ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց չի քննարկվել․ Լավրով

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կարգը կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել։ Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ ենթադրություններ անելը դիվանագիտության ավանդույթների մեջ չէ։

«Այո՛, այսօրվա նիստին Հայաստանի արտգործնախարարը չէր մասնակցում, բայց Հայաստանի կողմից չի եղել որևէ փաստաթուղթ, պաշտոնական քայլ, որը անհրաժեշտ կդարձներ քննարկել մի բանի հետևանքներ, ինչը տեղի չի ունեցել»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հաջորդ տրամաբանական քայլը կազմակերպությունից դուրս գալն է։

Մեկնաբանել