Նամակների արտահոսքը բացահայտում է Բելառուսի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ

Հայկ Հովհաննիսյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Բելառուսն օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի նախապատրաստման գործում, դիվանագիտական սկանդալ առաջացրեց, ինչի արդյունքում Հայաստանն ու Բելառուսը հետ կանչեցին իրենց դեսպաններին։
Այս դեպքերին հաջորդեց Politico Europe պարբերականի հրապարակումը՝ արտահոսած փաստաթղթերի հիման վրա, որոնք փաստում են 2018-2023 թվականներին Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքերի մատակարարումը։
Գաղտնի այս փաստաթղթերը հայտնվել են ՍիվիլՆեթի տրամադրության տակ։ Փաստերի ստուգման մեր թիմը՝ CivilNetCheck-ը, առավել խորքային ուսումնասիրել է դրանք՝ վերհանելով Ադրբեջանի և Բելառուսի ռազմական համագործակցության մանրամասները և ուշագրավ կետերը։
Գաղտնի փաստաթղթերը վկայում են՝ Բելառուսը վերանորոգել է Ադրբեջանի ռազմատեխնիկան և հրետանային միջոցները
Արտահոսած փաստաթղթերը ներառում են 2017-2023-ի ընթացքում Բելառուսի սպառազինության արտահանման պետական ձեռնարկության՝ «Բելսպեցվնեշտեխնիկա»-ի, բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև նամակագրությունները:
Արտահոսած փաստաթղթերից ամենահինը թվագրվում է 2017 թվականի դեկտեմբերին։ Այս նամակում բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետին՝ համատեղ աշխատանքի համար և բանկային տվյալներ կցել՝ «կատարված աշխատանքների մասով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու» համար։
Թե ինչ տեխնիկա կամ ծառայություն է բելառուսական պետական ձեռնարկությունը մատուցել Ադրբեջանի ԳՇ հետախուզության վարչությանը, հայտնի չէ։ Այդ շրջանում ամենանշանակալի գործարքը Ադրբեջանին բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն էր։
Հայտնի չէ, թե ինչպես է կազմակերպվել արտահոսքը, սակայն կարելի է ենթադրել, որ այն իրականացվել է հետախուզական ծառայությունների կողմից։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այդ փաստաթղթերի ֆայլերի մետատվյալները և պարզել, որ դրանք համապատասխանում են փաստաթղթերում նշված տարեթվերին, և խմբագրման հետքեր չեն հայտնաբերվել։
Այս փաստաթղթերը փաստում են, որ Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեն սեփական ակտիվ նախաձեռնությամբ կոմերցիոն առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո։
Ռազմատեխնիկայի վերանորոգման և սպասարկման կենտրոն Ադրբեջանում
Արտահոսած նամակներից մեկից պարզ է դառնում, որ բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկությունը 2018-ի նոյեմբերին բանակցել է Ադրբեջանի ՊՆ-ի հետ՝ վերջինիս տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու իր նախագծային առաջարկի շուրջ։

Չնայած նամակում պատվիրատու երկիրը նշվում է որպես «1221 տարածաշրջան», սակայն կից հավելումներից պարզ է դառնում, որ խոսքը Ադրբեջանի մասին է։ Ծրագիրը հավանություն է ստացել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, սակայն վերջինս առավել խիստ տեխնիկական պահանջներ է դրել նախագծի իրագործման համար։
Փաստաթղթում նշվում է, որ վերանորոգման և սպասարկման կենտրոնը պետք է կարողանա խաղաղ ժամանակ տարեկան մինչև 2 364 միավոր սպառազինության միջին և կապիտալ վերանորոգում իրականացնել, իսկ պատերազմական «հատուկ ժամանակաշրջանում»՝ երկու անգամ ավելի։

#CivilNetCheck-ին չհաջողվեց պարզել բելառուսական այս նախագծի հետագա ճակատագիրը, սակայն 2022-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բաքվում սպառազինության և տեխնիկայի վերանորոգման նոր գործարան է շահագործման հանձնվել։ Թեև կարելի է ենթադրել, որ այս նախագծերը հաջող ընթացք են ստացել, քանի որ արդեն 2021-ի հուլիսի 1-ին թվագրված այլ նամակում բելառուսական պետական «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկությունը առաջարկել է վերանորոգման (ընթացիկ սպասարկման) մասերի և գործիքների փաթեթներ մատակարարել Ադրբեջանին՝ նախատեսված խորհրդային արտադրության քարշակվող հրետանային միջոցների համար։ Բացի այդ, նամակում առաջարկվել է իրականացնել Ադրբեջանի զինված ուժերին պատկանող 67 միավոր 122մմ «Գվոզդիկա» և 14 միավոր 152մմ «Ակացիա» հրետանային ինքնագնացների վերանորոգում։
2022-ի մարտին տեղի ունեցած նամակագրությունում «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկությունը հայտնել է, որ Ադրբեջանից («1221 տարածաշրջան») պատվեր է ստացվել արդիանակացնել ադրբեջանական 14 միավոր ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիրները և համալրել դրանք բելառուսական արտադրության ժամանակակից «Ստրիժ-Մ2» օպտիկա-էլեկտրոնային համակարգերով։

