Փաշինյանի կարծիքով՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է, որովհետև ժողովուրդն ընկալել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվել է, որովհետև իրական Հայաստանի գաղափարախոսությունը հաստատվել է Հայաստանում և ընկալվել է ժողովրդի կողմից: Այդ մասին Փաշինյանը ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ։

«Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն, այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից։ Այս համոզմունքին ես գալիս եմ մարդկանց հետ անմիջական շփումներից, ինձ ուղղված նամակներից ու սոցիալական ցանցերի որոշակի հետազոտություններից»,- նշել է նա։

Վարչապետը հատկանշական է համարել ժողովրդի կողմից իրական Հայաստանի գաղափարախոսության արագ ընկալման փաստը: Փաշինյանի կարծիքով՝ ընկալումն արագ է տեղի ունեցել, քանի որ այդ գաղափարախոսությունը ոչ այնքան ՔՊ-ինն է կամ կառավարող մեծամասնությանը, այլ հենց ժողովրդինն է:

«Այսինքն՝ ոչ թե քաղաքական մեծամասնությունն այդ գաղափարախոսությունը մտածել է, ձևակերպել, հաղորդակցել ժողովրդին և ժողովուրդը դա ընկալել է, այլ իրականում դա ժողովրդի գաղափարախոսությունն է: Ի վերջո, Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածը և այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն»,- ընդգծել է Փաշինյանը։

Մայիսի 9-ին Տավուշի Կիրանց գյուղից Երևան հասավ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Բագրատ սրբազանը ազդարարեց անհնազանդության գործողություններ սկսելու և ԱԺ-ով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին։ Նա հայտարարեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հետ խորհրդակցություններից հետո իրենք նախաձեռնելու են վարչապետի անվստահության գործըթնաց։ Ընդդիմությունը, սակայն, չկարողացավ ստանալ անվստահության նախագիծն ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ 36 ձայները, որից հետո ԱԺ օրակարգ բերեց հրաժարականի ուղերձի նախագիծ, որն ընդունվելու դեպքում անգամ կառավարության արձակմանը չէր կարող հանգեցնել։ Այդուհանդերձ, այս նախագիծը քննարկելու համար նախատեսվող քվորումն էլ խորհրդարանական ընդդիմությունը չապահովեց։

Բագրատ սրբազանը պայքարը սկսեց հյուսիսարևելյան Կիրանց գյուղից՝ ղեկավարելով տավուշցիների բողոքի ցույցերն ընդդեմ սահմանազատման և Հայաստանի միակողմանի զիջումների։ Նա երթով եկավ Երևան՝ այդ ողջ ընթացքում հայտարարելով, որ պետք է կասեցնել Տավուշում մեկնարկած սահմանազատումը։ Մինչ Երևանում սրբազանը փորձում էր հասնել Փաշինյանի հրաժարականին, Ոսկեպարում և Կիրանցում ավարտին հասավ սահմանազատման գործընթացը։

Մեկնաբանել