Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

Փոխարենը Արարատ Միրզոյանն մեկնելու է Վիլնյուս, հանդիպելու է Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել