Չինական ներդրումները Եվրոպայում նվազել են՝ հասնելով 13 տարվա ցածրակետին

Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության գործիքով։

Չինական ներդրումները Եվրոպայում անցյալ տարի 2010-ից ի վեր 13 տարվա ընթացքում իջել են ամենացածր կետին․ այս մասին ասվում Rhodium Group հետազոտական կենտրոնի և գերմանական` Չինաստանի ուսումնասիրությունների Mercator ինստիտուտի (MERICS) համատեղ զեկույցում։

Զեկույցի համաձայն, չինական ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) Եվրոպայում (ԵՄ-27 երկիր և Մեծ Բրիտանիա) նախորդ տարի (2023) շարունակել են նվազել և կազմել 6,8 մլրդ եվրո՝ 2022-ի 7,1 մլրդ եվրոյի համեմատ, ինչը ամենացածր մակարդակն է 2010-ից ի վեր։

Զեկույցն արձանագրում է, որ չինական կորպորատիվ ներդրողներն անցյալ տարի բախվել են մարտահրավերների և անորոշությունների՝ կապված Եվրոպայում և ամբողջ աշխարհում քաղաքական և տնտեսական գործոնների հետ։ Համաշխարհային տնտեսությունում անորոշությունները ևս ազդել են չինական ընկերությունների ներդրումային միջավայրի վրա՝ աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, այդ թվում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ու Մերձավոր Արևելքում նոր հակամարտության։

Հետքովիդյան ժամանակաշրջանում Չինաստանի խամրած տնտեսական աճը թուլացրել է չինական շատ ընկերությունների ֆինանսական դիրքերը։

Թայվանի Յունլինի գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Չենգ Չենգ-պինգը Եվրոպայում չինական ներդրումների անկումը պայմանավորում է Չինաստանի տնտեսական ոչ բարվոք իրադրությամբ։ «2023-ից ի վեր Չինաստանի տնտեսությունը վատթարացել է։ Թեև ՀՆԱ-ի աճի պաշտոնական տեմպը մոտ 5 տոկոս է, սակայն իրական վիճակը վատ է, արտահանման վիճակը նույնպես վատ է, ուստի ընդհանուր օտարերկրյա ներդրումները նվազում են»,- ասել է նա։

«Կապիտալի նկատմամբ խիստ վերահսկողությունը և չինական յուանի արժեզրկումը խոչընդոտում են օտարերկրյա ներդրումներին: Եվրամիությունը ձգտում է վերանայել ԵՄ-Չինաստան հարաբերությունները և հավասարակշռություն հաստատել ռիսկերի նվազեցման և համագործակցության միջև՝ մի տեղաշարժ, որը խորացրել է չինացի պոտենցիալ ներդրողների առջև ծառացած անորոշությունները: Այս ամենը տեղի է ունենում Եվրոպայում օտարերկրյա ներդրումների նկատմամբ ուժեղացված վերահսկողության պայմաններում, քանի որ եվրոպական կառավարությունների օրակարգում տնտեսական անվտանգության հարցը առաջնահերթ է դարձել»,- ասվում է զեկույցում:

«2023-ին չինական ներդրումները ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում թեև ոչ էական, բայց կրճատվել են՝ 2022-ի 7,1 մլրդ եվրոյից մինչև 6,8 մլրդ եվրո: Սա ներդրումների ամենացածր մակարդակն է 2010-ից ի վեր»,- ասվում է զեկույցում։

Ըստ հետազոտության` այնուամենայնիվ զրոյից ստեղծվող ձեռնարկություններում ներդրումների պատկերը (greenfield investments) ցույց է տալիս, որ 2016-ից ի վեր ներդրումների կտրուկ անկումը կարող է փոխհատուցվել էլեկտրական ավտոմեքենաների ոլորտում չինական շարունակվող ներդրումներով։

Եվրոպայում չինական ՕՈՒՆ-ը շարունակում է մնալ խիստ կենտրոնացված, նշվում է զեկույցում։

«Ներդրումների ընդհանուր մակարդակի անկմանը զուգահեռ մեծացել է առանձին ​​գործարքների և ներդրումների հարաբերական նշանակությունը»,- նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ 2021-2023 թթ․ չինական հինգ ամենախոշոր ներդրումները Եվրոպայում կազմել են այդ երկրի ընդհանուր ներդրումների երկու երրորդը՝ 2020-ի 45 տոկոսի դիմաց։

Գերմանական հետազոտական կենտրոնի զեկույցը նաև նշում է, որ միաձուլումների և ձեռքբերումների (mergers and acquisitions) հանրագումարը նվազել է 58 տոկոսով՝ հասնելով ընդամենը 1,5 մլրդ եվրոյի, իսկ Չինաստանի տնտեսական դժվարությունները և Եվրոպայում կապիտալի նկատմամբ խիստ հսկողությունը՝ օտարերկրյա ներդրումների նկատմամբ վերահսկողության աճին զուգահեռ, նպաստել է միաձուլումների և ձեռքբերումների գործարքների անկմանը։

Զրոյից ստեղծվող ձեռնարկություններում ներդրումների մասնաբաժինը 2023-ին հասել է 78 տոկոսի՝ աճելով 2022-ի 51 տոկոս ցուցանիշից։ 2023-ին զրոյից ստեղծվող բիզնեսներում չինական լավագույն նախագծերը ստացվել են CATL, AESC և Huayou Cobalt մասնավոր ընկերություններից, որոնք ներդրումներ են կատարել մարտկոցների գործարաններում Հունգարիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։

Զեկույցում ասվում է, որ էլեկտրական ավտոմեքենաների ոլորտում ներդրումների առումով Հունգարիան առաջատար է, քանի որ 2023-ին ստացել է Եվրոպայում չինական ՕՈՒՆ-ի 44 տոկոսը։

Չինական ՕՈՒՆ-ի ավելի քան երկու երրորդը (69 տոկոս) կատարվել է 2023-ին էլեկտրամեքենաների ոլորտում՝ 2022-ի 41 տոկոսի դիմաց, ասվում է զեկույցում:

MERICS-ը և Rhodium Group-ը պարզել են, որ չինական ուղղակի ներդրումները տատանողական են՝ կապված մարտկոցների բիզնեսում ներդրումներով․ հայտարարվել է, որ 2024-ին նոր ստեղծվող երկու ձեռնարկություններում մեկական մլրդ եվրո ներդրում կարվի, իսկ BYD-ն հայտարարել է Հունգարիայում արդեն 2026-ին էլեկտրամեքենաներ թողարկելու իր ծրագրերի մասին։

Թեև Եվրոպայի առողջապահության, սպառողական ապրանքների, զվարճանքի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները շարունակում են գրավել չինացի ներդրողներին՝ Եվրոպայում ներդրումների զննման աշխարհագրական և ոլորտային շրջանակը շարունակում է ընդլայնվել, քանի որ Եվրամիությունը աշխատում է ավելի մեծ հետևողականության ցուցաբերել ներդրումային կանոնակարգերի պահպանման հարցում: Զեկույցն ասում է, որ չինական ընկերությունները, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Եվրոպայում ռազմավարական ոլորտներում, ավելի շատ են ենթարկվելու կարգավորիչ մարմինների վերահսկողությանը:

Թայվանի Չունգ-Հուա Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Վան Գու Չենին պնդում է, որ Եվրոպայում Չինաստանի ուղղակի ներդրումները նույնպես նվազում են աշխարհաքաղաքական անվտանգության պատճառով:

«Եվրոպան և ԱՄՆ-ն այժմ ուժեղացնում են օտարերկրյա ներդրումների հարցում ազգային անվտանգության վերանայումը: Սա միտում է եղել վերջին տարիներին, և գնալով ավելի խիստ է դառնում»,- ասել է Վան Գու Չենը` հավելելով, որ Չինաստանի ներդրումները Եվրոպայում խոչընդոտների են հանդիպում 2021-ի մայիսից, երբ Եվրախորհրդարանը սառեցրեց ԵՄ-Չինաստան ներդրումների համապարփակ համաձայնագիրը, որը ԵՄ ներդրողներին պետք է ավելի մեծ մատչում ապահովեր Չինաստանի շուկա։

Զեկույցի համաձայն՝ Եվրոպայում էլեկտրամեքենաների ոլորտում շարունակվող ներդրումները կշարունակեն մեղմել չինական ուղղակի ներդրումների անկումն այս աշխարհամասում, սակայն ներդրումների էական աճ չի սպասվում: Ներդրումները, ամենայն հավանականությամբ, կմնան ցածր մակարդակում՝ չինական ընկերությունների թույլ ֆինանսական դիրքերի և Եվրոպայում պետական ​​վերահսկողության ուժեղացման պատճառով:

Չինական ընկերությունները պետք է նաև կշռադատեն Եվրոպայում շուկայական հնարավորությունները ԵՄ-Չինաստան աճող առևտրային լարվածության ֆոնին, ասվում է զեկույցում:

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Financialpost.us կայքում։

Մեկնաբանել