Խաղաղության պայմանագիրն առաջիկա ամսում կնքելու մեր առաջարկին Ադրբեջանից պատասխան չենք ստացել․ Միրզոյան

Խաղաղության պայմանագիրն առաջիկա ամսում կնքելու հայկական կողմի առաջարկն անպատասխան է մնացել։ Այդ մասին հունիսի 20-ին լիտվացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել և պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը սկսել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց՝ հիմնված 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Միրզոյանը կարևոր է համարում սահմանազատման շարունակականությունը՝ հիմնված նույն Ալմա-Աթայի հռչակագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման վրա, «քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին հստակություն ապահովելու և ապագայում ցանկացած սադրանքներից խուսափելու համար»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 6-ին հայտարարել էր, որ հայկական կողմը պատրաստ է մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։

Մեկնաբանել