Առաջինը «կլոր սեղան» բառակապակցությունն էր, որ փախստականների միջազգային օրվա թեմայով բերեց որոնումը։
Սպիտակ, օշարակափայլ սեղան էր ու շուրջը սպիտակ վերնաշապիկներով պաշտոնյաներ։ Հավանաբար, քննարկում էին մեկ ուրիշ տեղ, մեկ ուրիշ կլոր սեղանի հետևանքով առաջացած փախստականների դառը խնդիրները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը փախստականների օրվա առթիվ ասել է․ «Փախստականները մարմնավորում են մարդկային ոգու լավագույնը»։
Հա՞ որ։
Փախստականը չի լինում բարի, լավատես, կենսուրախ, հոգատար։ Փախստականը չարացած է, հոռետես, վիրավորված, նյարդային։
Փախստականների կյանքը իմ կյանքի միջով անցավ 1990-ից։ Էնցեֆալոգրաֆի նման գրանցել եմ նրանց երբեք չվերականգնվող ինքնավերումը, մինչև հաջորդ սերնդի հայալեզու ու տեղացի դառնալը։ Տոն չեմ տեսել փախստականություն երևույթի մեջ։ Դժվարանում եմ պատկերացնել ինչն է տոնվում և ինչպես։
Միայն մեկ մարդուց եմ լսել, որ շատ գոհ էր, որ Երևանում է։ Բաքվեցի մի՝ շուրջը հոգեկան կոմֆորտ ստեղծող մեծ ընտանիքի մայր էր։ Ասում էր՝ դուրս ես գալիս փողոց, բոլորը հայերեն են խոսում, քեֆդ գալիս ա։ Այդ մեկ մարդն էլ իննսունականներին մահացավ հիվանդանոցում՝ դեղերի պակասի պատճառով։
Մնացածը տառապում էին ապրելով, ոչ թե ապրում էին տառապելով, բողոքում էին, լաց էին լինում ու մեռնում էին։
Հետո ուրիշ փախստականներ եկան։
Հետո, թող ներեն մյուսները՝ ամենացավոտ բռնագաղթվածներըը եկան։
Բաքուն մեր հայրենիքը չէր, ինչքան էլ կենտրոնի տները, գիտահետազոտական ինստիտուտները, նավթարդյունաբերության տիտանները մերոնք լինեին, այդ մենք էինք ուրիշների համար հայրենիք սարքում։ Սիրիան էլ մեր հայրենիքը չէր, թեև մեզ օթևան էր տվել։
Ամենածանր փախստականները նրանք են, ովքեր իրենց հայրենիքից եկան։
Թող ների ինձ պարոն Գուտերեշը՝ փախստականները մարմնավորում են մարդկային ոգու սոսկալին։
Տնանկ ու հայրենազուրկ դառնալուց հետո, սկսնակ փախստականի հանդեպ ամենամեծ անազնվությունը հին կամ շատ հին «փախստականների»՝ կյանքի երաշխիքային կտրոն ունեցողի դիրքից նոր եկածներին երկրորդելն է, որպես էպիզոդիկ կերպար դիտարկելը։
Փախստականի միջազգային օրը հունիսի քսանն էր։ Անդրադարձիս առիթը մի քանի օր առաջ Արարատի մարզի Վեդի համայնք այցից մի վերջին, բայց հետաքրքիր դրվագ է։
Նախորդ նյութերում գրել էի Արարատի մարզ շարժական կլինիկայում աշխատող արցախցիների մասին։ Օրվա թեման ոնց պտտվում էինք տեղացի-արցախցի սին, բայց վտանգավոր հակամարտությունն էր։
Օդրի Տոտուն, Ֆաննի Արդանը, ղարաբաղցի բժիշկն ու վարորդը և բոլոր, բոլորը
Օդրի Տոտուն, ղարաբաղցի Կարոն, շարժական կլինիկան ու բոլոր, բոլորը․ մաս 2
