Փարիզն առճակատման հերթական շրջափուլն է հրահրում Հարավային Կովկասում․ Զախարովա

Փարիզը զինված առճակատման հերթական շրջափուլն է հրահրում Հարավային Կովկասում։ Այդ մասին հունիսի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու պայմանագիրը։

«Սա ևս մեկ քայլ է (էսկալացիա հրահրելու – խմբ․)։ Մենք այդ մասին խոսել ենք, դա կրկին հաստատվում է»,- հայտարարել է նա։

Զախարովայի կարծիքով՝ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն ձգտում է օգտագործել եղած հակասությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում հունիսի 17-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։

***

Բաքուն ևս հայտարարում է, թե «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը ճանապարհ է դեպի նոր պատերազմ»։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագրի ստորագրմանը, հայտարարել է, թե «Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ կարծիք է հայտնել, թե հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը վտանգ է ներկայացնում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համար։

Մեկնաբանել