Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը։

«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ից նաև նշում են, որ Միրզոյանն ու Ֆիդանը անդրադարձ են կատարել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում հանդիպման ընթացքում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի կառավարությունը 733 միլիոն դրամ է հատկացրել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, մաքսակետ կառուցելու նպատակով։ Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, մաքսակետը պատրաստ է շահագործման։

Մեկնաբանել