ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Այդ մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի և քաղհասարակության կողմից: Հունիսի 17-ին տեղի ունեցած հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա են եղել նաև առաջարկի հեղինակները։

««Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ: «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով հանրաքվեն Հայաստանի դիմակայունության և դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում: Հանձնաժողովի նախագահը և անդամները ողջունել են խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը: Կարծիք է հնչել, որ հանրաքվեի արդյունքները կարող են ուղղորդող լինել հաջորդ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել