Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել և խոշտանգվել է՝ նախկին լրագրողի «դավաճանությունից» հետո

Նիջաթ Ամիրասլանովը։ Լուսանկարը՝ սոցցանցերից։

Այհան Ֆարհադովա, OC Media

Ադրբեջանցի ակտիվիստը պատմել է, որ իշխանություններն իրեն ձերբակալել և կտտանքների են ենթարկել այն բանից հետո, երբ նախկին լրագրողը, որին ինքն օգնել էր փախչել երկրից, վերադարձել և մատնել է իրեն:

Հաղորդվում է, որ կիրակի իր տնից առևանգել են NIDA դեմոկրատական ​​շարժման անդամ Նիջաթ Ամիրասլանովին, խոշտանգել և հաջորդ օրն ազատ արձակել: Ամիրասլանովն OC Media-ին ասել է, որ իրեն կալանավորել են այն բանից հետո, երբ ադրբեջանցի նախկին լրագրող Շիրին (Տիրե) Աբբասովը վերադարձել է Ադրբեջան և 2016-ին մաքսանենգ ճանապարհով երկրից իրեն դուրս հանելու մասով ցուցմունք տվել։

Աբբասովը նախկինում աշխատել է Meydan TV-ի և AbzasMedia-ի համար։ 2015-ին Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների և քաղհասարակության դեմ ճնշումներից հետո նա ապաստան էր խնդրել Գերմանիայում։ Աբբասովը վերջերս հայտարարել էր Ադրբեջան վերադառնալու մասին, ինչը կասկածներ էր առաջացրել, որ նա սկսել է աշխատել իշխանությունների հետ՝ իր նախկին գործընկերների դեմ։

Ըստ ադրբեջանցի վտարանդի լրագրող Աֆղան Մուխթարլիի՝ Աբբասովը մտադիր էր ցուցմունք տալ Meydan TV-ի և AbzasMedia-ի դեմ՝ իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ շարունակվող ճնշումների բոհում:

«Այդ մասին մենք իմացանք ամսվա սկզբին։ Ավելի շուտ՝ ինքն ասաց։ Մենք ամեն ինչ արեցինք, որ Շիրինը չվերադառնա, բայց՝ ապարդյուն։ Բեռլինում գտնվելու ժամանակ նա հստակ ցույց է տվել, որ համագործակցում է [Ադրբեջանի] իշխանությունների հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուխթարլին։

Ամիրասլանովի ազատ արձակումից հետո Մուխթարլին Ֆեյսբուքում գրել է․ «Մարդկանց դավաճանում են ոչ միայն որպես գործակալ հադես եկող անձինք, այլև նրանք, ում ձեռքը բռնում եք: Եվ նրանք վայելում են իրենց դավաճանությունը: Այդպիսի մարդիկ ավելի վտանգավոր են, քանի որ նրանց մասին ամեն ինչ բացահայտ ասել չես կարող»։

Աբբասովը 2015-ին մեկ ամսով կալանավորվել էր այն բանից հետո, երբ իշխանությունները ներխուժել էին Meydan TV՝ լրատվամիջոցին մեղադրելով անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և իշխանության չարաշահման մեջ։ Այն ժամանակ նա ոստիկանությանը մեղադրել էր Meydan TV-ի դեմ ցուցմունք տալու համար իրեն խոշտանգելու մեջ: Ըստ Աբբասովի՝ իրեն ազատ են արձակել լրատվամիջոցի իր գործընկերներին լրտեսելու պայմանով։

Հաղորդվում է, որ նա հրաժարվել է դա անել և խնդրել է Ամիրասլանովին մաքսանենգ ճանապարհով դուրս բերել իրեն Ադրբեջանից, քանի որ իշխանությունները երկիրը լքելու սահմանափակումներ էին մտցրել Meydan TV-ի աշխատակիցների համար:

Խոշտանգումներ՝ կալանքում գտնվելիս

Հաղորդվում է, որ Ամիրասլանովը կալանավորվել է կիրակի, երբ առաքանի վերցնելու նպատակով դուրս է եկել տնից: Նրա մայրը Meydan TV-ին պատմել է, որ տղան անհետացել է, չնայած ասել էր՝ հինգ րոպեից կվերադառնա։ Մինչև երկուշաբթի կեսօրից հետո Ամիրասլանովին ազատ արձակելը իշխանությունները հրաժարվում էին մեկնաբանել նրա գտնվելու վայրը:

Ամիրասլանովը OC Media-ին ասել է, որ իշխանությունների կողմից իրեն զգուշացրել են, որ լրատվամիջոցներին չպատմի իր առևանգման կամ կալանավորման մասին: Ըստ նրա՝ իրեն առևանգել են, երբ սպասում էր առաքիչին և իր փաթեթին։

«Ես առցանց հետևում էի իմ փաթեթին, և երբ առաքիչն ինձ զանգահարեց, դուրս եկա և ասացի, որ դրսում կսպասեմ։ Այդ պահին ինչ-որ մեկը ցատկեց ինձ վրա, տոպրակ հագցրեց գլխիս, և ինձ ձերբակալեցին»,- պատմել է Ամիրասլանովը։

Նա ասել է, որ կալանքում գտնվելու ժամանակ իրեն խոշտանգել են էլեկտրաշոկով, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը: Ուշքի է եկել՝ քթից արնահոսությամբ։

Ամիրասլանովի ընկերներից մեկն անանունության պայմանով OC Media-ին ասել է, որ ակտիվիստը խոշտանգումների է ենթարկվել․ «Նրա ոտքերը ուռած են, իսկ դեմքը՝ կարմիր։ Բժշկի է այցելել, մենք կհետևենք նրա բուժզննմանը»։

Ամիրասլանովը չի նշել, թե անվտանգային որ մարմինն է իրեն ձերբակալել։ Նախկին իրավապաշտպան Յալչին Իմանովը OC Media-ին ասել է, որ Ամիրասլանովը մեղադրվում է որպես խմբի անդամ սահմանն ապօրինի հատելու և բռնության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ «Քրեական օրենսգրքով դա համարվում է փոքր չափի հանցագործություն»,- նշել է նա՝ հավելելով, որ մեղադրանքի վաղեմության ժամկետը լրացել է մեկ տարի առաջ։

Այնուամենայնիվ, քանի որ Ամիրասլանովը ութ տարի առաջ Աբբասովին օգնել է փախչել Ադրբեջանից, Աբբասովի դեմ մեղադրանքները կարող են շարունակվել՝ հաշվի առնելով, որ նա «թաքնվել է հետապնդումից», ինչը ստիպել է կասեցնել դատական ​​գործը:

«Այն բանից հետո, երբ [Աբբասովին] կալանավորեցին, դատական գործը վերսկսվեց, և ես չեմ կարող ասել, որ Ամիրասլանովը կազատվի քրեական պատասխանատվությունից»,- հայտնել է փաստաբանը։ Հաղորդվում է, որ Ամիրասլանովը 2017-ին կալանավայրում խոշտանգումների է ենթարկվել՝ սոցցանցերում իշխանություններին քննադատելուց հետո:

Մեկնաբանել