Կառավարության հրաժարականի ուղերձը քննարկելու համար քվորում չկա

«Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձը քննարկելու համար ընդդիմությունը չկարողացավ քվորում ապահովել, գրանցվել էր 34 պատգամավոր, անհրաժեշտ էր 54-ը։

Հունիսի 17-ին 18:30-ին Ազգային ժողովում օրենքի ուժով պետք է գումարվեր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի տեքստը, որը բերել էր խորհրդարանական ընդդիմությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին, սակայն, դեռևս չի հաջողվել քվորում ապահովել։

Իշխող «Քաղաքացիական պայամանագիրը» ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք նիստին չեն մասնակցի՝ թույլ չտալով, որ քվորում լինի։ Այսօրվա արտահերթ նիստին գրանցվեց 34 պատգամավոր, ինչից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվորում չկա․ «Օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգմավորների գրացմամբ, բայց ոչ ավելի, քան չորս ժամ»,- նշեց Սիմոնյանը։

Չորս ժամ անց ևս ընդդիմությունը չկարողացավ ապահովել քվորում նախագիծը քննարկելու համար։

Ընդդիմությունն արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն ներկայացրել էր 33-ը, ստորագրողների ցանկում չկային «Պատիվ ունեմ»-ից երկու պատգամավոր, որոնք այսօր մասնակցում էին նիստին։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել