա սովորելու նպատակով, ու այդ նույն շրջանում կհայաթափվի Արցախը։ Հետո էլ ընտանիքիս անդամներին կբերեմ ինձ մոտ։ Իմ ու ընտանիքիս պատմության մեջ սա մի անհավանական իրադարձություն էր»։

Մարիամի կարծիքով՝ ուրիշ երկրում մնալու պատճառը միայն լավ աշխատանքը կարող է լինել։ Ապրելու համար հարմար երկիր է Հունգարիան։ Արցախցիներն էլ իրենց պաշտպանված ու ապահով են զգում։ Բայց ոչ բոլորն են կարողանում հարմարվել այլ երկրում ապրելու մտքին։ Արցախի հանդեպ կարոտը հաղթահարել չի հաջողվում։

«Արցախից ամեն ինչն էլ կարոտում եմ, բայց ամենաշատը կարոտում եմ իմ սենյակը և մեր տան տանիքը։ Սովորություն ունեի նստել տանիքում և այնտեղ դաս սովորել, գիրք կարդալ։ Ստեփանակերտի Թումանյան փողոցն էլ եմ շատ կարոտում»։

Անուշ Պետրոսյանը լրագրող է, որը 2020-ի պատերազմից հետո Շուշիից տեղափոխվել էր Ստեփանակերտ, իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումից հետո հաստատվել է Երևանում։

Մեկնաբանել