Շուռնուխի 13 տները հանձնվեցին բնակիչներին

Հունիսի 16-ին Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Շուռնուխում նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը:

Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, ծրագրի արժեքը 1,21 մլրդ դրամ է:

Վարչապետ Փաշինյանը շրջել է առանձնատներով` ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակիչներին բնակարանամուտի առիթով:

«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը:

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը 2020-ի դեկտեմբերին դարձավ սահմանամերձ, և գյուղի 13 տուն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կառավարությունը խոստացավ տները կորցրած գյուղացիների համար նոր թաղամաս կառուցել: Ի սկզբանե նախատեսվում էր թաղամասի շինարարությունը ավարտին հասցնել 2021-ի տարեվերջին:

Մեկնաբանել