Լուսինե Հովհաննիսյան
Սկիզբը՝ այստեղ։
Օդրի Տոտուն Անուկ Բիգոն է՝ քսաներեք տարեկան ֆրանսուհի, մեծ աչքերով, սլացիկ, գեղեցիկ։ Բայց ինչպես ասում էր ստեփանակերտցի Կարոն՝ ELIS CARE շարժական կլինիկայի վարորդը․ «ստի փրանցուժենկա չինիլ, էսքան համե՞ստ, էսքա՞ն, հանց ա փրանցուժենկա չինի» (սենց ֆրանսուհի կլինի՞, էսքան համե՞ստ, էսքա՞ն, ոնց որ ֆրանսուհի չլինի)։ Օդրի Տոտուի լայն բացված աչքերով, թափանցիկ Անուկը շարժական կլինիկայի համակարգողն է։ Մեծ գործերից բացի, կարգավորում էր Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի այցելուների հերթը, ինչն ամեն մարդու բան չէ, մոտենում է բոլորին, գրանցում անունները, կարգավորում է թղթաբանությունը, հարթում հերթում առաջացած վեճերը։ Ու բոլոր գործերը ֆրանսիական ժպիտով ու արևմտյան ներքին կանոնադրությամբ՝ ցույց չտալ, թե հոգնած է։ Մեկ տարի է, ինչ աշխատում է, իր կյանքի առաջին աշխատանքն է, սկսել է Փարիզում որպես ստաժոր, հետո պայմանագիր են կնքել, եկել է Հայաստան։ Ծնվել ու ապրել է Փարիզում։ Սովորել է հայերեն ու հայերեն է շփվում։

Անուկն ասում է՝ տասնյոթ տարի է չեմ եկել Հայաստան, փոքր ժամանակ գալիս էի․ մայրը մեր համաքաղացին է։ Չկարողացա հաշվել քանի տարեկան է երեխայի ժպիտով Անուկը, որ տասնյոթ տարի չի եկել, բայց փոքր ժամանակ գալիս էր, ու, խախտելով ֆրանսիական կանոնադրությունը, աղջկան հարցնում եմ տարիքը՝ 1999 թիվ։ Մասնագիտությունը գեոպոլիտիկան է։ Հայաստանի մասին ասում է՝ քանի որ ես արտոնություններ ունեմ, ինձ վրա չեմ զգում Հայաստանի խնդիրները, իմ աշխատավարձը ֆրանսիական է։ Ես տեսնում եմ դժվարությունները, գիտեմ։ Գիտեմ, որ կարող են խաբել, բայց շատերն էլ կարող են օգնել, որ չխաբվեմ։
-Հայաստանում ամենից շատ սիրում եմ «Անուկ ջան»-ը ու որ քիչ առաջ ծանոթացած մարդիկ հրավիրում են իրենց տուն, անհանգստանում են քեզ համար։
Այստեղ կարևոր է ստեփանակերտցի Կարոյի ու ֆրանսուհի Անուկի շփումը։
Կարոն վաթսունին մոտ մարդ է, շարժական կլինիկայի վարորդն է ու հարակից բոլոր տեխնիկական խնդիրներ լուծողը։
Արցախցի տղամարդիկ հիմա դժվար են շփվում։ Շատ են պարտված, խաբված են ու դրանից է, որ նույնիսկ ամենակենցաղային խոսակցության ժամանակ կարող ես զգալ դառնությունը։
Շարժական կլինիկայի գազարագույն ավտոբուսի մոտ Կարոյի հետ խոսում ենք մեզ միավորող միակ բանից։
Խնդրում է «դուք»-ով չշփվենք, ասում է՝ ես էդ «դուք»-ը սիրում չում։
-Տունդ որտեղ է՞ր Ստեփանակերտում,- հարցնում եմ ինքնս էլ չգիտեմ ինչու․ երևի, որ մի քանի րոպեով գնանք Ստեփանակերտ։
