Վահան Քերոբյանը՝ տնային կալանքի, իր դեմ մեղադրանքի և կառավարության աշխատանքի մասին

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չորսամսյա տնային կալանքից հետո ՍիվիլՆեթ բիզնեսին տվել է իր առաջին հարցազրույցը։ Արշալույս Մղդեսյանի հետ նա զրուցել է իր դեմ քրեական հետապնդման, կառավարությունում աշխատանքի և դժգոհությունների մասին։ Հարցազրույցի կարևոր հատվածները՝ ստորև։

Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Փետրվարի 16-ին Քերոբյանի նկատմամբ դատարանի որոշմամբ նշանակվեց տնային կալանք։

«Ինչպե՞ս են ձևավորվում մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ։»

Նախաքննությունը մոտենում է ավարտին, և հիմա դրա ավարտի վերջնական փուլում ենք։ Այս ընթացքում կարողացել եմ վերլուծել, տեսնել, թե որն է իրավապահ մարմինների աշխատանքի փիլիսոփայությունը։ Եվ ինձ համար ցավալի է ասել, որ բովանդակությունը ամենևին էլ առաջնային տեղում չէ, այսինքն՝ հասկանալ, թե իսկապես ինչ է տեղի ունեցել։ Գլխավոր մոտիվացիան նախնական մտածած վարկածի՝ ամեն գնով առաջ տանելն է, ու ճշմարտությունը բացահայտելը միայն քննչական մարմինն իր ջանքերով չի փորձում անել։ Հակառակը՝ մենք ենք ուշադրություն հրավիրում, որ այ այս փաստերը, դրվագները բացահայտված չեն կամ ուսումնասիրված չեն այնպես, ինչպես պետք է ուսումնասիրված լինեին։ Եվ բնականաբար, կա կտրուկ, մեծ տարբերություն, թե ինչ ենք մենք տեսնում տեսանյութերում և գրավոր համառոտագրությունների մեջ։ Բազմաթիվ դեպքերում մենք տեսնում ենք, որ տեսանյութի բովանդակությունը տարբերվում է թղթային բովանդակությունից։ Ցուցմունքները, ըստ էության, տեսանյութերն են, իսկ ցուցմունքների արձանագրությունները գրավոր նյութերն են, որոնք հասանելի են բոլորին, այնինչ տեսանյութը միայն դատական գործընթացի ընթացքում է դառնում հասանելի։ Իսկ եթե դրանք իրարից տարբեր են, ապա ստացվում է, որ տեսանյութում առկա տվյալները հասանելի չեն այն մարդկանց կամ այն մարմիններին, որոնք համառոտագրությունների վրա կայացնում են որոշումներ, այդ թվում՝ ձերբակալության։

Քրեական պատմությո՞ւն, թե՞ քաղաքական պատվեր

Երբ ես նայում եմ «ապացույցների» մակարդակին, որը հիմք է հանդիսացել նախարարի ձերբակալման համար, ինձ համար պարզ է դառնում՝ իմունիտետ չունի ոչ ոք, նույնիսկ նվազագույն, և կարելի է պարզապես շատ պարզ մեխանիզմներով նմանօրինակ մեղադրանքներ առաջադրել ցանկացած մարդու նկատմամբ։ Փոխնախարար Անի Իսպիրյանին ձերբակալելուց հետո մինչև իմ ձերբակալությունը մենք քննարկել ենք իրավիճակը իմ գործընկերների հետ, և նրանցից մի քանիսը իրենց նախարարություններից լրիվ նմանատիպ իրավիճակներ են պատմել, որոնք նույնկերպ հիմք կարող են հանդիսանալ իրենց նկատմամբ մեղադրանքներ առաջադրելու համար, ինչը սակայն տեղի չի ունեցել։ Եվ դա իհարկե խոսում է մեր երկրի դիմադրողականության բացակայության մասին, այսինքն՝ եթե այսքան հեշտ հնարավոր է ազդել կառավարության վրա, ուրեմն դիմադրողականություն չկա։ Ինչ վերաբերում է գործին, ապա ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց տեսեք՝ կա կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական ուժեղ կամք, և դա կարելի է շատ հեշտ մանիպուլյացիայի ենթարկել, որովհետև բնականաբար, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը կարելի է ծառայեցնել ոչ այդքան բարի նպատակների համար՝ օգտագործելով կոռուպցիայի դեմ պայքարելու հենց նույն մղումը և անցկացնելով ցանկացած այլ տիպի գործ այդ նշանաբանի տակ։ Ես ավելի շատ հակված եմ այդ վարկածին, քան այն, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը, վարչապետը որևիցե ակնկալիք են ունեցել։ Վստահ եմ, որ դա չէ։

