Կառավարությունը 51,4 միլիոն դրամ կփոխհատուցի նախկին պաշտոնյային՝ պաշտոնից ազատելու համար

Հայաստանի կառավարությունը 51,4 միլիոն դրամ է վճարելու Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետի տեղակալ Արմեն Հարությունյանին՝ նրան օրենքի խախտմամբ աշխատանքից ազատելու համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում։

Արմեն Հարությունյանն ազատվել էր այդ պաշտոնից 2019-ի օգոստոսին։ Այդ ժամանակ արդարադատության նախարարն էր Ռուստամ Բադասյանը։

Պաշտոնից ազատվելուց հետո Հարությունյանն իրեն պաշտոնանկ անելու նախարարի որոշումը սկսել էր վիճարկել վարչական դատարանում։ Դատական գործընթացը հասել էր մինչև վճռաբեկ դատարան, որտեղ ևս Հարությունյանը հաղթել էր արդարադատության նախարարությանը։

Ի կատարումն դատարանի որոշման՝ Հարությունյանին ենթակա է վճարման 38,2 միլիոն դրամ, հարկերով ու պարտադիր այլ վճարներով՝ 51,4 միլիոն դրամ։ Այս գումարը արդարադատության նախարարությանն է փոխանցվելու պահուստային ֆոնդից։

Մեկնաբանել