ՀԱՊԿ-ին շարունակ փող չտալը կարո՛ղ է հանգեցնել կազմակերպությունից հեռացման

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Հայաստանի հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ գնալով լարվում են։ 2024-ի մայիսին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցելու ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանական այլ պաշտոնյաններ կազմակերպությանը մեղադրում են անգործության մեջ, խոսում անդամակցության սառեցման մասին։

Ի՞նչ է նախատեսում ՀԱՊԿ կանոնադրությունը՝ ֆինանսավորումը դադարեցնելու դեպքում

Հայաստանը ՀԱՊԿ-ին միացել է 1992-ին։ Ներկայում անդամ-պետությունները վեցն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։ Նախկինում Վրաստանն ու Ադրբեջանը ևս կազմակերպության անդամ էին։

2024-ի մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ այս տարի չի մասնակցելու կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնեց, որ կազմակերպության բյուջեն պետք է ճշգրտվի՝ հաշվի առնելով Հայաստանի որոշումը։ ՌԴ ԱԳՆ-ն նաև նշեց, որ Երևանը նախկինում ևս ունեցել է բյուջեի վճարումների պարտքեր։ Ըստ նրանց՝ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման խնդիրները լուծվում էին պահուստների հաշվին, և «պարտապանը» հետագայում մարում էր պարտքը։

ՀԱՊԿ-ի կանոնադրության 24-րդ հոդվածում ասվում է, որ կազմակերպության բյուջեն չի կարող դեֆիցիտ ունենալ։ Բյուջեի նախագիծը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար մշակվում է քարտուղարության կողմից անդամ պետությունների հետ համաձայնությամբ։ Այն հաստատվում է խորհրդի կողմից:

Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել էինք, թե տարեկան որքան գումար է Հայաստանը վճարել ՀԱՊԿ-ին։ Նախարարությունից հստակ թվեր չեն հայտնել՝ նշելով միայն, որ ՀԱՊԿ յուրաքանչյուր տարվա բյուջեով սահմանվում են ՀԱՊԿ անդամ պետությունների մասնաբաժինները:

«ՌԴ-ն ֆինանսավորում է ՀԱՊԿ բյուջեով հաստատված ծախսերի 50 տոկոսը, իսկ ծախսերի մնացած մասը հավասարաչափ բաշխվում է ՀԱՊԿ անդամ հինգ պետությունների միջև՝ յուրաքանչյուրին 10 տոկոսի չափով»,- նշված է պատասխանում։

Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ-ում 2024-ին որոշված է եղել 53,2 մլն ռուբլու (մոտ՝ 235 մլն դրամ) չափով։

Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ եթե անդամ-պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, ապա խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը: Կանոնադրության դրույթների մեջ են մտնում նաև ֆինանսական պարտավորությունները։ Իսկ եթե ​​անդամ-պետությունը շարունակում է չկատարել այդ պարտավորությունները, խորհուրդը կարող է որոշում կայացնել նրան հեռացնել կազմակերպությունից: Եվ այդ որոշումը կարող է կայացնել առանց նրա ձայնը հաշվի առնելու։

ՀԱՊԿ-ը կարո՞ղ է զորք ուղարկել Հայաստան՝ երկրում կայունություն հաստատելու համար

Վերջին շրջանում Հայաստանում ընթացող ցույցերի և բախումների ֆոնին լուր էր շրջանառվում, թե ՀԱՊԿ-ը կարող է զորք ուղարկել Հայաստան՝ կայունություն հաստատելու համար։ Ընթերցողներից մեկը #CivilNetCheck-ին խնդրել էր ստուգել այս տեղեկությունը։

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում կազմակերպության ներսում ստեղծելու և գործի դնելու համակարգ՝ արձագանքելու ճգնաժամային իրավիճակներին, որոնք սպառնում են անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

ՀԱՊԿ-ի կայքում նաև նշվում է, որ ՀԱՊԿ զորքերը կարող են արձագանքել անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելուն ուղղված գործողություններում՝ ներառյալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառությունը և այլն։

Այսինքն, այս հոդվածներին հղում անելով, ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը տեսականորեն իսկապես կարող են գալ Հայաստան՝ երկրում կայունություն հաստատելու համար։ Նման որոշումները, սակայն, հեշտությամբ չեն կայացվում, կազմակերպության անդամ-պետությունները նիստ են հրավիրում, որի ժամանակ կազմակերպության Մշտական խորհուրդը կարող է նման որոշում կայացնել։

Առաջին դեպքը, երբ ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում կազմակերպության մասնակիցները կարգուկանոն հաստատելու գործողություն են իրականացրել, եղել է 2022-ի հունվարին։ Այդ ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումից հետո ՀԱՊԿ խաղաղապահ զորքերը ժամանեցին այդ երկիր՝ «ահաբեկչության վտանգը հաղթահարելու»:

Այսպիսով, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության խաղաղապահ զորքերը կարող են մտնել անդամ-երկիր՝ կայունություն ապահովելու համար։ Իսկ ՀԱՊԿ ֆինանսական պարտավորությունները շարունակաբար չկատարելը կարող է հանգեցնել անդամ պետության՝ կազմակերպությունից հեռացմանը։

Մեկնաբանել