Արցախի ղեկավարության քրեական գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ հավելելով, որ խոսքը 15 անձի մասին է։

«Այս պահին մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո մեղադրական ակտերը կներկայացվեն դատարան»,- հայտնել է Քամրան Ալիևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

***

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Մեկնաբանել