Հաջիևի կարծիքով՝ հայ-ֆրանսիական համագործակցությունը «վտանգում է խաղաղության գործընթացը»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կարծում է, թե հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը վտանգ է ներկայացնում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և Կովկասում խաղաղության հաստատման համար։

«[Ֆրանսիայի] այդ քայլը որևէ կերպ չի նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Տարածաշրջանում Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը լուրջ վտանգ է և հարվածում է խաղաղության գործընթացին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 19-ին արդյունքներ են գրանցվել սահմանազատման հարցում, դրանից առաջ՝ դեկտեմբերի 7-ին, երկու երկրների բարձրագույն մարմինների մակարդակում համատեղ հայտարարություն է ընդունվել, ինչպես նաև Հարավային Կովկասում լուրջ քայլեր են արվել խաղաղության փոխակերպման համար»,- հունիսի 19-ին ասել է Հաջիևը։

Նա մտահոգություն է հայտնել Հայաստանին փոխանցվող ֆրանսիական սպառազինության առնչությամբ՝ նշելով, թե դա խթանելու է «Հայաստանի ռևանշիստական ուժերի» գործողությունները։ Հաջիևը ֆրանսիական քաղաքականությունն անպաստախանատու է համարել՝ նկատելով, որ Ֆրանսիան նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ հունիսի 17-ին, Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։

Մեկնաբանել