Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը

«Լելո»-ի Թբիլիսիի բյուրոյի ղեկավար Սաբա Բուաձեն։ Էկրանակադրը՝ YouTube-ից։

OC Media

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունն առաջարկել է թմրամիջոցների հարցում երկրի որդեգրած քաղաքականության փոփոխության շրջանակում ապաքրեականացնել թմրամիջոցների օգտագործումը, ինչը ենթադրում է խնդրին մոտենալ ոչ թե քրեական արդարադատության, այլ առողջապահական տեսանկյունից։

Առաջարկը չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է կուսակցության թբիլիսյան բյուրոյի նախագահ Սաբա Բուաձեն։ Նա ենթադրել է, որ երկրում «թմրանյութերի համաճարակի» պատճառը «Վրացական երազանք»-ի կառավարության «հանցավոր անտարբերությունն ու մեղսակցությունն» են եղել։

Ինը քայլ ենթադրող իրենց քաղաքականությունում «Լելո»-ն առաջարկել է.

  • Թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացում,
  • Պատժից անցում դեպի խնամք և կանխարգելում,
  • Շրջաններում թմրամոլների բուժման և վերականգնողական կենտրոնների ստեղծում,
  • Իրավական կարգավորումների մշակման գործում մասնագիտական ​​ասոցիացիաների և թմրամիջոցների ու կախվածությունների հարցերով փորձագետների ներգրավում,
  • Ինստիտուցիոնալ առաջնային կանխարգելման մեխանիզմների ներդրում,
  • «Անզիջում պայքար» թմրավաճառների դեմ,
  • Քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կանոնավոր ստուգումներ՝ պարզելու, թե արդյոք նրանք թմրամիջոցներ են կիրառում,
  • Դեղատոմսով տրամադրվող դեղերի ոլորտի կարգավորում,
  • Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանում՝ որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու միջոց։

IPN-ը հաղորդել է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ «անզիջում պայքար» մղելու «Լելո»-ի առաջարկը ենթադրում է նույնականացնել և պատժի ենթարկել թմրամիջոցների ցանցերի հովանավորներին, ներառյալ նրանց, ովքեր դատական ​​և իրավապահ մարմինների աշխատողներ են:

Քաղաքական գործիչների համար թմրամիջոցների թեստը պարտադիր դարձնելու «Լելո»-ի առաջարկը կչեղարկի կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ «Վրացական երազանք»-ի նախագիծը, որը նախագահին, պատգամավորներին, նախարարներին և նրանց տեղակալներին, Աջարիայի և Աբխազիայի կառավարությունների նախագահներին և Գերագույն խորհրդի անդամներին ազատում է թմրամիջոցների կիրառումը պարզելու նպատակով պարտադիր թեստեր հանձնելուց:

«Վրացական երազանքը» նշյալ օրենքի նախագիծը ներկայացրել է այս տարվա փետրվարի վերջին։

Հակակոռուպցիոն օրենքի ներկայիս տարբերակը սահմանում է, որ պաշտոնյաները պետք է թմրամիջոցների կիրառումը պարզող թեստեր հանձնեն Հակակոռուպցիոն բյուրոյի պահանջով:

Ինչպես տեղեկացրել է IPN-ը, նոր քաղաքականությունը կներառի նաև թմրանյութ օգտագործելու համար բանտարկվածներին ներում շնորհելը:

Ճեպազրույցի ժամանակ Բուաձեն ասել է, որ թմրանյութերի կիրառումն ապաքրեականացնելու վերաբերյալ իր կուսակցության առաջարկն արվում է, որպեսզի կանխվի թմրանյութերի օգտագործումը «քաղաքական ազդեցություն գործադրելու և ընտրությունների ժամանակ ձայներ մոբիլիզացնելու նպատակով, ինչպես համակարգված կերպով դա անում է Ռուսաստանի այս կառավարությունը»։

«Դուք չեք կարող պայքարել սպառման դեմ, պետք է պայքարել խնդրի դեմ. սպառողը չպետք է լինի այս պայքարի առարկան»,- OC Media-ին ասել է Բուաձեն։

