Այս հոդվածի առիթը երկու շաբաթ առաջ աչքովս ընկած մի լուր է այն մասին, որ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհուրդը արտագնա նիստ է անցկացրել Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։ Տեղում ներկայացվել են ճարտարապետների, երկրաբանների, երկրաֆիզիկոսների, կոնստրուկտորների և այլ մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները հուշարձանի հնարավոր վերականգնման վերաբերյալ։ Դեռևս հստակ չէ՝ հուշարձան-շենքը հնարավո՞ր է տեղում վերականգնել, թե պիտի տեղափոխվի։
Այս տեղեկատվությունը գրավեց ուշադրությունս այն պատճառով, որ թեմային առաջին անգամ անդրադարձել եմ քսանվեց տարի առաջ։ Այն ժամանակ շենքը թեև կիսավեր, բայց այս աստիճանի անմխիթար վիճակում չէր։
«Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակած հոդվածս գրավել էր երկրի իշխանությունների ուշադրությունը։ Հարկ համարեցին հոդվածի հեղինակիս տեղեկացնել, որ կազմվելու է ճարտարապետների և տնտեսագետ-ֆինանսիստների հանձնաժողով, որը կուսումնասիրի և կհստակեցնի, թե ինչքան գումար է հարկավոր հուշարձանը վերականգնելու համար։ Սակայն ոչինչ էլ չարվեց։ Դրանից ավելի քան մեկ տասնամյակ անց նամակով դիմեցինք «ԻԴԵԱ» հիմնադրամին, որը ստանձնել էր Դիլիջանի արդիականացման ծրագիրը, և գործընկերոջս հետ ներկայացրինք նախագիծ, որով առաջարկում էինք Աղասի Խանջյանի վերականգնված ամառանոցը դարձնել ստալինյան բռնությունների զոհերի հիշատակի թանգարան։
Սկզբում որոշ հետաքրքրություն ցուցաբերվեց, մեկ-երկու հանդիպում եղավ Դիլիջանի արդիականացման նախագծի մենեջերների հետ, բայց այս դեպքում էլ սայլը տեղից չշարժվեց, և ինքնատիպ շինությունը շարունակեց սրընթաց քայքայվել։
Ինչո՞վ է ինքնատիպ ու նշանակալի հուշարձան շինությունը։ Առաջին հերթին՝ ճարտարապետական յուրօրինակ լուծումներով։ Հայաստանում քիչ կա կամ չկա նման ծավալի շինություն, որը հիմնականում փայտաշեն լինի։ Արխիվային փաստաթղթերի վկայությամբ ենք միայն պարզում, որ կառույցի հեղինակը խորհրդային մոդերն ճարտարապետության յուրօրինակ ու տաղանդավոր վարպետն է՝ Գևորգ Քոչարը։ Նույն արխիվային նյութերում շենքը պաշտոնապես կոչվել է առողջարանային պանսիոնատ։ Սակայն տեղացիներն այն կոչում են Խանջյանի «դաչա» և չեն սխալվում։ Ըստ երևույթին, Խորհրդային Հայաստանի ղեկավարը իրավունք չուներ Զվարթնոցի տաճարի ճարտարապետական մտահղացումը հիշեցնող եռահարկ հսկայական ամառանոց ունենալու, այդ պատճառով էլ պաշտոնական փաստաթղթերում այն ստացել է առողջարան ձևակերպումը։ 1998 թվականին զրուցել եմ տարեց մարդկանց հետ, որոնք երեսնականներին աշխատել էին ամառանոցի շինարարության վրա։ Այսօր, երբ քննարկվում է հուշարձանը տեղում վերականգնելու կամ տեղափոխելու հարցը, կուզեի վերհիշել նրանցից լսած միստիկ մի պատմություն։
Աղասի Խանջյանին դիլիջանցիները հորդորել են մեկ այլ տեղում կառուցել իր ամառանոցը, զգուշացրել, որ այն դժբախտություն կբերի իրեն, քանի որ այդ տեղում եղել է ռուսական գնդի գերեզմանատունը։ Խանջյանը պատասխանել է, թե ինքը աթեիստ է և ավելորդ է համարում նման նախապաշարմունքը։ Շենքի հիմքը փորելիս իսկապես մարդկային ոսկորներ են դուրս բերվել։ Շինարարությունը տևել է մի քանի տարի, հետո կահավորվել է, կենցաղային անհրաժեշտ իրեր են տեղադրվել։ Աղասի Խանջյանը դեպի Թբիլիսի ուղևորության ճանապարհին այնտեղ է գիշերել, և դա եղել է առաջին ու վերջին անգամը։ Հաջորդ առավոտյան շարունակել է ճանապարհը և Թբիլիսիում գնդակահարվել։
