Ռուս-վրացական մերձեցման ֆոնին Աբխազիայում մտահոգությունները խորանում են

OC Media

Մինչ օրեցօր ավելանում են ենթադրությունները, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման ֆոնին Ռուսաստանը կարող է Աբխազիան հանձնել Վրաստանին, տարածաշրջանում խորանում են մտավախությունները, թե ինչպիսին կարող է լինել ապագան:

Վրացիները երկրորդ տարին անընդմեջ գարունը դիմավորեցին երկրի խորհրդարանի մոտ՝ «Ո՛չ ռուսական օրենքին» և «Ո՛չ Ռուսաստանի կառավարությանը» վանկարկումներով։

Թեև այս վանկարկումները մասամբ ուղղակի դատապարտում են, դրանք նաև մատնանշում են իրական մտահոգությունները, որ երկրի կառավարությունն օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը կրկին օրակարգ է բերել մասամբ որպես Կրեմլի նկատմամբ հարգանքի դրսևորում։

Սուխումիում այդ գաղափարը մտահոգություն է առաջացրել, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների ջերմացումը կարող է հանգեցնել Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության:

«Դա փոքր հանրապետություն է, և նրա կարգավիճակի հարցն ամբողջությամբ լուծված չէ»,- ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, ում վերլուծությունը հաճախ կրկնօրինակում է կամ նույնիսկ նախանշում է Կրեմլի պաշտոնական քաղաքականությունը:

Աբխազ լրագրող և քաղաքական դիտորդ Ինալ Խաշիգին ապրիլին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից 24 տարի անց ակնկալվում է, որ Աբխազիայի «օրակարգը» կփոխվի։

«Աբխազիան կփոխվի. հին օրակարգը կվերանա, նոր բաներ ի հայտ կգան, այդ թվում՝ Ռուսաստանի հետ կապված,- ասել է Մարկեդոնովը,- Քանի որ հին խնդիրները, հակամարտությունները […] դրանք պատմության մի մասը կդառնան»:

Մի քանի օր անց Խաշիգը գրել է, թե Թբիլիսիի «չստուգված աղբյուրները» ենթադրում են, որ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այդ երեկո կհայտարարի, որ շուտով կսկսվի Աբխազիայի ինտեգրումը Վրաստանին:

Չստուգված աղբյուրները սխալ էին, և Իվանիշվիլին միայն կրկնեց «միասնական և ամբողջական Վրաստանի» մասին խոստումները:

Սակայն այդ հեռանկարը, այնուամենայնիվ, հետաքրքրության և քննարկոմների ալիք է առաջացրել աբխազական և վրացական հասարակության մեջ՝ հասնելով աբխազական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների շարքեր:

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար և բարձրաստիճան դիվանագետ Սերգեյ Շամբան մայիսի 23-ին ասել է, որ թեև Վրաստանի և Աբխազիայի միջև «համադաշնային հարաբերությունները» իրատեսական չեն, նա հույս ունի, որ դա կլինի «այլ ձևաչափ, այլ ինտեգրում, ավելի շատ միութենական պետություն»:

Մինչ ռուսական պետական ​​լրատվամիջոցները շտապեցին պարզաբանել, որ Շամբան նկատի ուներ Աբխազիայի և Ռուսաստանի միությունը, աբխազ քաղաքական գործիչները նշում էին, որ պարզ չէ՝ արդյոք նա նկատի ունի Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Աբխազիայի միանալու ձգտո՞ւմը, թե՞ Վրաստանի հետ ինտեգրման որևէ ձև:

Աբխազ քաղաքագետ Աստամուր Թանիան նշում է, որ նման առաջարկների էական թերությունը, եթե իհարկե դրանք անկեղծ են, աբխազ ժողովրդի՝ նման միությանը միանալու ցանկություն չունենալն է։

Խաշիգին տված հարցազրույցում Թանիան հայտարարել է, որ թեև Ռուսաստանը 1993-1999 թվականներին ճնշում է բանեցրել Աբխազիայի վրա՝ կիրառելով պատժամիջոցներ և արգելափակելով 16-ից 60 տարեկան տղամարդկանց մուտքը Ռուսաստան, որպեսզի երկիրը համաձայնության գա վրացական կառավարության հետ, Աբխազիան հրաժարվել է փոխզիջման գնալ անկախության ձգտելու իր նպատակներում։

