Սյունիքի զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ երեկ՝ հունիսի 24-ին, Սյունիքի զորամասերից մեկում զինծառայող է մահացել։

«Հունիսի 24-ին ՊՆ ռազմական ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին: Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դավիթ Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)։

«Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- տեղեկացնում են կոմիտեից։

Մեկնաբանել