Օրվա վերջում, երբ Վեդու բարկ արևի տակ եռացող «կլինիկա-ավտոբուս»-ից որոշեցի մի քիչ տեղափոխվել կողքի՝ Վեդի համայնքի Լուսառատի ամբուլատորիա, անսպասելի մի սյուժե բացվեց, որն ամփոփիչ պատասխան տվեց օրվա թեմային։
Ամբուլատորիայի միջանցքում հանդիպած առաջին մարդիկ ճարտարեցի տարեց զույգն էր։ Վերաբերմունքից գոհ էին, միայն հեռանալիս կինը մղկտաց՝ իր թողած տները հիշելով։
Միջանցքում կանգնած երկու բուժքույրերի՝ Նոնայի ու Զարինեի հետ ինքնաբերաբար շարունակեցինք օրվա տպավորությունս արցախցիների ու տեղացիների «դժնդակ» հակամարտության մասին։
Նոնան, երբ սկսեց խոսել, զգացի, որ ցավի տեսաբան չի, լավ գիտի փախստականության դիմային ներվի տեղը։ Ասաց, որ մինչև հիմա չի հասնում ուղեղին, ոնց ու ինչի համար կարելի է ունենալ հերիք չի՝ այդքան զարգացնել նույն ազգի մարդկանց տարբեր սովորությունների, խոսքի, մազի ներկի, նախընտրած գույնի, անգամ հիշողության հանդեպ անհանդուրժողականությունը։ Հարցնում եմ՝ որտեղից եք ծագումով, ասում է՝ 1990-ին Բաքվից ենք եկել, տասնմեկ տարեկան էի։ Ինչ ասես լսել էր բաքվեցիների մասին։ Հիմա իրեն հայաստանցի է զգում, որովհետև զավակներն արդեն հայաստանցի են։
Մեկ սերունդ տառապանքի գնով է Հայաստան եկած հայը դառնում հայաստանցի։
Խոսակցությանը համեմատաբար երկչոտ հետևող մյուս երիտասարդ բուժքույրը՝ Զարինեն, գործընկերուհու խոսքին գլխով հավանություն էր տալիս։ Հարցնում եմ՝ ձեր նախնիները որտեղից են, ասում է՝ «մամաս Բաքվից, իննսունին ա եկել, ես ստեղ եմ ծնվել»։
Հետո զրույցին միանում է տարիքով ավելի մեծ, ակնհայտորեն տեղացի, բայց ինչ-որ տարօրինակ բարձր հանդուժողականությամբ Մարին՝ մյուս բուժքույրը։
Հարցնում եմ նախնիների մասին։ Հայրենադրաձվել են Սիրիայից 1947-ին։ Ասում է․ «մերոնք տանը քրդերեն են խոսել, ու մեզ հարևանները քուրդ էին ասում։ Վիրավորական էր, բայց տարիներն անցան, մոռացվեց, գնաց, հիմա հայաստանցի եմ»։
Մեր բոլոր քննարկումները համբերատար հանդուրժող բժշկուհի Էլմիրա Մարտիրոսյանն էլ միացավ իր ամբուլատորիայում մեր «կոնֆերանսին» հատկացված սեղանին, ասաց, որ Վանից ու Մուշից են գաղթել նախնիները։
Հայաստանում պետք է դիմանալ մինչև մյուս սերունդը դպրոց գնա Հայաստանում։ Հետո, երբ բոլոր՝ քեզնից վաղ կամ ավելի վաղ կամ շատ վաղ եկած գաղթականները, փախստականները, հայրենադարձվածները քեզ մշտադիտարկելուց հետո տեղացու կտրոն տան, էլ չես լսի անախորժ բառ։
Իմ ընկերներից միայն մեկն է, որը Երևանի կենտրոնում գտնվող հայրական տունը իր պապի և միաժամանակ պապի պապի տունն է։ Հենց միայն իրեն երբեք չեմ տեսել հմուտ սակրավորի նման «իսկական երևանցի» հայտնաբերելու գործին լծված։ Երևի, որովհետև բարդույթը շրջանցել է․ սովորական բան է՝ այստեղ է հոր պապի տունը ու վերջ։
Հանդուրժողականության միջազգային օր էլ կա՝ նոյեմբերի տասնվեցին։