Կեսդարյա կասկածներ Պարույր Սևակի մահվան հանգամանքների շուրջ

Հունիսի 17-ը Պարույր Սևակի ողբերգական մահվան օրն է։ Այս տարի հունվարին լրացավ բանաստեղծի ծննդյան 100-ամյակը, և բնական է, որ այս հունիսի 17-ին Զանգակատուն գյուղի նրա գերեզմանին շատ ավելի մեծ թվով մարդիկ էին այցելել, քան նախորդ տարիներին՝ աշակերտներ, ուսուցիչներ, մտավորականներ, Արարատի մարզի պաշտոնյաներ, Հայաստանի գրողների միության նախագահն ու մի քանի գրողներ, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներ, համագյուղացիներ ու պարզապես ամեն տարի այդ օրը որպես ուխտատեղի այստեղ այցի եկող սևակյան պոեզիայի սիրահարներ։

Տարվա ընթացքում մեծ ու փոքր մի քանի հոբելյանական միջոցառումներ են եղել, ինչպես պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ին, Գրողների միությունում տեղի ունեցած ցերեկույթը, որն ամբողջությամբ նվիրված էր Պարույր Սևակի թողած թարգմանական ժառանգությանը։

Հունիսի 17-ին՝ մինչ միջոցառումների մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Պարույր Սևակի որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի հիշատակը, որը կյանքին հրաժեշտ տվեց շաբաթներ առաջ։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր հիշատակի խոսքում Պարույր Սևակին բնորոշեց որպես մեծ բանաստեղծ ու քաղաքացի, որի գրիչը սթափեցնող էր, իսկ պոեզիան՝ մրցակցային համաշխարհային գրականության մեջ։

Ծաղիկների ավանդական խոնարհումից հետո տեղի ունեցան «100» գրքի, «Իբրև սկիզբ» խորագրով սեղանի խաղի, «Վարք մեծաց» բանաստեղծության 20 անիմացիայի (ԱՌԼՈՒՊԱ հավելվածի միջոցով) շնորհանդեսները, որոնք վարում էր թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը՝ Պարյուր Սևակի թոռը։

Տարելիցի օրվա ավարտին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի արտիստները ներկաների դատին հանձնեցին իրենց խաղացանկի «Մարդը ափի մեջ» ներկայացման բացօթյա տարբերակը։

Այսքանը որպես «պրոտոկոլային» տեքստ, որը չէի գրի, եթե ունկնդիրն ու ականատեսը չլինեի մի բանի, որն այնքան էլ անբնական չէր։ Մարդիկ խումբ-խումբ կանգնած կիսաձայն քննարկում էին հարցը․ պատահական ավտովթարի՞ զոհ գնաց Պարույր Սևակը, թե՝ այն կազմակերպված էր, դիտավորություն և ուրեմն՝ սպանություն։

Հիսուներեք տարի է անցել այդ օրից, թեման արծարծող բազմաթիվ հոդվածներ ու գրքեր են գրվել, հեռուստահաղորդումներ ու փաստավավերագրական ֆիլմեր նկարահանվել, սակայն մարդկային զանգվածները շարունակում են Սևակի թողած ժառանգությունից ավելի հետաքրքրվել հենց այս խնդրով։ Առաջիններից մեկը, որ փորձեց հարցին սպառիչ պատասխան տալ իր «Պարույրը» գրքով, Սևակի մտերիմ և իմ կուրսի ղեկավար Լևոն Հախվերդյանն էր։ Վերջիններից մեկը Հովիկ Չարախչյանի «Սևակի մահվան առեղծվածը» գիրքն է, որտեղ հեղինակը մանրամասն ներկայացնում է պատահար, թե սպանություն վարկածների բոլոր կողմ և դեմ հանգամանքները։ Ծավալուն հետազոտություն իրականացրած Հովիկ Չարախչյանը, թեև բերում է սպանության վարկածի իրավունքը հաստատող մի քանի փաստարկ, նշում դրանց իրական կամ հորինված լինելու հանգամանքը, այսքանով հանդերձ գրքից ընթերցողի ընդհանուր տպավորությունն այն է, որ ավտովթարը կազմակերպված չէր և ուրեմն չկար դիտավորություն բանաստեղծին սպանելու։ Մինչդեռ Սերգեյ Գալոյանն իր «Զուտ սովետական սպանություն» գրքի վերնագրով արդեն հուշում է, որ Սևակի մահը սպանություն էր։ Բայց նա էլ խուսափելով հարցի վերաբերյալ իր վերջնական կարծիքն արտահայտելուց՝ ավելի շատ բանաստեղծի սպանությունը կապում է նրա գործընկերների, մտերիմների հետ։

Փաստարկները, որոնք ապացուցում են պատահական ավտովթարի վարկածը, զորեղ են ու տրամաբանական։ Պարույր Սևակը վարորդ չէր, և առաջին անգամ էր հաղթահարում Չանախչի-Երևան ճանապարհը ղեկին նստած։ Ընդ որում, պիտի համագյուղացի մեկը վարեր մեքենան, բայց բերքահավաքի եռուն շրջան էր, և չի կարողանում։ Եթե երկրի անվտանգության ծառայություններն էին այդ հրաժարումը կազմակերպել, ապա միթե նաև քրոջ ամուսնու վրա էին ազդել, որը հորդորում է Սևակին ռիսկով նստել ու քշել։ Հորինված չէ այն զրույցը, ըստ որի՝ Պարույրն ասել է, որ եթե մեքենան առանց այսուայնկողմ դիպչելու հետընթացով դուրս բերի գարաժից, ուրեմն կգնա։ Ո՞նց կարող էր բանաստեղծի մահը պլանավորած հսկայական երկրի գաղտնի ծառայությունը հույսը դնել նրա «զադնի տալու» վարպետության վրա։