«Աշխարհաքաղաքական տեսակետից Աբխազիան մի տեսակ մերձարևադարձային փակուղի է, […] ինչ-որ բուսաբանական այգի»,- հավելել է Թանիան։

Նա նշել է, որ թեև դա «որոշ վտանգներ է պարունակում» Աբխազիայի համար, սակայն այս իրավիճակում կան նաև հնարավորություններ, քանի որ Աբխազիան կարող է սահմանել իր դերը որպես անկախ դերակատար, այլ ոչ թե որպես ռազմավարական օբյեկտ։

Նա հավելել է, որ «Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումը» չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի մասնակցության։

«Մենք պետք է դիրքորոշում մշակենք այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է մեր շուրջը, որպեսզի չդառնանք սակարկության առարկա»,- ասել է նա։

Այնդուհանդերձ, Վրաստանի հռետորաբանությունը խոչընդոտում է միության հեռանկարին, քանի որ քաղաքական միջավայրն այնպիսին է, որ ընդունելի է համարվում միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը Վրաստանին վերադարձնելու հաստատակամ հանձնառությունը, կոնֆեդերացիաների մասին խոսք չկա:

Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա առթիվ ունեցած ելույթում վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ իրական «Վրացական երազանք»-ը «միասնական և ամուր Վրաստանն է, որը մեր աբխազ և օս եղբայրների ու քույրերի հետ միասին 2030-ին կդառնա Եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»։

Կոբախիձեի ելույթը Շամբային արագ դրդեց վերջնականապես բացառել Վրաստանի հետ ընդհանուր «համադաշնային պետության» շուրջ բանակցությունները, որին հաջորդեց նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների դատապարտումը:

Սակայն հաջորդ օրը ՌԴ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նվազեցրեց Կոբախիձեի հայտարարության կարևորությունը՝ նշելով, թե դա զուտ ներքաղաքական մրցակցության արգասիք է՝ ուղղված միայն ներքին լսարանին:

«Վերամարմնավորված Խորհրդային Միություն»

Արտաքին գործերի նախկին փոխնախարար և վրացական Ճավճավաձեի կենտրոնի ներկայիս տնօրեն Նինո Կալանդաձեն կարծում է, որ «Վրացական երազանք»-ի պնդումներն այն մասին, որ այն կվերականգնի վերահսկողությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, նպատակ ունեն արդարացնել իշխանությունների՝ ժողովրդականություն չվայելող և հակաարևմտյան քայլերը։

«[Գաղափար կա, որ նրանք կարող են արժանանալ] Ռուսաստանի բարի կամքին, որը թույլ կտա վերաինտեգրման կամ բանակցությունների որևէ ձև՝ կապված օկուպացված շրջանների հետ […] և որ այժմ արժե զոհաբերել Վրաստանի արևմտյան ինտեգրումը, գոնե ժամանակավորապես»,- ասել է Կալանդաձեն։

Կալանդաձեն նաև մեջբերել է հեռախոսազանգի միջոցով արված «սոցհարցումը», որի մասին որոշ վրացիներ հայտնել էին վերջին օրերին։ Հարցման մասնակիցներին հնարավորություն էր տրվել ընտրել «Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնելու» և երկրի արևմտամետ ուղեգիծը պահպանելու միջև:

Նա հավելել է, որ այդ քայլերը ձեռնարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող տեղաշարժերի լույսի ներքո, երբ Ադրբեջանը սերտորեն կապված է Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը կողմնորոշվել է դեպի Արևմուտք:

«Սա Մոսկվայի համար էլ ավելի կարևոր է դարձնում Թբիլիսիի նկատմամբ այժմ վերահսկողություն ունենալն ու այնտեղ իր համար նախընտրելի վարչակարգ պահելը, առնվազն մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը և ԵՄ ընդլայնման քաղաքականության վերջնական մշակումը, որն սպասվում է մինչև 2030-ը,- ասել է Կալանդաձեն,- Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը իշխանության ղեկին պահելն այժմ ակնհայտորեն առանցքային է Մոսկվայի համար»։

