Կիրանց․ սահմանազատվող իրականություն

Տիկին Խանումի վագոն-տնակը Ադրբեջանին փոխանցվող հողատարածքից «վեր է կացել» ու գնացել-հանգրվանել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհի մի հատվածում։

«Այս վագոն-տնակը, ասես, իմ շունչը լինի, իմ երեխան լինի։ Մենակ գերեզման քյալուց չեմ տանելու հետս»,- կատակում է Խանում Թամրազյանը։

Թեև վագոն-տնակը նրան հաջողվել է տեղափոխել, բայց հողը մնալու է Ադրբեջանին, իսկ այդ հողում իր այգին էր։

«Ամբողջ բերքն իմ բախչում է։ Եկել եմ չոր հողի վրա, դոմիկս վեր եմ դրել։ Կարծում եմ՝ դեռևս հնարավոր կլինի իմ այգին գնալ, ես ԱԱԾ սահմանապահներին ասել եմ, որ սխտորի ժամանակ՝ ամսվա վերջին, գնամ ու հանեմ, ասել են՝ խնդիր չի։ Հլա որ ժամանակ կա, բայց եթե փշալարը քաշած լինի, ո՞նց կարան նրանք թողնեն, որ ես գնամ»,- նշում է տիկին Խանումը։

Նա ասում է, որ պետությունն իրեն փոխհատուցել է տան ու հողամասի համար․ «Ինձ համար մի բնակարան են գնել Իջևանում, բայց ես որևէ թղթի տակ չեմ ստորագրել, ես Կիրանցում եմ շարունակելու ապրել»։

Պետությունը այստեղ բավականին բարձր փոխհատուցում է առաջարկում մարդկանց, օրինակ՝ Կիրանց տանող ճանապարհի մի հատվածում տեղադրված վագոն-տնակի ու հարակից հողամասի համար առաջարկում են ավելի քան 50 հազար դոլար։ Այդ մասին մեզ պատմում էին կիրանցեցիները։

Ոչ բոլորն են, սակայն, առ այս պահը համաձայնության եկել, այդ թվում՝ նշված վագոն-տնակի սեփականատերը։

Մարդիկ փոխհատուցման շուրջ քչախոս էին, մի մասն արդեն համաձայնել է։

Սահմանազատումից զատ, ակտիվ են նաև ճանապարհաշինարարական աշխատանքները։ Կիրանցի կամուրջն անցնելու է Ադրբեջանին, միաժամանակ կառուցվում է շրջանցող ճանապարհը:

Սահմանազատվող մասի մեզ տեսանելի հատվածում ամենուրեք փշալարարեր էին՝ մինչև մեկ մետր բարձրության։ Դա էլ, ըստ գյուղացիների, արվել է, որ անասունները չանցնեն ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հատվածներ։

Գյուղացիները պատմեցին, որ նման բան արդեն եղել է, երբ անասունները մոտեցել էին ադրբեջանցի սահմանապահներին, վերջիններս գնացել ու հետ են բերել կենդանիներին։ Ոչ մի կողմից կրակոց չի հնչել։

2020-ի պատերազմից հետո Հայաստանի տարբեր հատվածներում սահմանային փոփոխություններ են եղել․ Կիրանցն ամենաակտիվն էր պայքարում։ Այստեղի բնակիչները մեկ ամսից ավելի փողոց էին փակում, դիմագրավում ոստիկաններին, իշխանությանը։

Թեև որոշ գույքային հարցեր լուծում են ստանում՝ մտահոգությունները շարունակում են գերիշխող լինել․ սահմանն ընդհուպ մոտենում է նորակառույց դպրոցին, մարդիկ այս պահին չեն կարողանում օգտագործել Բերքաբերին մոտ իրենց այգիներն ու ընդհանրապես՝ դժվար է պատկերացնել առօրյա կյանքը ադրբեջանական սահմանապահների աչքի առջև։

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել