Մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրեր՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև

Բրյուսելում այսօր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին և վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին. այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» գործակալությունից:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:

Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Հետընդունման համաձայնագրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը:

Տեղեկանք: ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ. փետրվարի 27-28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ձևավորվել էր հիշյալ երկու համաձայնագրերը հայկական կողմից բանակցելու համար պատասխանատու թիմ` Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի ղեկավարությամբ: 2012թ. ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի ունեցան բանակցությունների երկրորդ նիստերը: Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցան մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի բանակցությունների, իսկ հուլիսի 19-ին` հետընդունման համաձայնագրի բանակցությունների երրորդ նիստերը: Նախաստորագրմանը հաջորդելու է ընթացակարգային գործընթաց` համաձայնագրերի ստորագրման և վավերացման ուղղությամբ: Ուժի մեջ մտնելու համար համաձայնագրերը պետք է համապատասխանաբար վավերացվեն Հայաստանի Ազգային Ժողովի և Եվրոպական խորհրդարանի կողմից:

Մեկնաբանել