Մարտի 1-ի գործը բացահայտվա՞ծ է․ Բագրատ արք․ Գալստանյանի հայտարարության հետքերով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իշխանությունները վեց տարի ունեին 2008-ի մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար, սակայն չեն արել։

«Ողբերգություն է Մարտի 1-ը, բոլոր առումներով է ողբերգություն, բայց էլի եմ ասում՝ այս մարդիկ 6 տարի իշխանության են, իրենք լրիվ հնարավորությունները ունեն մանրակրկիտ բացահայտելու։ Եթե դուք կասեք, որ բացահայտել են, մեղավորներ կան, մեղադրյալներ կան, այդ գործով անցնող դատարանում գտնվող կամ դատապարտված մարդիկ կան, ես էլ կընդունեմ ձեր ասածը, հետևաբար այդ դաշտ տանելը չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց Գալստանյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերը Մարտի 1-ի հետ համեմատելու մասին հարցին։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է 2018-ից հետո Մարտի 1-ի գործով տեղի ունեցած գործընթացներն ու դատավարության ընթացքը։

Մարտի 1-ի գործը․ ինչպես վերաբացվեց, ինչ ընթացք ունեցավ

2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իր և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար Մարտի 1-ի գործի բացահայտումը պատվի և արժանապատվության խնդիր է։

2018-ի հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Որպես մեղադրյալ ներգրավվեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

Ավելի ուշ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Երևանի կայազորի պետի պաշտոնը զբացեղնող Յուրի Խաչատուրովին, նախագահի օգնական Գևորգ Կոստանյանին, Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք առաջադրվեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին։ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և այլ պաշտոնատար անձանց։

2019-ին արդեն Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ոստիկանության զորքերի շտաբի պետի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին։ Պետրոսյանը նաև կալանավորվեց, ոստիկանության զորքերի շտաբի պետի նախկին տեղակալը միակն էր, ում մեղադրանք էր առաջադրվել կոնկրետ սպանության համար։ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում էր ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։

Գործի քննությունը դատարանում սկսվեց 2019-ի ապրիլին։

Երկու տարի նախաքննության փուլում գտնվելուց հետո 2021-ին գործը մտավ բուն դատաքննության փուլ։

Դատավարության ողջ ընթացքում տարբեր առիթներով հետաձգվել են դատական նիստերը։

Ովքե՞ր ազատ արձակվեցին և ի՞նչ հիմքով

Գործով անցնող գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց երեք անգամ, սակայն հետագայում ազատ արձակվեց. սկզբում՝ Վերաքննիչ դատարանը հաշվի էր առել նրա անձեռնմխելիությունը, երկրորդ անգամ դատարանը վերացրեց կալանավորման որոշումը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ, երրորդ անգամ արդեն Քոչարյանն ազատ է արձակվել գրավի դիմաց։

2019-ին ազատ արձակվեց ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը մեղադրվում էր Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Քրեական հետապնդումը դադարեցվեց 2023-ին։ Դատախազությունը նրան անմեղ ճանաչեց՝ սպանությունը կատարելու բավարար ապացույցների պակասի հիմքով։

Իրավապահները դադարեցրեցին նաև այս գործով մեղադրյալներ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բարձրաստիճան ևս երեք նախկին ոստիկանների քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Օրենքի համաձայն՝ հանցագործությունը կատարելու պահից, կախված հանցագործության ծանրությունից, որոշ ժամանակ անց մեղադրյալը կարող է ազատվել քրեական հետապնդումից, բայց առանց արդարացման կամ էլ մեղադրական դատավճռի։ Մեղադրյայը կարող է նաև չհամաձայնել վաղեմության ժամկետի կիրառմանը, և դատարանում ապացուցել իր անմեղությունը։

Նախկին Քրեական օրենսգրքով (ուժը կորցրել է 2022-ին) անձը ազատվում էր քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի, միջին ծանրության հանցանքի դեպքում՝ 5, ծանրի դեպքում՝ 10 տարի, առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքից՝ 15 տարի:

Հակասահմանադրական ճանաչված հոդվածը

Ինչպես վերևում նշեցինք՝ Ռոբերտ Քոչարյանին և մի շարք այլ պաշտոնյաների մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգի տապալման հոդվածով։

2019 թվականի մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացրեց երկու որոշում․ առաջինով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան՝ ստուգելու սահմանադրական կարգը տապալելու հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

2020-ին՝ մինչ ՍԴ-ի որոշումը, Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց խորհրդատվական կարծիք՝ Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի վերաբերյալ։ Հանձնաժողովի եզրակացությունն այն էր, որ հոդվածը չունի իրավական հստակություն։

2021-ին Սահմանադրական դատարանը սահմանադրական կարգը տապալելու հոդվածը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ Այսինքն, ըստ ՍԴ-ի, Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, Սահմանադրությանը չէր համապատասխանում։ Այդպիսով, հակասահմանադրական ճանաչված հոդվածով Քոչարյանի և այս հոդվածով անցնող մյուս անձանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց և դատական գործը կարճվեց։

Մամուլում քննարկվում էր, որ նման հոդվածով բարդ էր հաջողության հասնել, քանի որ սահմանադրական կարգը փաստացի վերահսկում է հենց գործող նախագահը։

2024-ի հունվարի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Սասուն Խաչատրյանը հարցազրույցի ժամանակ նաև ասաց, որ եթե անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն «ամբողջությամբ կազմված լիներ Շեռլոկ Հոլմսերից և Պուարոներից», դարձյալ անիրականանալի կլիներ գտնել ձգանը սեղմողին, քանի որ դեպքի վայրից հավաքված բոլոր պարկուճները և այլ իրեղեն ապացույցները կեղծվել են։

Վերջերս արդեն՝ 2024-ի մայիսին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց, որ Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ քննարկելու Դատախազության վերաորակման գործառույթը։

«Եթե հիշում եք, նախկին մեղադրանքի պայմաններում դատախազությունն այլևս հնարավորություն չուներ արարքը վերաորակել, հիմա այդ հարցը Սահմանադրական դատարանի տիրույթում է գտնվում և Սահմանադրական դատարանը քննարկում է՝ արդյոք մենք կկարողանանք երեք անձերի հետ կապված վերաորակել»,- հայտնեց դատախազը՝ հավելելով, որ մեկ անձի մասով, որով գործը գտնվում է նախաքննության փուլում, մեղադրանքն արդեն իսկ վերաորակված է:

Աննա Վարդապետյանը նաև հաղորդեց, որ ներկայացված լրացուցիչ փամփուշտներ կան, որոնք ուղարկվել են փորձաքննության. «Մինչ օրս քաղաքացիների մոտ դեռեւս փամփուշտներ են պահպանվել, որոնք համեմատական փորձաքննության են ենթարկվում»:

Այսպիսով, փաստացի սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձինք արդարացվել են, քանի որ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, իսկ Մարտի 1-ի գործով տարբեր հոդվածներով անցնող մյուս մեղադրյալները ազատ են արձակվել` վաղեմության ժամկետի հիմքով։

Մեկնաբանել