Կալանդաձեն հավելել է, որ Մոսկվայի ներգրավվածությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում ուղղակիորեն նպատակ ունի Մոսկվային հնարավորություն տալ, որպեսզի այն կարողանա «վերահսկել Թբիլիսիին» և ՆԱՏՕ-ին հեռու պահել տարածաշրջանից։

Նա նաև հավելել է, որ թեև Կրեմլը որևէ պատճառ չունի հետևելու առաջարկություններին, ըստ որոնց՝ Մոսկվան կարող է «թուլացնել իր վերահսկողությունը» երկու տարածաշրջանների վրա, Կալանդաձեն նաև համարում է, որ ռուս պաշտոնյաների կողմից «Վրացական երազանք»-ի կողմից կիրառվող հռետորաբանության դատապարտումը, ըստ էության, ձևական բնույթ ունի:

«Կարծում եմ, որ այդ ուղերձները ոչ միայն լավ համաձայնեցված են Կրեմլի հետ, կարծում եմ, որ այդ ուղերձները գալիս են Կրեմլից»,- ասել է Կալանդաձեն:

Թբիլիսիում տեղակայված «Ռոնդելի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող և Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի տեղակալ Թոռնիկե Թուրմանիձեն OC Media-ին ասել է, որ թեև Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաինտեգրման մասին Ռուսաստանի կողմից հնարավոր ուղերձները ներկայումս հիպոթետիկ են, Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի մասին նշանները շարունակում են մտահոգության էական պատճառ լինել։

«Եթե Վրաստանը շարունակի իր այս ուղին դեպի Ռուսաստան, Չինաստան և ավտորիտար ճամբար, և եթե ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին մեր ինտեգրումը փակուղի մտնի, ես մտավախություն ունեմ, որ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում հաջորդ քայլը կարող է լինել կա՛մ համադաշնության, կա՛մ [Ռուսաստանի և Բելառուսի հետ] միութենական պետության հնարավորության հարցը քննարկելը,- զգուշացրել է Թուրմանիձեն,- Սա կնշանակի, որ այս օկուպացված տարածքները չեն միանում Վրաստանին, այլ հակառակը՝ Վրաստանը կմիանա Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին՝ որպես վերամարմնավորված Խորհրդային Միության մաս»:

Նման մտքեր առաջ են քաշել ռուս պաշտոնյաները։ Կոբախիձեի ելույթից ժամեր անց ռուսական Podyom կայքը մեջբերեց Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպային, որը կիսվում էր իր սեփական «երազանքով»՝ ի պատասխան «վրացականի»՝ տեսնել խորհրդային բոլոր նախկին հանրապետությունների վերամիավորումը ինչ-որ մի համագործակցության մեջ։

Ազգայնականության և հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի նախագահ Նինո Կալանդարիշվիլին OC Media-ի հետ զրույցում ասել է, որ թերահավատ է մնում Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանին հանձնելու հնարավորությանը՝ նշելով, որ Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև որևէ պայմանավորվածություն չի կայացվել։ Նա ասել է, սակայն, որ նման գործարքի հեռանկարը կարող է կոնկրետ նպատակի ծառայել Աբխազիայի ներսում:

Կալանդարիշվիլին ենթադրում է, որ Վրաստանի նկատմամբ հակակրանքի և Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Աբխազիայի քաղաքական խմբերը 2025-ի գարնանը կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին կարող են օգտագործել «հասարակության ներքին համախմբման» գաղափարը։

Կալանդարաշվիլին նաև զգուշացնում է, որ Վրաստանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը լայնորեն դատապարտվել է երկրի արևմտյան գործընկերների կողմից, նույնպես բացասական ազդեցություն կունենա Վրաստանի և Աբխազիայի միջև քաղաքացիական երկխոսության վրա, քանի որ երկկողմ քաղաքացիական երկխոսության ձևաչափերը գրեթե բացառապես աջակցում են Վրաստանում գործող արևմտյան դերակատարները։

«Ռուսաստանը չի ցանկանում մեզ օգնել»

Աբխազիայի շարքային քաղաքացիների շրջանում կարծիքները մեծապես տարբեր են նույնիսկ այն պարագայում, երբ երկրում ժողովրդագրական առումով միմյանց նման խմբեր են բնակվում։