Թե որքան է ստույգ այս պատմությունը՝ դժվար է ասել․ ըստ Չարենցի անգին ձեռագրերը կյանքը վտանգելով փրկած Ռեգինա Ղազարյանի վկայության՝ հայ հանճարեղ բանաստեղծն իրեն ապսպրել է շտապ հասնել երկաթուղային կայարան և զգուշացնել Խանջյանին, որ չգնա, որ Բերիան պատրաստվում է սպանել նրան, սակայն գնացքն արդեն մեկնած է եղել։
Ավելի հավանական է, որ Հայաստանի ղեկավարը իր մեքենայով է մեկնել, քան թե Ռեգինան է ուշացել։ Ամեն դեպքում, բազմաթիվ դիլիջանցիներ են վկայում այդ ճակատագրական օրը Խանջյանի իրենց քաղաքում գիշերելու մասին։
Այդ սպանությունից հետո շինությունը պղծվում է ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ՝ դառնում է ախոռ ու ոչխարների փարախ։ Շինությունը, հատկապես փայտյա հեծաններն ու պատերը, վարակվում են դաբաղ հիվանդությամբ ու սկսում քայքայվել։ Տասնամյակների ընթացքում իրենց ավերիչ դերակատարությունն են ունենում նաև սողանքներն ու զառիթափով հոսող ջրերը։
Այս ամենը նկատի առնելով՝ դժվար է պատկերացնել, որ դեռ հնարավոր է փլատակների վերածված հուշարձանը վերականգնել։ Հավանաբար ծախսատարության առումով նույնպես տեղափոխելն ավելի նպատակահարմար կլինի, քան նույն շինության ամբողջական վերակառուցումը։ Եթե այդպիսի որոշում կայացվի, պետք է ընտրվի այնպիսի վայր, որ ինչպես հին շենքից, տեսանելի լինի գրեթե ողջ Դիլիջան քաղաքն ու շրջակա անտառները։
Իննսունականների վերջերին դեռևս կարելի էր բարձրանալ երրորդ հարկի շրջանաձև պատշգամբ ու հիանալ քաղաքի կոլորիտով ու բնությամբ։
Այս կամ այն կերպ հուշարձանի վերականգնումն առաջին հերթին ունի պատմաճարտարապետական նշանակություն, բայցև անկարևոր չէ Աղասի Խանջյանի անվան ու հիշատակի հավերժացումը եզակի այս կառույցի գոյությամբ։
Աղասի Խանջյանը, լինելով հավատավոր կոմունիստ, այնուհանդերձ ազգային դեմք էր։ 1920 թվականի բոլշևիկների Մայիսյան ապստամբությունից հետո կազմակերպիչները գնդակահարվեցին։ Աղասի Խանջյանին խնայեցին, բավարարվեցին բանտարկությամբ, որտեղից նա կարողացավ փախչել։ Կան հավաստի վկայություններ, որ այդ փախուստը կազմակերպել էին դաշնակցական իշխանությունները։ Նրանք արդեն անհնար չէին համարում երկրի խորհրդայնացումն ու իշխանությունը բոլշևիկներին հանձնելու հեռանկարը։ Նրանք էլ Աղասի Խանջյանի մեջ տեսնում էին ազգային դիմագիծ և նրան մահապատժի չարժանացրին հենց այն մտադրությամբ, ինչն ի վերջո տեղի ունեցավ։ Եթե կորցնել իշխանությունը, ապա գոնե Խանջյանի նման մի ղեկավար թողնել երկրին։
Բայց այդպիսի նկարագրով, այդպիսի էությամբ ու ազգային մտահոգություններով համակված ղեկավարը չէր կարող չընկնել ստալինյան բռնությունների ամենակուլ մամլիչի տակ։ Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ Բակունցի, Չարենցի, Զապել Եսայանի, բազմաթիվ հայ մտավորականների, հոգևորականների, կուսակցական, պետական գործիչների, զինվորականների ճակատագիրը, եթե Աղասի Խանջյանը կարողանար խուսափել իր դեմ հյուսված դավադիր թակարդներից, իմաստնություն ունենար կենդանի մնալու և չգնդակահարվեր 1936 թվականի հուլիս 9-ին։