Նա հավելել է, որ «Լելո»-ն առաջարկել է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար՝ նվազեցնելու թմրանյութերի ներհոսքը Վրաստան՝ ասելով, որ «այսօր Ռուսաստանն է թմրանյութերի այս ենթակառուցվածքի հիմնական աղբյուրը», և որ Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության ենթակառուցվածքում կարելի է տեսնել «ռուսական հետքեր»։

«Դրանք ռուսական խմբեր են, ռուսական կայքեր, Ռուսաստանի կողմից կառավարվող ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ռուսաստանյան լաբորատորիաներ, որտեղ ստեղծվում է սինթետիկ թմրամիջոցների մեծ մասը»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե որ սինթետիկ թմրամիջոցի մասին է խոսքը։

«Ռուսաստանն իր ներկայիս վիճակում՝ ոչ ժողովրդավարական, ասես սև խոռոչ լինի մեր հարևանությամբ, իհարկե, այն շատ լուրջ վտանգ է պարունակում թմրանյութերի տարածման առումով։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից և Վրաստան ռուսների անվերահսկելի ներհոսքից հետո մենք տեսել ենք, թե ինչպես է մեր երկրում աճել թմրանյութերի հետ առնչվող հանցագործությունների վիճակագրությունը»,- հավելել է նա։

«Լելո»-ն նաև առաջարկել է դպրոցական ծրագրերում ավելացնել թմրամիջոցների չարաշահման և կանխարգելման վերաբերյալ ուսումնական նյութերը, ինչպես նաև ակադեմիական հաստատություններում ավելացնել այս ոլորտում մասնագիտացած հոգեբանների և սոցիալական աշխատողների թիվը:

OC Media-ի հետ զրույցում Բուաձեն ասել է, որ կառավարությունը «համակարգված փորձում է կոծկել» երկրում թմրանյութերի հետ կապված խնդիրները:

Հարցին, թե արդյոք նա ակնկալում էր, որ ընդդիմադիր այլ խմբեր կաջակցեն «Լելո»-ի ծրագրին, Բուաձեն ասել է, որ ընդդիմության մեծ մասը «լիովին ձևավորված» կարծիք չունի խնդրի վերաբերյալ:

Դեռ պարզ չէ, թե «Լելո»- ինչպես և երբ է նախատեսում իր առաջարկությունները ներկայացնել խորհրդարան:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարին հայտարարել էր, որ իր կառավարությունը պատրաստվում է ընդդիմանալ «հասարակության մեջ թմրանյութերի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ձևավորելուն ուղղված քարոզչությանը»։

«Լելո» կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն ապրիլին ներկայացրել էր Վրաստանում թմրամոլության դեմ պայքարի եռաքայլ ծրագիր։ Ավելի հին այն ծրագիրը կողմ էր էր քաղաքական գործիչների համար թմրամիջոցների պարտադիր թեստերի կիրառմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ «անզիջում պայքարին» և պետության ավելի շատ ներգրավվածությանը վերականգնողական միջոցառումների և կախվածության դեմ պայքարում:

Միջազգային մակարդակով աճող ապացույցներ կան առ այն, որ թմրամիջոցներ օգտագործողների նկատմամբ ճնշումներն անարդյունավետ են թմրամիջոցների չարաշահումը կանխելու համար: 2023-ի հունիսին ՄԱԿ-ը հրապարակել է մամուլի հաղորդագրություն՝ կոչ անելով ողջ աշխարհում «հրատապ կարգով» ապաքրեականացնել թմրանյութեր օգտագործելն ու դրանք պահելը։

«Թմրամիջոցների օգտագործումը կամ կախվածությունը երբեք բավարար արդարացում չեն անձին կալանավորելու համար»,- ասված էր ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում։

«Անդամ պետություններին և միջազգային մարմիններին կոչ ենք անում իրենց ներկայիս քաղաքականությունը փոխարինել թմրամիջոցների հետ կապված այնպիսի քաղաքականությամբ, որը հիմնված է համապարփակ, վերականգնող և վերաինտեգրվող արդարադատության մոտեցման կիրառման սկզբունքների վրա։ Արդյունավետ, համայնքային մակարդակում, ներառական և կանխարգելիչ միջոցառումները հավասարապես կարևոր են»,- նշվում էր ՄԱԿ-ի տարածած հայտարարությունում:

Մեկնաբանել