-Շուշվա ուգըլը։ Կալցևոյում էլ խանութ ունեի։ Հայաստանից միրգ էի բերում։
Մինչև պատերազմն էլ հեշտ չէր կյանքը։ Ասում է․ «առավոտ շուտ գնում էինք ես ու կինս խանութ, տասնմեկին տուն գալիս։ Կինս կարտոշկա էր տապակում, նայում էինք ժամին՝ իրիկունվա տասնեմկն էր, օրվա էդ ժամին կարտոշկա կուտե՞ն։ Բայց ինչ արած, օրը անցնում էր, մենակ գործ էինք անում։ Բայց իմ տանն էի»։
Սայաթ-Նովա գյուղում տուն են վարձել, մի մեծ ընտանիքով տեղավորվել են մի կերպ։ Մայրը մահացել է գաղթից հետո՝ Հայաստանում։ Հայրը ութսունչորս տարեկան է, լուրջ առողջական խնդիրներով։ Տղան պատրաստվում է գնալ Հայաստանից, գործ չկա։
-Ինչից ես նեղվում ամենաշատը։
-«Էս ղարաբաղցիք»-ից։ Որտեղով անցնում ես էդ ես լսում։
-Կարո՞, ամեն տեղ էդ են ասու՞մ, լավ բան չե՞ն անում, չեն ասու՞մ։
-Ասում են։ Անում են։ Երևան տաքսի եմ քշում, էդքան մարդ ա նստել ավտոս, ոչ մեկը մի թարս բան չի ասել։ Ստեղ էլ են հոյակապ մարդիկ՝ էս ավտոբուսում։ Բժշկուհին հոյակապ կին ա, էկավ մեր տուն հորս սոնոգրաֆիա արեց, որ իմացավ վատ ա վիճակը։ Բայց որ էդ «էս ղարաբաղցիք»-ը լսում եմ՝ արյունը տալիս ա գլխիս։ Արա, ինչ են արել ձեզ ղարաբաղցիք։ Մի էրկուսից վառված եք, բա ես էլ եմ վառված, ես ինչ անեմ, տանջված մարդ եմ, սաղ կյանքս առավոտից իրիկուն գործի մեջ, հինչըն օզում ինձ անա (ինչ են ուզում ինձնից)։
Ու Կարոն հատ-հատ հիշում է՝ ով, որտեղ ասեց «էս ղարաբաղցիք»։
-Կարո, դու բան չե՞ս ասել, չի էղե՞լ, որ դու էլ թարս բան ասես, ասեց՝ ասեց էլի, մեկը վատ կասի, տասը՝ լավ, ինչի ես գժվում։ Կամ էն, ինչ ինձ պատմեցիր քո մասին, իրանց էլ պատմի, ասա՝ գործ անող մարդ եմ, առավոտից իրիկուն տանջվել եմ, ինչի ես էդ չար բառերն ասում ինձ, հը՞։
-Կարում չում, սըրտս օզյումա թա տյուս կյա (չեմ կարողանում, սիրտս ուզում ա, թե դուրս գա)։
Զրույցը ընդհատում է Կարոյի հեռախոսի զանգը։ Նյարդային բաներ է ասում Կարոն հեռախոսով։ Անջատում, մի քիչ լռում է։ Հարցնում եմ․
-Ի՞նչ էր, էլի «էս ղարաբաղցիք» է՞ր։
-Ա չէ է, սա էլ լրիվ հակառակ պատմությունն ա։ Ստեփանակերտից դուրս գալու օրը, դե, մեքենաներիցս մեկը թողեցինք տանը, բենզին չկար, մի անծանոթ մարդ պատահեց, վատ վիճակում էր, բենզին ուներ, մեքենա չուներ, որ ընտանիքը հանի, բանալին տվեցի իրան, ասեցի՝ գնա վերցրու, բենզինը լցրու դուրս արի։ Էս մարդը շրջվեց, թե՝ բա սկի համար էլ չե՞ս տալիս կամ ուզում, որ մեքենադ բերեմ։ էդ խառը մոմենտին ասեցի՝ որ մտքիդ լինի՝ ինձ կգտնես։ Մինչև հիմա չի բերել ավտոս, չբերեց։ Հիմա խախտում ա արել, ավտոտեսուչը ֆիքսել ա, զանգում են ինձ, թե արի տուգանք ունես վճարելու։ Բա չգժվե՞ս։
