Բլինքենն Ալիևին կոչ է արել «անհապաղ ավարտին հասցնել» խաղաղության համաձայնագիրը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու կարևորությունը։ Հաղորդագրությունը՝ թարգմանաբար ստորև։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր [հունիսի 20-ին-խմբ․] հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պետքարտուղարը փաստել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ առաջընթացը՝ միտված խաղաղությանը և ընդգծել համաձայնագիրն անհապաղ ավարտին հասցնելու կարևորությունը։

Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահագները հանձնառու է ներգրավված մնալ գործընթացում՝ կողմերի համար օգտակար ցանկացած ձևով։

Ընդգծելով ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարը շեշտել է կառուցողական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հանուն կլիմայի և էներգիայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ը հանձնառու է օգնելու COP29 համաժողովի հաջող անցկացմանը։

Նա ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման կոչ է արել և հորդորել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին և դա անել հնարավորին շուտ»։

Մեկնաբանել