Իրավապահ համակարգի ընտրողական վերաբերմունքը

Ես չէի ասի ընտրողական վերաբերմունք կա, որովհետև եթե այդպես ասեմ, կստացվի՝ ընդունում եմ իմ մեղքը։ Ես հայտնի եմ նրանով, որ կոռուպցիայի դեմ ամենաանհանդուրժողն եմ եղել, և երբևէ իմ աշխատանքի ընթացքում չեմ թողել, որ կոռուպցիայի նման իրավիճակների նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորվի մեր նախարարությունում։

Ես մոտավորապես չորս ամիս առաջ ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է չվերածվի վհուկների որսի կամ ձևական պայքարի, որի արդյունքում ակնհայտ են դեպքերը, որոնք պիտի արժանանան վերաբերմունքի, բայց չեն արժանանում, իսկ այն դեպքերը, որոնցում ապացույցների խիստ անբավարար մակարդակ կա, մեծ աղմուկով ներկայացվում են հանրությանը որպես կոռուպցիա։ Իհարկե, շատ արագ կոռուպցիա բառը փոխարինվեց պաշտոնական դիրքի չարաշահմամբ, և բնականաբար դա էլ կքամվի, վստահ եմ դրանում։ Իսկ մյուս դեպքերը, երբ տեսնում ենք, որ կան թե՛ չարաշահումներ, թե՛ բյուջեի կորուստ, դանդաղ և ոչ մի տեղ չտանող ուսումնասիրությունների կամ գործերի են վերածվում։

Կոռուպցիայի ընկալման համաթվում հետ ենք գնում

Գլխավոր ինդեքսը կոռուպցիայի ընկալման ինդեքսն է։ Դա, ըստ էության, ոչ թե ինչ-որ օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված ինդեքս/համաթիվ է, այլ մարդկանց ընկալման վրա հիմնված։ Չի կարելի ասել, թե մենք այդ կոռուպցիայի դեմ պայքարում ինչ-որ զգալի առաջընթաց ունենք։ Անցած տարի 5 կետով հետ ենք գնացել, այս տարի 1 կետով առաջ են եկել։ Այդ համաթվի մեջ Հայաստանին վերաբերող կտորի մեջ ասվում է, որ օրենքներն ընդունված են, բայց իրագործումը դեռևս շատ հեռու է օրենքներից։

Տարբեր տեղերից տեղեկություններ էի ստանում, որ իմ անունն են ցանկանում լսել

Տեղեկություններ էի ստանում, որ մեղադրվող բոլոր մարդկանցից, հարցաքննվողներից ցանկանում են լսել միայն մեկ անուն՝ իմ անունը։ Միգուցե իրավապահ համակարգը մեծ անուններ հնչեցնելու կարիք ուներ, և դա էր պատճառը։ Իհարկե, նույնիսկ իմ՝ պաշտոնից ազատվելու օրը ես շատ քիչ հավանական էի համարում, որ իմ նկատմամբ մեղադրանք կառաջադրվի՝ պարզապես իմանալով այն, ինչ ես արել եմ։ Իսկ ես գիտեմ, որ իմ անբողջ աշխատանքի ընթացքում եղել եմ խիստ ազնիվ, բայց նաև համարձակ, որ կարողանանք որոշումներ կայացնել, ինչ-որ խնդիրներ լուծել։ Ես վստահ էի, որ դժվար է հորինել մեղադրանք մի մարդու նկատմամբ, որը եղել է ազնիվ և արդար։ Բայց այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ։ Եվ բնականաբար, մենք այսօր ապրում ենք այն միջավայրում կամ այն խնդիրների հետ, որոնք առաջացել են։

Առաջին արձագանքը տնային կալանքին

Առաջին արձագանքը խիստ հիասթափությունն էր․ միակ մոտիվացիան, ինչի համար գալիս ես աշխատանքի, լավ գործեր անելն է, և հետևաբար հետագայում այդ գործերի ազդեցությունը քո կյանքում համբավի տեսանկյունից ունենալը։ Եվ երբ քո արած աշխատանքը, որը շուկայականից շատ ցածր աշխատավարձով աշխատանք է, վերջում նման վերաբերմունքի է արժանանում, և այն փոքր բանը, որի հույսը կարող էիր ունենալ՝ քո երեխաներին, ընտանիքին մարդկանց կողմից բարի վերաբերմունք ապահովել, մի հարվածով ոչնչացվում է։ Հասկանում ես, որ այն փոքր բոնուսը, որ կարող էիր ունենալ, դա էլ չունես արդեն։ Բայց հիմա կարող եմ ասել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում շփվում եմ մարդկանց հետ և այնպիսի մեծ աջակցություն եմ տեսնում, որ նույնիսկ չէի էլ կարող նախարար եղած ժամանակ ակնկալել։

Տնային կալանքի սահմանափակումները

Սահմանափակումները որոշում է դատարանը։ Իմ դեպքում դա նշանակում էր, որ ես չեմ կարող շփվել որևէ մարդու հետ բացի մերձավոր ազգականներից։ Կարծում եմ, որ դա էլ է օրենսդրական խնդիր, որը պետք է լուծել։ Մենք պատրաստվում ենք դա լուծել՝ թեկուզ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Քրեական և քրեադատավարական օրենսգիրքը տնային կալանքը սահմանում է որպես միջավայր, որը սահմանափակում է շփումը որոշ շրջանակի մարդկանց հետ, մարդկանց, որոնք կարող են ազդեցություն ունենալ քննության վրա։ Իմ պարագայում տնային կալանքի ժամանակ արգելվում էր շփումը բոլորի հետ բացի մերձավոր ազգականներից և իրավապահ համակարգից։ Արգելված էր ցանկացած տեսակի բժշկական օգնություն, միայն վերջում մենք կարողացանք բժիշկների հետ որոշ հանդիպումների հասնել, ցանակացած այլ տիպի ծառայությունից օգտվել։

Կառավարությունում առկա ճշմարտությունները

Նախարարները շատ արագ են փոխվում, բայց նրանց ծրագրերը երկարաժամկետ են, այսինքն՝ եթե որևէ լուրջ բան ես ուզում երկրում փոխել, դա կարող է տևել երեքից տասը տարի։ Հետևաբար աշխատանքիդ իրական արդյունքը տեսնում ես երրորդ տարվանից հետո, օրինակ՝ վերջին երեք ամիսներին ինչ-որ բաներ տեղի ունեցան, որ ես էի սկսել նախարար դառնալուս ամենասկզբում։ Նախարարի պաշտոնում մնալու գլխավոր մոտիվացիան ի վերջո այդ արդյունքները տալն էր, արդյունքներ, որոնց համար ծառայում ես քո ժողովրդին։ Միշտ երբ առաջանում էր համկերպվելու դիլեման, հաղթել է այս մոտիվացիան, մոտեցումը, որ կարող եմ ավելի շատ բան տալ, քան եթե հիմա դուրս գամ։ Եվ դա միշտ գերակշռել է, չնայած հաճախ են եղել իրավիճակներ, երբ իմ տեսակետը կտրուկ տարբերվել է կայացված որոշումներից։

Գլխավոր խնդիրը եղել է այն, որ ես տեսել եմ՝ հնարավոր է անել անհամեմատ ավելի շատ բան, որ չի արվում։ Դա ես համարել եմ ռեսուրսների վատնում։ 2023-ի վերջին, երբ վարչապետը էկոնոմիկայի նախարարության հաշվետությունը լսելու եկավ, մենք ցույց տվեցինք հինգ ռիսկ, որ կարող են խանգարել մեր առաջիկա տարիների տնտեսական աճին՝

  • Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների լուծման մեխանիզմներ
  • Հանքարդյունաբերության անկում
  • ՏՏ ոլորտի անկում
  • Ներդրումային ծրագրերի իրականացում
  • Կառավարության մենեջմենթի կառուցվածք

Հիմա ես տեսնում եմ, որ այս հինգ խնդիրներն էլ իրականանում են։ Իմ կարծիքով՝ մենք շատ վատ ենք կառավարել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները, որովհետև թե՛ արտագաղթն է մեծ, թե՛ մարդկանց զբաղվածությունն է դեռևս շատ ցածր։ Այն տնտեսական օգուտները, որոնք կարող էինք ունենալ նրանց խնդրի ճիշտ լուծման պարագայում, մենք մշակել և տվել էինք կառավարությանը։ Բայց դա տեղի չի ունենում։

Մեկնաբանել