Բագրատ սրբազանը «սկսում է պայքարի նոր փուլ»

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր Ազգային ժողովի դիմաց հանրահավաքում խոսեց ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու գաղափարի մասին։ Նրա խոսքով՝ այդ տարբերակը քննարկել են․ «Այդ թեման առկա է, և այն կգործի՝ ըստ նպատակահարմարության և ճիշտ ժամանակին»։

Հունիսի 17-ին Բագրատ սրբազանն Ազգային ժողովի դիմաց հայտարարեց, որ սկսում են պայքարի մեկ այլ փուլ, որի շրջանակում իրենք կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու դիմաց․ «Սուրբ Աննա եկեղեցին մնալու է սրբազան հավաքավայրը․ հանդիպելու ենք օրը մեջ, քննարկելու ենք նոր որակի Հայաստան ունեալու հարցերը»,- նշեց Գալստանյանը։

Նա նաև անդրադաձավ մանդատները վայր դնելու՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչերին․ «Բոլոր լուծումները քննարկված են մանրակրկիտ կերպով։ Բոլոր լուծումներն ընդունելի են։ Մենք ժամանակի նպատակահարմարության և արդյունավետության հարց ունենք։ Ոչ ոք դա չի բացառել»,- հայտնեց Գալստանյանը։ Նրա կարծիքով՝ պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից։

Սրբազանի կարծիքով՝ «հունիսի 12-ը նույն Մարտի 1-ն է»

Հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հունիսի 12-ին ոստիկանների գործողությունները համեմատեց 2008-ի մարտմեկյան արյունալի իրադարձությունների հետ՝ հավասարության նշան դնելով երկուսի միջև։

«Հունիսի 12-ը նույն Մարտի մեկն է, ուղղակի այն մարդն էր բեմից բացակայում, որը մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով, երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս փառավորվում է։ Բայց այդ մարդը նույն գործողությունը, նույն կերպով ու ոգով իրագործեց նաև այսօր, բայց գտնվելով այս պարիսպներից ներս»,- հայտարարեց արքեպսիկոպոսը, որը մայիսի 9-ից պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրա համոզմամբ՝ «սեփական ժողովրդի վրա ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող չէ, բայց հեռացող է»։

Գալստանյանը հայտարարեց, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակվելու է ավելի հուժկու ու առավել խորությամբ։

«Շարժումը բաժանվում է երկու մասի, մինչև հունիսի 12 ու 12-ից հետո։ Առաջին փուլում մենք հաջողության ենք հասել, մեր ժողովուրդն արթնացել է և ցույց է տվել, որ այլևս այսպես անպատիվ ապրել չի ուզում։ Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է»,- ամփոփեց շարժման ղեկավարը։

***

Մայիսի 9-ին Տավուշի Կիրանց գյուղից Երևան հասավ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Բագրատ սրբազանը ազդարարեց անհնազանդության գործողություններ սկսելու և ԱԺ-ով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին։ Նա հայտարարեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հետ խորհրդակցություններից հետո իրենք նախաձեռնելու են վարչապետի անվստահության գործըթնաց։ Ընդդիմությունը, սակայն, չկարողացավ ստանալ անվստահության նախագիծն ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ 36 ձայները, որից հետո ԱԺ օրակարգ բերեց հրաժարականի ուղերձի նախագիծ, որն ընդունվելու դեպքում անգամ կառավարության արձակմանը չէր կարող հանգեցնել։ Այդուհանդերձ, այս նախագիծը քննարկելու համար նախատեսվող քվորումն էլ խորհրդարանական ընդդիմությունը չապահովեց։

Բագրատ սրբազանը պայքարը սկսեց հյուսիսարևելյան Կիրանց գյուղից՝ ղեկավարելով տավուշցիների բողոքի ցույցերն ընդդեմ սահմանազատման և Հայաստանի միակողմանի զիջումների։ Նա երթով եկավ Երևան՝ այդ ողջ ընթացքում հայտարարելով, որ պետք է կասեցնել Տավուշում մեկնարկած սահմանազատումը։ Մինչ Երևանում սրբազանը փորձում էր հասնել Փաշինյանի հրաժարականին, Ոսկեպարում և Կիրանցում ավարտին հասավ սահմանազատման գործընթացը։

Մեկնաբանել