Մի քանի տարեց մարդիկ OC Media-ին ասել են, թե մտավախություն ունեն, որ կվերսկսվեն ռազմական գործողությունները, սակայն ոմանք դեմ չեն Ռուսաստանի վերահսկողության ներքո վերամիավորմանը:

«Ես շատ ուրախ կլինեմ, եթե Ռուսաստանը վերջապես կարողանա միավորել մեզ,- ասել է Սուխումիից մի թոշակառու,- Ուրախ կլինեմ այցելել հորս գերեզմանը Զուգդիդիում, և աղջկաս՝ Սոչիում։ Եվ նա նույնպես կկարողանա ազատ ճանապարհորդել Ռուսաստանից Վրաստան անմիջապես Ինգուրի [անցումով]»:

«Իմ ընտանիքը ցրված է Ռուսաստանի, Աբխազիայի և Վրաստանի միջև, և ես ոչ ոք չունեմ Լոնդոնում և Փարիզում։ Մենք Եվրոպայի կարիքը չունենք»,- հավելել է նա։

Այնուամենայնիվ, տարեց մեկ այլ քաղաքացի OC Media-ին ասել է, որ խստորեն դեմ է նման բանակցություններում Ռուսաստանի ցանկացած մասնակցությանը:

«Ես կցանկանայի, որ միավորվեինք Վրաստանի հետ, սակայն առանց Ռուսաստանի. Ռուսաստանը վախ ու ավերածություններ է բերում, ոչ ավելին,- ասել է Սուխումիի մի բնակիչ,- Ես 15 տարի սպասում եմ ռուսական թոշակին, բայց նրանք չեն ուզում մեզ օգնել։ Ավելի լավ կլիներ, եթե մենք միասին լինեինք Եվրոպայի հետ, այնտեղ ավելի շատ կարգուկանոն կա»։

Մի շարք աղբյուրներ նաև OC Media-ին հաստատել են, որ մոտ մեկուկես տարի աբխազական կամավորական զորամասերը վերապատրաստվում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում դիմակայեն Աբխազիայի նկատմամբ վրացական ցանկացած հավակնություններին։

Ստորաբաժանումներին վերապատրաստում են 1993-1994 թվականներին Աբխազիայի պատերազմին և Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ ռազմական պրոֆեսիոնալ փորձ ունեցող աբխազները:

Միևնույն ժամանակ, աբխազ քաղաքական գործիչները ենթադրում են, որ Ռուսաստանը պատրաստվում է նվազեցնել իր ռազմական ներկայությունը Աբխազիայում։ Մայիսի 25-ին Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Աբխազիայի հետ 15 տարվա վաղեմություն ունեցող ռուսական ռազմակայանի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին։ Թեև փաստաթղթում նշված չէ, թե ինչ փոփոխություններ են կատարվում, լայնորեն ենթադրվում էր, թե դա նշանակում է ռուսական զինված ուժերի և դրանց տեղակայման վայրերի կրճատում։

Փաստաթուղթը նաև չի պարզաբանում, թե դա պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով ռազմական անձնակազմի և սպառազինության պակասո՞վ, թե՞ Աբխազիայից ռազմական ուժերի դուրսբերման այլ պատճառներ կան։

Շատ երիտասարդներ, սակայն, վճռականորեն դեմ են Վրաստանի կամ Ռուսաստանի հետ միավորմանը:

«Ես ծնվել եմ պատերազմից հետո,- ասել է Աբխազիայի պետական ​​համալսարանի մի ուսանող,- Ես նման փորձառություն չեմ ունեցել, որ Աբխազիան ենթարկվի ինչ-որ մեկին»:

«Ես չեմ ուզում, որ ինձ հետ վրացերեն խոսեն, և չեմ ուզում, որ ռուսներն ինձ լռեցնեն, երբ ես բողոքում եմ, օրինակ՝ Պիցունդայի [պետական առանձնատան] համաձայնագրի վավերացման դեմ։ Հանգի՛ստ թողեք մեզ, այստեղ ավելի լավ է, քան որևէ այլ վայրում»:

Մեկնաբանել