Իմ կարծիքով՝ այս մանրամասներից ավելի կարևոր այլ փաստարկ կա։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ գաղտնի ծառայությունները սպառնացել էին բոլոր մտերիմ ընկերներին՝ Ջիմ Թորոսյանից մինչև Լևոն Հախվերդյան, Սարգիս Մուրադյանից մինչև Ռազմիկ Դավոյան ու Ռուբեն Հովսեփյան, ովքեր վթարից կարճ ժամանակ անց հասել են դեպքի վայր ու հիվանդանոց, որպեսզի հայտարարեն, թե վթարը պատահական էր, ապա անհնար է երևակայել, որ վթարի ժամանակ մեքենայի մեջ գտնված ու կենդանի մնացած Սևակի որդիները նույնպես ստիպողաբար այդ տեսակետն են պնդել։ Եվ դա արել են նաև երկրի անկախացումից հետո, երբ այլևս չկային ՍՍՀՄ-ն ու նրա ամենազոր ՊԱԿ-ը։

Առանձին քննարկման թեմա է, թե ինչ նախադրյալներ կային այդ վթարից առաջ, որպեսզի այդքան մեծ տարածում գտնի սպանության վարկածը։ Պարույր Սևակը դասական իմաստով երկրի գաղափարախոսությանն ընդդիմադիր ու այլախոհ չէր, սակայն հանդուգն էր ու ըմբոստ։ Նա հրաժարվել էր ամեն կարգի պաշտոններից ու արտոնություններից՝ սկսած ՍՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորի մանդատից մինչև Գրողների միության վարչության անդամություն։ Նրան իսկապես տեսել էին ՀԽՍՀ կենտկոմի շենքից կատաղած դուրս գալիս, մինչև իսկ պատառոտված վերնաշապկով, ինչը հուշում էր ոչ միայն սուր բանավեճի, այլ անգամ քաշքշուկի մասին։ Առիթը բանաստեղծի ամենակատարյալ «Եղիցի լույս» ժողովածուն էր, որի ամբողջ տպաքանակը կալանվել էր, ինչպես Չարենցի «Գիրք ճանապարհինը»։ Հետաքրքիր է, որ սուր հակասություններ ունենալով կենտկոմի գաղափարական պատասխանատուների հետ, Սևակը շարունակում էր լավ հարաբերություններ պահպանել առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի հետ։ Կենտկոմի առաջին քարտուղարը, ըստ վկայությունների, նույնիսկ առաջարկել է Սևակին ուղեկցել իրեն Իտալիա կատարելիք ճամփորդության ընթացքում, բայց բանաստեղծը մերժել է մի պարզ պատճառով՝ պիտի Նելլիի հետ Թբիլիսի գնար նրա մոր մահվան քառասունքի արարողությանը մասնակցելու։ Նրանք վթարի օրը Երևան էին գալիս, որ այնտեղից էլ Թբիլիսի մեկնեն։

Սևակը մինչ մահը ամենասիրելի բանաստեղծներից մեկն էր, սակայն ողբերգական ավտովթարը և հատկապես սպանության վարկածը ժողովրդի մեջ բազմապատկեցին հետաքրքրությունը թե՛ նրա պոեզիայի և թե՛ կյանքի մանրամասների նկատմամբ։

Միլան Կունդերան իր «Անմահություն» վեպում գերմանացի մեծագույն բանաստեղծի՝ Գյոթեի օրինակով ցույց է տալիս, թե ինչպես մահվանից հետո անգամ հանճարը չի կարող խուսափել իր փառքի տարընթերցումներից ու մասսաների կողմից իր կենսագրության խմբագրումներից։

Ցանկացած մարդու, առավել ևս նշանավոր մարդու մահվան մանրամասները մեծ ազդեցություն են ունենում ժողովրդի մեջ նրա հետմահու «կենսագրության» վրա։ Մեր ժողովուրդն էլ, ինչպպես երևի բոլոր մնացած ժողովուրդները, հակված է ողբերգականության ու դրամատիզմի լրացուցիչ դոզա հաղորդել իր սիրելի կերպարների մահվան փաստին։

Որքան էլ մարտական ընկերները, հարազատ եղբայրն ու ականատեսները պնդում են, որ Մոնթեին սպանել են շրջապատման մեջ հայտնված ազերիները, այնուամենայնիվ, ժողովուրդը հակված է կարծելու, որ նա սպանվել է հայերի ձեռքով։ Եվ այս մազոխիստական վերաբերմունքը միայն Ավոյի նկատմամբ չէ, որ դրսևորվում է։

Իմ կարծիքով՝ Պարույրի պարագայում, նրանք ովքեր մեղադրվում կամ կասկածվում էին սպանության կազմակերպման մեջ, ոչինչ չարեցին այն հերքելու համար։ Վաթսունականների խրուշչովյան ձնհալի շրջանից հետո, երբ վերևներում կարծում էին, թե հատկապես արվեստագետները չափն անցել են ազատություններ ստանալով, կարճ ասած՝ «հաբռգել» ազատություններից, որոշեցին նպաստել Սևակի սպանության վարկածի շրջանառմանը որպես ըմբոստության հակված արվեստագետներին զգուշացնելու, վախեցնելու անապացուցելի եղանակ։

Մեկնաբանել