Անկեղծորեն շնորհակալ եմ բնապահպաններին. Ա.Հարությունյան

Մենք ուշիուշով ուսումնասիրում ենք որսագողության մասին լուրերը, և պետք է ասեմ՝ այս կամ անցյալ տարի չի եղել բեզոարյան այծի որսի թույլատրություն. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նման հայտարարություն արեց «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման տաղավարում: «Միայն գիտական նպատակներով է թույլատրվում նման որս,-հիշեցրեց նա,- բայց այդ նպատակով էլ նախարարության կողմից այս տարիներին չի թույլատրվել»:

Անդրադառնալով ռուսական կայքերին, որ բացեիբաց առաջարկում են Հայաստանում կազմակերպել «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որս՝ Արամ Հարությունյանն ասաց, որ նման գործունեության մասին իրենք տեղեկատվություն չեն ստացել, իսկ որսագողության դեպքերը, հատկապես՝ արգելոցի տարածքներում, նախատեսում են տուգանքներ: Նա հիշեցրեց, որ արգելոց մուտքն անգամ բնապահպանների համար կարելի է միայն նախարարության սահմանած կարգով տրված թույլատրությամբ և ուղեկցորդի առաջնորդությամբ: «Ցանկացած դեպքում մենք պիտի իրազեկված լինենք: Այստեղ այլ կերպ հնարավոր չէ: Մուտքը միշտ էլ եղել է թույլտվությամբ՝ ուղղակի նախկինում դա վճարովի ծառայություն էր, իսկ հիմա՝ անվճար»,- նշեց նա:

«Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի կառուցմանն անդրադառնալով՝ նա ասաց, որ ՀԷԿ-ի՝ բնապահպանական խնդիրների հանգեցնելու խնդրի՝ հասարակական հնչեղություն ստանալուց հետո իրենք որոշել են այն հետաքննելու համար հանձնաժողով կազմել, որ ուսումնասիրի, թե արդյոք թույլ են տրվել բնապահպանական խախտումներ: «Փոքր ՀԷԿ-երը մենք վերականգնվող ռեսուրս ենք համարում, և դա այդպես է, և պետք է հետևել, որ բնապահպանական վնասներ չհասցվեն: Եթե, օրինակ, ծառահատում է նախատեսվում, նախագծով հաստատվում է նաև, թե որտեղ և ինչքան ծառատնկման աշխատանքներ պիտի իրականացվեն, և դրանք ևս վերահսկվում են»,- ասաց Հարությունյանը:

Բնապահպանների քննադատությունը նախարարը համարում է առողջ քննադատություն: «Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր, իրոք, մտահոգված են բնության պահպանությամբ: Համագործակցում ենք նաև նրանց հետ, ովքեր մեր հրաժարականներն են պահանջում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ բնապահպան-ակտիվիստները պարբերաբար ահազանգում են մեծածավալ ապօրինի ծառահատումների, շահագործվող հանքերից և պոչամբարներից թունավոր արտահոսքերի, ինչպես նաև՝ որսագողության սարսափելի դեպքերի մասին: Խնդիրները սովորաբար լուծվում են ակտիվիստների երկարատև պայքարից հետո միայն:

Մեկնաբանել