Բաքվի գործելակերպը հիմնավորում է COP29-ից հետո Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկելու վերլուծությունները․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ Բաքվի արձագանքը տարակուսանք է առաջացնում։ Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է վիժեցնելու խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը։ Հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանի այս գործելակերպը հիմնավորում է վերլուծությունները, համաձայն որոնց՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Ադրբեջանը հնարավոր է նոր ագրեսիա ձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,- ասված է հայտարարությունում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում հունիսի 17-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։

Ադրբեջանի ՊՆ-ը, անդրադառնալով CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը, հայտարարել է, թե «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշել է, թե «Հարավային Կովկասում իրավիճակի սրման և ռազմական գործողությունների նոր օջախի ստեղծման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարության վրա»։

Մեկնաբանել