-Դե, կգտնեն, ուրեմն, մի ջղայնացի, ավելի լավ, ավտոդ էլ կբերեն քեզ կտան։
-Ըտեղ լավ բան չկա․․․
-Բայց լավ ա էլի, որ կգտնեն, համ էլ հետևություն կանես, որ Ղարաբաղում էլ լիքը անհաջող մարդ կա, Հայաստանում էլ, ու «էս ղարաբաղցիք»-ը ավելի լուրջ բան չի, քան անհաջող, չմտածված արտահայտություն։
Կարոն ձեռքերով դեմքը փակում է, երևի, որ շատ չբորբոքվի, ու էդ պահին շորորալով անցնում է սեփական արտաքինի հանդեպ մի հոգատար կին, բոլորովին ոչ նյարդային՝ աշխարհին մատերի արանքով նայող։ Կարոն կտրուկ շրջվում է, թե․
-Ա մին սպասե, քու դեմքդ ծանոթ ա, տու ստեփանակերտցե ը՞ս (Մի հատ սպասի, դու ստեփանակերտցի ե՞ս):
-Կինը, երևի յոթանասունին մոտ էր, բայց վաթսունի տեսքով, բարեհամբույր շրջվում է, թե
-Հա, իմ դեմքս տու Ստեփանակերտ ամեն տըղ կարող ըս տըսած ինիս (իմ դեմքը դու Ստեփանակերտում ամեն տեղ կարող էիր տեսած լինել)։ Գաստրանոմեն Ռոզիկն ում։ (Գաստրոնոմի Ռոզիկն եմ):
Ու Կարոն մոռանում է ներկան, Վեդին՝ իր բարկ արևով, տեսուչին, ու ինքն ու Ռոզիկը Ստեփանակերտի վարից մտնում, վերից դուրս են գալիս՝ բոլոր ընդհանուր ծանոթներին տեղը բերում, ով ում դասարանից էր, հետո ինչ եղավ, որ թվին ով ուր գնաց։
Ցավազրկեցին Կարոյին մի քանի րոպեով։ Քաղաքն էին հիշում։ Իսկ «քաղաք» ասելով, եթե չեք մոռացել, ստեփանակերտցիները նկատի ունեն միայն Ստեփանակերտը։
Երբ հասան Հերկուլեսին, զգացի, որ շատ են հետ գնացել, պարզվում է՝ Հերկուլեսը խորհրդային շրջանի պերսոնաժ էր, իրեն էլ էին հիշել։ Հերկուլեսը, ասում է, մի մատով հինգկոպեկանոց էր ծռում։
Երբեք չէի պատկերացնի, որ երկու ստեփանակերտցու զրույցը կարող է Սարոյան հիշեցնել։
Ու «Հերկուլես» էին ասում, ոչ թե՝ «Գերկուլես»։
Ռոզիկը գնաց։ Կարոյի հարցին, թե՝ քեզ ստեղ ոնց են վերաբերվում, Ռոզիկը անտարբեր թոթվեց ուսերը․
-Ես փակ մարդ եմ, քիչ եմ շփվում, բայց վատ բան ասող չի էղել։
Գաստրոնոմի Ռոզիկի գնալուց հետո Կարոն էլի մռայլ գծի վրա ընկավ։ Հիշեց, որ տանը հիվանդ հայր ունի, որ տուն չունի, տղան գնում է, մի կողմ դրած կոպեկ չունի, օրվա վաստակածը ուտում-քնում են, որ մեքենան տեսուչը կանգնեցրել է, տուգանք են գրել, իսկ ղեկին էն ստեփանակերտցի մարդն էր, որին տվել էր ավտոն, որ փրկվի։ Վերջում էլ՝ «էս ղարաբաղցիք» -ը հիշեց, կտրուկ վեր կացավ, մի հատ էլ դես ու դեն արեց, մինչև գործը ավարտվի, բժիշկներին քշի, տանի տներով։
Եվ միայն ֆրանսուհի Անուկ Բիգոյի հետ շփվելիս էր Կարոյի դեմքի մեջ առաջանում անսահման հոգածություն, հիացմունք ու մի մեծ զարմանք՝ էսքան համեստ փրանցուժենկա կընի՞ (էսքան համեստ ֆրանսուհի կլինի՞):