Մոսկվան հուսով է՝ Երևանում կհասկանան ՀԱՊԿ-ի արդյունավետությունը

Մոսկվան հուսով է` Երևանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար։ ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:

«Մենք հույս ունենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,- ասել է Գալուզինը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին։

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:

Մեկնաբանել