Կառավարությունն օտարերկրյա առաջատար բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների համար կրթաթոշակի նոր կարգ կսահմանի

Կառավարությունը նախատեսում է օտարերկրյա հեղինակավոր բուհերում ՀՀ քաղաքացի սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրել կրթաթոշակ՝ որպես պետական ֆինանսական խրախուսանք: Համապատասխան նախագիծը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, այն հրապարակված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (E-draft):

Կրթաթոշակ կտրամադրվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման Shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին 65-75 բուհերի ցանկում սովորող ՀՀ քաղաքացին։

Կրթաթոշակի տրամադրման համար կսահմանվի պահանջ՝ սովորողի ներկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում պետությունից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը։

Գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն երեք տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

Եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակներում իրականացվել է նաև «Իմ քայլը», «Լույս» հիմնադրամների ուսանողների հետվերադարձի վիճակագրության որոշակի ուսումնասիրություն:

Մեկնաբանել