Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն առաջին կիսամյակում կրճատվել է մոտ 80%-ով

ԱՄՆ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 4,3%-ը (այս տարվա 8 ամիսներին՝ $154 մլն) և օտարերկրյա ներդրումների 3%-ը (առաջին կիսամյակում՝ $7,8 մլն)։ Այս ֆոնին հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որն ուղղված էր արտաքին առևտրի ծավալների աճին և ներդրումների խթանմանը։

Նիստից հետո Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ ասուլիսին ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները։

«Մենք խոսել ենք այն ուղիների մասին, թե ինչպես կարող ենք մեծացնել ներդրումների ծավալը և որ ուղղություններում խորացնենք տնտեսական համագործակցությունը, ստեղծենք լրացուցիչ աշխատատեղեր»,– ասաց Ռուբինը։

Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը քննարկվում են ոչ միայն հանձնաժողովի նիստին, այլև պարբերաբար՝ աշխատանքային խմբերում, և դրանց լուծումները տրվում են հանձնաժողովի նիստերին՝ փոխըմբռնման հուշագրերում։

«Օրակարգի» հարցին, թե ինչով է պայմանավորված, որ թեև տարիներ շարունակ հայտարարվում է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման և ներդրումների ծավալների ավելացման մասին, գործընթացը դանդաղ է ընթանում, իսկ ամերիկյան ընկերությունները Հայաստանում խնդիրներ են ունենում, մասնավորապես՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգը» (Նյու Յորքի հարավային շրջանի դատարանն այս տարվա հուլիսին վճիռ է կայացրել Վարդան Այվազյանից (որպես ՍՀԱ ՍՊԸ-ի բաժնետեր) բռնագանձել $37,5 մլն՝ հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգի»), Ռուբինն ասաց. «Մենք նույն ցանկությունը ունենք, որ խթանենք երկու երկրների միջև արտաքին առևտրի ծավալների աճն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալների ավելացումը»։

Նրա խոսքով՝ այսպիսի հանդիպումները նպատակ չունեն քննարկելու առանձին դեպքեր կամ դրվագներ, քանի որ ուղղված են քննարկելու այն համակարգային խնդիրներն ու տալու դրանց լուծումները, որոնք ունակ են խթանելու օտարերկրյա ներդրումների ծավալը։ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Հայաստանի արտաքին առևտրի ծավալները, ներդրումները ավելանան ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս երկրների հետ նույնպես։

Անդրադառնալով Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալի կրճատմանը (ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մոտ 80%-ով՝ մինչև $7,8 մլն)՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ամերիկյան ներդրումների ծավալների կրճատում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ըստ ֆինանսների նախարարի՝ այսօր աշխարհում տեղի է ունենում կապիտալի արտահոսք դեպի ամերիկյան շուկա, քանի որ այն ավելի անվտանգ է համարվում։ Այդ իսկ պատճառով կրճատման միտումները պետք է դիտարկել գլոբալ կոնտեքստում։
Ըստ Էրիկ Ռուբինի՝ վերջին քսան տարիներին ամերիկյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում դրական միտում են ունեցել՝ բացառությամբ 2008թ., ինչը պայմանավորված է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով։

Պարտքի խնդիր չկա
Արդեն լրագրողների հետ առանձին ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի պետպարտքին, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ գալիք տարի լինելու է պարտքի սպասարկման պիկը, բայց որևէ խնդիր չկա, միջոցներն առկա են թե՛ արտաքին պահուստներում, թե՛ բյուջետային ծախսերում՝ առանց որևէ ծախսեր կրճատելու անհրաժեշտության։ «Ինչպես անցած տարիներին ենք սպասարկել ծախսերը, այնպես էլ սպասարկելու ենք մյուս տարի, և դա որևէ ազդեցություն ծախսերի վրա չի ունենա»,– ասաց նախարարը։

«Օրակարգի» հարցին, իսկ եթե չհաջողվի ներգրավել $479 մլն վարկային միջոցներ, ինչ քայլերի է գնալու կառավարությունը, նախարարը պատասխանեց. «Այդպիսի սցենար, որի դեպքում մենք չկարողանանք սպասարկել պարտքը, հնարավոր չէ»։

Այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ծրագրված էր արտաքին աղբյուրներից ներգրավել $509 մլն-ի վարկային միջոցներ և արտաքին պետական պարտքի գծի սպասարկմանն ուղղել $265,3 մլն ($193,7 մլն՝ հիմնական գումարի մարմանը, մոտ $71,6 մլն՝ տոկոսավճարներին)։ Ընթացիկ տարվա ինն ամիսներին $150 մլն ուղղվել է նախկինում ներգրավված պարտքի սպասարկմանը, մասնավորապես $114,8 մլն՝ մայր գումարների մարմանը։

2013թ. բյուջեի նախագծի ուղերձի համաձայն՝ գալիք տարի արտաքին պարտքի սպասարկմանը նախատեսվում է ուղղել $418,6  մլն, որից $354,2 մլն-ը՝ հիմնական գումարի մարմանը։

Մեկնաբանել