2022-ի հունիսի էլ թվագրվող մեկ այլ նամակ փաստում է, որ Բելառուսը նոր խոշոր պատվեր է ստացել ադրբեջանական հրետանու վերանորոգման մասերի մատակարարման համար։
Նամակում առաջարկվում է մատակարարել վերանորոգման և փոխարինման մասերի փաթեթ՝ ընդհանուր 775 հրետանային միջոցի համար։ Նամակին կից հավելվածում նշված ցանկը ներառում է Ադրբեջանի գրեթե բոլոր՝ խորհրդային արտադրության հրետանային միջոցները։
Ուշագրավ է, որ 2022-ի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Բելառուսի պետական «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկությունը հայտնվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրամիության և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ։
Բելառուսական նորագույն սպառազինության վաճառքը Ադրբեջանին
Վերջին տարիներին Բելառուսը ոչ միայն զբաղվել է Ադրբեջանի ռազմատեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների վերանորոգմամբ, այլև նրա զինված ուժերին մատակարարել է ժամանակակից սպառազինություն և տեխնիկա։
2022-ի սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից օրեր անց, սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանի ՊՆ գիտահետազոտական ինստիտուտը դիմել է «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկությանը՝ խնդրելով տրամադրել ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ, որոնք հնարավոր կլինի կիրառել ԱԹՍ-ների միջոցով։
Մեկ ամիս անց պատասխան նամակով բելառուսական կողմը Ադրբեջանին համաձայնել է տրամադրել հայցվող ռադիոտեխնիկական հետախուզության միջոցները, որոնք թույլ կտան տեղորոշել հակառակորդի ռադիոազդանշանների աղբյուրները։ Ավելին՝ բելառուսական պետական ձեռնարկությունը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցների գործնական ցուցադրություն իրականացնել Ադրբեջանում: Նշված 0,9-18 ԳՀց տիրույթում գործում են մի շարք ռազմական տեխնիկական միջոցներ՝ այդ թվում կապի, ռադիոլոկացիոն, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ և այլն։
Վերջին խոշոր գործարքը, որը բացահայտվում է այս փաստաթղթերով, դա բելառուսական «Գրոզա-Ս» ինքնագնաց էլեկտրոնային պայքարի կայանների մատակարարումն է Ադրբեջանին։ Այս համակարգերը նախատեսված են հակառակորդի ԱԹՍ-ների և այլ տեխնիկական միջոցների հայտնաբերման և ճնշման համար։
«Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրենի կողմից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարին 2022-ի նոյեմբերի 18-ին ուղղված նամակից պարզ է դառնում, որ Ադրբեջանին առաջարկվել է գնել «Գրոզա-Ս» տիպի չորս նոր համակարգ և արդիականացնել նախկինում մատակարարված յոթ միավոր «Գրոզա-Ս» համալիրները։
Ուշագրավ է նաև, որ բելառուսական ռազմական այս մատակարարումներն Ադրբեջանին իրականացվել են Ռուսաստանի Դաշնության տարածքով՝ ռուսական «Ռուսական երկաթուղիներ» ընկերության միջոցով։
Այս գործարքի և «Գրոզա-Ս» համակարգերի Ադրբեջանին մատակարարումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ՍիվիլՆեթի հոդվածում։
Արտահոսած փաստաթղթերում ամենավերջին նամակագրությունը տեղի է ունեցել 2023-ի սեպտեմբերին, ըստ այդմ՝ Բելառուսը պատրաստվում է Ադրբեջանին մատակարարել հրետանային միջոցների նշանոցների լուսավորման սարքեր՝ գիշերային հրաձգության հնարավորության համար։
Բելառուսը՝ Ադրբեջանին զինողների ցանկում
Բելառուսը, չնայած ՀԱՊԿ-ում Հայաստանի «դաշնակիցը» լինելու հանգամանքին, 1990-ականներից ի վեր ռազմական համագործակցություն է ծավալում Ադրբեջանի հետ: SIPRI-ի և ՄԱԿ-ի ռեգիստրի համաձայն՝ 2009-2013 թվականներին Բելառուսը եղել է Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկը:
2002-2015 թվականների ընթացքում Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա, այդ թվում՝
60 ԲՏՌ-70 զրահափոխադրիչ
153 Տ-72 տանկ
120 Դ-30 հաուբից
12 2Ս7 «Պիոն» հրանոթ
11 Սու-25 գրոհիչ
20 Տ-38 «Ստիլետ» ՀՕՊ համակարգ
2013-2015 թվականներին Բելառուսը նաև մատակարարել է 18 «Բուկ-ՄԲ» ՀՕՊ համակարգ: Բացի այդ, Ադրբեջանին են վաճառվել մեծ հեռահարության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք ցուցադրվել էին 2018 թվականի հունիսին:
Ուշագրավ է, որ Բելառուսը և Ադրբեջանը մինչ այս որևէ կերպ չեն թաքցրել իրենց ռազմական համագործացությունը և սպառազինության մատակարարումների փաստը։ Դեռ 2022-ի սեպտեմբերին բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկայի» ներկայացուցիչը ադրբեջանական լրատավիջոցներին հայտնել էր, որ ընկերությունը իր արտադրած գրեթե ողջ ռազմական տեխնիկան մատակարարում է Ադրբեջանին՝ «կրակի և հրետանային կառավարման համակարգեր, ՀՕՊ և ՌԷԲ համակարգեր և շատ այլ տեսակի սարքավորումներ»։
CivilNetCheck










