Արցախի ԱԺ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է «զերծ մնալ ատելություն սերմանելու դրսևորումներից»

Արցախի Ազգային ժողովի չորս խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը։ Հայտարարությունում ՀՀ իշխանություններին կոչ է արվում «զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից»։

«Հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը։ Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների, ինչը վկայում է, որ հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը: Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երևույթները։

ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։

Նման պայմաններում միաժամանակ տեղին ենք համարում երախտագիտության խոսք հղել հազարավոր ՀՀ մեր հայրենակիցներին, ովքեր արհամարհելով արհեստականորեն ստեղծված բաժանարար գծերը, անցած ինը ամիսների ընթացքում՝ մեզ համար դժվարին օրերին, ամեն ինչ արել են մեղմելու արցախահայության բարոյահոգեբանական և ֆիզիկական ցավը։
Վտանգավոր և անընդունելի է ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված:

Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից»,- ասված է հայտարարությունում։

Ուժայինները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավելու նպատակով հունիսի 21-ին ներխուժել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ «այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի հարցազրույցից հետո, որի ժամանակ նա պնդել էր, որ արցախցիների նկատմամբ ճնշումներ կան»։

«Նախագահի այն ճեպազրույցից հետո եկել են մեքենան ջարդել ու վերցրել, գնացել։ Այս ամենը արել են առանց փաստաբանի ներկայության։ Մենք նախագահի հետ հարցաքննության էինք, երբ հաղորդեցին, որ ներկայացուցչության դռները կոտրատում են, որ մեքենան տանեն»,- նշել էր Երիցյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ հունիսի 7-ին քննիչը գնացել էր նշված վայր՝ քննչական գործողություններ իրականացնելու և «Տոյոտա» մակնիշի մեքենան առգրավելու վերաբերյալ․ «Քննիչի կողմից մեքենան կնքվել էր, սակայն հնարավոր չէր եղել ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, քանի որ հրաժարվել էին դարպասները բացել ու մեքենան հանել։ Իրավաչափության հետ կապված որևէ խնդիր այս մասով չկա։ Ամսի 7-ին առգրավումը կատարելու ժամանակ ներկայացվել էին համապատասխան հիմքերը, ինչպես նաև ներկայացվել էր, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է գործընթացն իրականացվում»։

Մեկնաբանել